ԲՈԿ-ի անհասկանալի  վերապահումը

bok-i-anhaskanali-verapahoume

Բարձրագույն որակավորման կոմիտեն օրերս հրապարակեց կառույցի կողմից ընդունելի հանդեսների և պարբերականների ցանկը, որը զգալիորեն տարբերվում է նախորդ տարիներին ներկայացվող ցանկից:

Գիտական հանդեսների և պարբերականների վերոնշյալ ցանկը, որտեղ լույս տեսած ուսումնասիրությունները կարող են գիտական համարվել, 2 բաժնից են բաղկացած՝ բնագիտական և հասարակագիտական:

ԲՈԿ-ի կողմից երաշխավորված հանդեսներն ընդհանուր առմամբ 26-ն են: Սակայն ներկայացված են նաև մի շարք կարևոր հանդեսներ ու պարբերականներ, որոնք ԲՈԿ-ի կողմից վերապահումներով են ընդունվում (թե ի՞նչ է նշանակում վերապահումող ընդունվող հանդես կամ ի՞նչ վերապահումների մասին է խոսքը, դեռևս անհայտ է):

Ստացվում է, որ ԲՈԿ-ը վերապահումով է ընդունում այնպիսի հանդեսները, ինչպիսիք են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» հանդեսը, Նորավանք գիտակրթական հիմնադրամի «21-րդ դար» հանդեսը, «Ցեղասպանագիտական հանդեսը», «Բանբեր Մատենադարանի», «Բանբեր Երևանի համալսարանի», «Բանբեր հայագիտության» և այլ հայտնի հանդեսները: Սրանք երկար տարիներ հնարավորություն են ընձեռել գիտությամբ զբաղվող նվիրյալներին հրատարակելու և հանրությանը ներկայացնելու իրենց աշխատանքները:

Մինչդեռ, այսուհետ, վերապահումով են ընդունվելու նաև ոլորտային կարևորություն ունեցող հանդեսները՝ «Ճարտարապետության և շինարարության ՀԱՀ տեղեկագիր», «Բժշկություն. գիտություն և կրթություն», «Սահմանադրական արդարադատություն», «Պետություն և իրավունք», «Երաժշտական Հայաստան»…:

Իսկ մանկավարժության, հոգեբանության, հատուկ մանկավարժության, մասնավոր մեթոդիկաների ոլորտներն առհասարակ դուրս են մնացել հանդեսների ու պարբերականների նոր ցանկից: Հարց է առաջանում. որտե՞ղ են հրապարակվելու նշված ոլորտը ներկայացնող մասնագետների, ասպիրանտների, հայցորդների գիտական աշխատանքները, ինչպե՞ս են միջազգային հարթակներում ներկայացվելու մեր հայրենակիցների՝ տվյալ գիտական ոլորտում արած բացահայտումներն ու ուսումնասիրությունները:

Հուսանք, որ կատարված փոփոխությունները բացասական ազդեցություն չեն ունենա գիտության հետագա զարգացման վրա, այլ կնպաստեն ոլորտում եղած բացերն ու որոշակի թերությունները սրբագրելուն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ