«Բարեկամություն» այգին՝ հանուն Գյումրու զարգացման

barekamoutyan-aygin-gyoumrou-zargacman-hamar

Գյումրիում այսօր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման նախագծի մեկնարկի արարողությունը։

Այգու վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրու զարգացման ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի միավորել և զարգացնել հայրաքաղաքի ենթակառուցվածքները, ինչպես նաև արտացոլել բարեկամության և երախտագիտության խորհուրդը: Բացի այդ, ինչպես իրենց ելույթներում նշեցին այգու բարերարները, այնկարևոր դեր կունենա վերակառուցվող Գյումրու կյանքում՝ դառնալով ոչ միայն տեղացիների, այլև Գյումրի այցելող զբոսաշրջիկների համար լավ ու հետաքրքիր վայր։ 

Նախքան այգու կառուցապատման աշխատանքների մեկնարկը, այս տարածքը լի է եղել տնակներով, որոնք ընթացքում ապամոնտաժվել են, իսկ տնակներում հաստատված ընտանիքներին բնակարաններ են հատկացվել գլխավորապես «Ազնավոր» հիմնադրամի կողմից: Իր ելութում մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլ Ազնավուրը, նշեց, որ իր ընտանիքի համար Գյումրին կարևոր վայր է եղել։

«1988թ-ի երկրաշարժից հետո ավելի քան 30 տարի հայրս մարդասիրական աշխատանքներում էր ներգրավված։ Չնայած այս տարիների ընթացքում շատ բան է արվել, բայց անելիքներ ևս շատ կան։ Այդ իսկ պատճառով «Ազնավոր» հիմնադրամը ոչ մի վայրկյան չի կասկածել իր ուժերը IDeA հիմնադրամի հետ միավորելու հարցում»,- նշեց կրտսեր Ազնավուրը՝ հավելելով, որ այս զբոսայգին շուտով զբոսաշրջության համար ժամանակակից վայր կդառնա և կբարելավի գյումրեցիների կյանքը։ 

Ելույթներ ունեցան նաև Շիրակի մարզպետ Տիգրան Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ովքեր շնորհակալություն հայտնեցին բարերարներին՝ Գյումրուն նոր ու գեղեցիկ զբոսայգի նվիրելու համար: 


Լրահոս

Նմանատիպ նորություններ