Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Բերդաքաղաք Ալեքսանդրապոլը (լուսանկարներ)

berdaqaxaq-aleqsandrapole-lousankarner

Հայտնի է, որ Գյումրին  սահմանակից է Թուրքիային և ունի պաշտպանական լուրջ նշանակություն: Պատմական քաղաքի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ժամանակին բերդաքաղաք է եղել, և այսօր էլ քաղաքում պահպանված են պատմական ամրոցները` Սև, Կարմիր ու Պայտաձև բերդերը:

Այս երեքից առավել հայտնի է Սև բերդը, որն ի սկզբանե կոչվել է Ալենքսանդրապոլի բերդ: Ամրոցների կառուցման անհրաժեշտության, հնարավոր թաքստոցների և ուրիշ բացահայտումների հետքերով է գնացել ՀԱՅ ՁԱՅՆ-ը:

1834 թ. կառուցված Ալեքսանդրապոլի ամրոցը ռազմական, ճարտարապետական շինությունների համալիր է։ Կենտրոնական մասում «Ալեքսանդրապոլ» ամրոցն է՝ 3 դարպասներով, կենտրոնում՝ Սուրբ Ալեքսանդրիա եկեղեցու հատակագիծն է և Ալեքսանդրապոլի ընդհանուր պաշտպանական համալիր հանդիսացող հարավային և հյուսիսային բերդերը։ Հյուսիսային կողմում Կարմիր բերդն է, հարավայինում` Պայտաձևը:  

 

 

 

Կենտրոնական բերդն ունեցել է իր պարսպային մասերը անձրևներից պաշտպանող յուրահատուկ ջրահեռացման համակարգ։ Բերդի պաշտպանական համակարգի մեջ մտնում են փոքր բետոնյա ամրություններ, որոնք գնդացրային կետեր են, որոնք  սկսվում են դրա շուրջ մեծ ու լայն փորված փորվածքով։ Միջնաբերդն ավելի բարձրադիր է և գտնվում է շինության կենտրոնում։ Միջնաբերդի պատերի վրա կան նեղ և բարձր բացվածքներ, որտեղից կարելի է հրացանային կրակ բացել հակառակորդի վրա։

ՀԱՅ ՁԱՅՆ-ի ընթերցողին կթվա, թե այս ամենը վաղուց պատմության փոշու տակ է, և դժվար թե այսօր կանգուն լինեն ամրոցները: Սակայն, պետք է փաստենք, որ պաշտպանական լուրջ նշանակությամբ այս ամրոցները, հիմա արդեն` պատմամշակութային համալիրները տուրիստական հիմնական կանգառներ դառնալու հավակնություններ ունեն:

Պատմաբան  Արտակ Հովհաննիսյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նկատում է, որ   Ալեքսանդրապոլի բերդի կառուցման ժամանակահատվածում տարածաշրջանում որևէ բերդաքաղաք չի եղել: ‹‹Ռուս-պարսկական պատերազմից, Երևանի բերդը նվաճելուց հետո արդեն կարիք կար դեպի Թուրքիա  հատուկ ռազմական ամրություն ունենալ, քանի որ այդ ժամանակ Կարսն էլ դեռևս ռուսների տիրապետության տակ չէր, ուստի կառուցվեց բերդը, որի ավարտը նշվում է 1836թ: Համարվում է տվյալ ժամանակաշրջանի գլուխգործոց և բացառիկ նշանակություն է ունեցել որպես ռուս-թուրքական սահմանին կարևոր ռազմավարական հենակետ և մյուս ամրություններն էլ` Կարմիր ու Պայտաձև բերդերն էլ եղել են մինչև բերդ հասնելը պաշտպանական կառույցներ: Հետագայում նաև ամբողջ քաղաքն է կոչվել Ալեքսանդրապոլ, քաղաքի կյանքի զարգացումն էլ ակնհայտ է դառնում: 19-րդ դարի առաջին և երկրորդ կեսերի  պատկերացումներն էականորեն իրարից տարբերվում են` 19-րդ դարի 2-րդ կեսին լուրջ քաղաք է՝ լուսավորված փողոցներով, կրպակներով, շենքերով, ինչ մինչ այդ` նկարագրվում է ծուռումուռ, ցեխոտ փողոցներով››:

Ֆրանսիական բերդերի օրինակով էլ նկատելի է, որ որևէ բերդ մեկ եզակի կառույց չի լինում, այն պարտադիր  հարակից կառույցների շղթա պետք է ունենա: ‹‹Սև բերդը գաղտնի ուղիներով կապված է եղել և՛ Մայր Հայաստանի տարածքի, և՛ մյուս ամրոցների հետ: Ցանկացած լուրջ բերդ ենթադրում է նաև շղթա, որը պետք  է ինչ-որ տեղ իր վրա վերցնի թշնամու հարվածից որևէ մաս և հնարավորություն տա  հիմնական բերդին ռեսուրսները տարրալուծել մյուս բերդերի վրա: Եթե մի պահ ռազմաճակատ պատկերացնենք, բերդերի շղթայի գործունեությունը շատ ակնհայտ կդառնա: Այս դեպքում հասկանում ենք՝ ինչպես է գործում: Սա բնորոշ է նաև միջնադարյան բերդերին››,-մանրամասնում է Հովհաննիսյանը:

 

 

Այն, որ տարածաշրջանում բերդաքաղաքի առկայությունը բացառիկ կարգավիճակ ունի, փաստում է նաև մեր զրուցակիցը: Սա ևս պետք է Գյումրու այցեքարտերից մեկը լինի, քանի որ իրապես պատմական, մշակութային ու ճարտարապետական լուրջ արժեքների մասին է խոսքը: Հիմա Կարմիր բերդը 102-րդ ռազմաբազայի տարածքում է, իսկ Պայտաձև ամրոցը հնարավորություններ ունի հյուրեր ընդունելու, երեքից ամենաբարենպաստ պայմաններում է Սև բերդը, որը վերջին տարիներին մասնավորեցվել է: Սեփականատերն այն դարձրել է փառատոների կենտրոն, որտեղ պարբերաբար մշակութային և այլ բնույթի միջոցառումներ են կազմակերպվում: Բերդը երբեմն ծառայում է որպես պատմական ֆիլմերի նկարահանման վայր: Սև բերդը գյումրեցիները շատ հաճախ Սև ղուլ են ասում, ղուլ  թուրքերեն աշտարակ է նշանակում:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ