ԲՀԿ- «Իմ քայլը» մենամարտը սկսվեց․ «Ժողովուրդ»

am
bhk--im-qayle-menamarte-sksvec-joxovourd

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԲՀԿ-ն, ի վերջո, խախտեց տեւական լռությունն ու երկարատեւ ներքին քննարկումից հետո երեկ հայտարարեց` չեն մասնակցի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը վերաբերող հարցի քվեարկությանը ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ վերջին շրջանում Փաշինյան- Ծառուկյան բազմաթիվ հանդիպումներ են եղել:

Ու ինչպես երեւում է, այս հարցում ընդհանուր հայտարարի հնարավոր չի եղել գալ, ու երեկվանից սկսվեց ԲՀԿ- «Իմ քայլը» բուն մենամարտը: Ծառուկյանը հայտարարեց, թե այդ նախագծի հիմքերը թույլ են: ԲՀԿ-ականներն ըստ էության համարում են, որ այս օրինագիծը իրավական առումով կաղում է, մերկ է: «Իմ քայլից» էլ հակադարձում են, թե իրական ընդդիմությունը պետք է կանգներ Հրայր Թովմասյանին գահընկեց անելու նախագծի կողմը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլից» ասել են, թե վստահ են, որ ԲՀԿ-ից կլինեն պատգամավորներ, որոնք կմասնակցեն եւ կողմ կքվեարկեն: Մեր տեղեկություններով` իշխող թիմում շատ վատ են ընդունել ԲՀԿ-ի այս կեցվածքը եւ որոշել են անխնա քննադատել ընդդիմադիր այս թեւին: Իշխանական խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե անընդունելի է, որ գլոբալ առումով պետության համար այսպիսի կարեւորության հարցի քվերակությանը որեւէ քաղաքական ուժ չմասնակցի կամ ձեռնպահ լինի:

Երկրորդ քաղաքական ուժի այս կեցվածքը պատգամավոր Փաշինյանը չի ընդունում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին կատարվածը հիշեցնելով` սա համարում է ԲՀԿ-ի «սիմվոլիկ որոշումը սիմվոլիկ օրով»: Հիշեցնենք` անցած տարի նույն օրը ԲՀԿ-ն միացավ ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին եւ կողմ քվեարկեց փաշինյանական թեւից մերժվող մի օրինագծի, որը խոչընդոտելու էր վարչապետի հրաժարականի միջոցով ԱԺ արտահերթ ընտրության գնալու մեխանիզմը:

Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը եղավ այն, որ նրա կոչով քաղաքացիները «պաշարեցին» ԱԺ շենքը, ի վերջո դրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ