Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Բնազդաբար միշտ ընտրել եմ այն գիրքը, որը վճռական նշանակություն է ունեցել իմ կյանքում. Արա Խզմալյան

bnazdabar-mist-entrel-em-ayn-girqe--ore-vjrakan-nsanakoutyoun-e-ounecel-im-kyanqoum-ara-xzmalyan

ՀԱՅ ՁԱՅՆ-ը շարունակում է ԳՐԱՍԵՐ խորագրով հարցազրույցների շարքը: Այս անգամ զրուցել ենք արվեստագիտության թեկնածու, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադիր գործադիր տնօրեն ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ:

-Հասցնո՞ւմ եք ամեն օր կարդալ: Ի՞նչ գրականություն եք ընթերցում:

-Բնականաբար, կարդում եմ ամեն օր, և մեծամասամբ՝ մասնագիտական գրականություն: Ես ունեմ փայլուն մասնագիտական գրադարան, աշխարհի տարբեր ծայրերից եմ հավաքել գրքերը, որոնց մեծ մասը, վստահաբար կարող եմ ասել, Հայաստանում քչերը ունեն: Կարդում եմ և՛ թատերագիտական, և՛ էսթետիկական, և՛ փիլիսոփայական, և՛ հոգեբանական գրականություն:

Ընթերցածս վերջին գեղարվեստական գիրքը, որը շատ ուժեղ տպավորություն է գործել և նաև որպես թարգմանական աշխատանք, Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձն» է, որի թարգմանիչը Զավեն Բոյաջյանն է: Թեպետ այդ աշխատության մեջ քիչ չեն ոչ նորմատիվային տեսարանները և բառապաշարը, սակայն Զավեն Բոյաջյանը ձևավորել է յուրահատուկ լեզվական մշակույթ՝ իր թարգմանությամբ:

-Որո՞նք են Ձեր սեղանի գրքերը:

-Ուսանողական տարիներին մշտապես իմ գրասեղանին էր Պետրոս Բեդիրյանի «Հայ լեզուն և մեր խոսքը» գիրքը: Խորհուրդ կտամ բոլորին ծանոթանալ այդ գրքին, որովհետև առանց քերականական բարդությունների մեջ մտնելու լեզուդ մաքրում է, ազատում օտարաբանություններից:

Ժամանակին իմ սեղանի գրքերից էր նաև Մոնտեյնի աշխտությունները, որովհետև այն հումորը, որով նա մոտենում է մարդկանց գլոբալ խնդիրներին, անզուգական է, և, իհարկե, օգնում է շատ ավելի հեշտ ապրել:

-Գիրք կամ գրական հերոս, որ Ձեզ ամենաշատն է տպավորել:

-Ամենախորը ազդեցությունը ժամանակին ինձ վրա թողել է Մարսել Պրուստը «Կորուսյալ ժամանակի փնտրտուքներում» շարքով: Գեղարվեստական գրականությունից կառանձնացնեմ Կաֆկայի «Դղյակը»: Կաֆկան, ըստ իս, ամենակենսունակ գրողներից է այսօր: Չես հասկանում՝ նա աբսուրդի՞ հեղինակ է, թե՞ ռեալիստ: Կաֆկայի մեջ այդ երկու ծայրահեղություններն էլ կան՝ աբսուրդի հասնող ռեալիզմը և ռեալիզմի հասնող աբսուրդը:

-Ո՞վ է հայ գրականության գագաթը:

-Հայ գրականության գագաթը, թերևս, մնում է Չարենցը: Բայց համոզված եմ, որ կան շատ գործեր մեր հայտնի գրողներից, որ դուրս են մնում բանաստեղծական ճաշակից և բանաստեղծական քննարկումներից: Օրինակ, մենք խոսում ենք Նաիրի Զարյանի մասին և հիշում ենք միայն Ստալինին նվիրված բանաստեղծությունը, բայց նա բազմաթիվ չքնաղ ստեղծագործություններ ունի: Կամ երբ Շիրազ ենք ասում, հասկանում ենք մորը կամ ցեղասպանությանը նվիրված իր շարքերը, բայց Շիրազն այնպիսի պանթեիստական (բնապաշտական) դրսևորումներ ունի, որ պարզապես հիացնում են:

Իսկ հոգուս զրուցակիցը մնում է Հովհաննես Թումանյանը, ոչ այնքան իր արձակով, չնայած նրա արձակը բարձրագույն դրսևորում է, որքան իր քառյակներով: Թումանյանն այնտեղ առավելագույնս է դրսևորվել:

-Ժամանակակից հայ գրող, ում կարդացել եք կամ ով հետաքրքիր է ձեզ համար:

-Պետք է ամոթով ասեմ, որ ժամանակակից հայ գրականությանը քաջագիտակ չեմ:

-Կա՞ գիրք, որ պարտադիր բոլորը պետք է կարդան:

-Իմ կյանքում մի զարմանալի զուգադիպությամբ ես միշտ ընթերցել եմ այն գրքերը, որոնք այդ ժամանակ իմ հոգեկան մղումների, մտքի համար անհրաժեշտ էին: Բնազդաբար միշտ ընտրել եմ այն գիրքը, որը վճռական նշանակություն է ունեցել իմ աշխարհայացքի ձևավորման մեջ: Ասել, թե ինչ պետք է կարդալ պարտադիր, կդժվարանամ: Միայն կասեմ՝ պարտադիր պետք է կարդալ, և ամեն մարդ ինքը պետք է որոշի իր պարտադիր գրականությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ