Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ է անցկացվել

am
bouxaresti-srboc-hrestakapetac-mayr-tajaroum-komitasi-150-amyakin-nvirvac-hamerg-e-anckacvel

Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ: Այն կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց միության և Ռումանիոյ Հայոց թեմի կողմից՝ «Հայկական փողոց» եռօրյա փառատոնի շրջանակներում երկու կառույցների համագործակցության շնորհիվ:

Ինչպես տեղեկացրին Ռումանիոյ Հայոց թեմի մամլո դիվանից, համերգը սկսվեց Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի օրհնությամբ։ Խոսքով հանդես եկավ ռումինահայ նշանավոր գրող, հրապարակախոս, թարգմանիչ, խմբագիր,բազում գրքերի և հոդվածների հեղինակ Սերջու Սելյանը, ով հատուկ ժամանել էր հեռավոր Ավստրալիայից՝ փառատոնին մասնակցելու համար։

Անզուգական կատարումներով հանդես եկավ սոպրանո Արմինե Խաչատրյանը՝ նվագակցությամբ Կարմեն Ասադուրյանի: Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի նշանավոր ու հանրահայտ հոգևոր ու ազգային ստեղծագործությունները՝ Տերունական աղոթք, Սիրտ իմ սասանի, Հրեշտակային, Տեր ողորմեա,Գարուն ա, Կռունկ, Անտունի, Հով արեք, Կանչէ կռունկ, Քելե-քելե, Քելե ցոլեր, Սարերի վրով,Չինար ես, Ծիրանի ծառ, Հայաստան։ Յուրաքանչյուր կատարումից առաջ Ռումանիոյ Հայոց թեմի ՀԵՀԵՄ-ի պատասխանատու Հրանտ Ջաղինյանը նախապես ներկայացնում էր կատարվող երգի համառոտ բովանդակությունը՝ հատկապես օտարազգի հանդիսատեսին առավել ընկալելի և հասանելի դարձնելու համար ստեղծագործությունների իմաստը։

Համերգից անմիջապես հետո Տաճարի բակում տեղի ունեցավ Կոմիտասին նվիրված երկու գրքերի ռումիներեն թարգմանությունների շնորհանդեսը։ Ռիտա Սուլահյան Կույումջյանի«Խելագարության ակունքներում։ Կոմիտաս․ հայ կուռքի դիմանկարը» և Վարդան Վարդանյանի«Հավերժ ճամփորդ» աշխատությունները ռումիներեն է թարգմանել Սերջու Սելյանը,հրատարակության են պատրաստել Սիրուն Թերզյանը և Միհայ Կազազյանը՝ Ռումինահայոց միության Բուխարեստի «Արարատ» հրատարակչությունում՝ նախագահությամբ միության նախագահ Վարուժան Ոսկանյանի։ Շնորհանդեսի ավարտին գրքերը, ստորագրությամբ Սերջու Սելյանի, բաժանվեցին բոլոր ներկաներին՝ նպատակ ունենալով տարածել և ճանաչելի դարձնել մեծն Կոմիտասին և իր կատարած տիտանական աշխատանքը։

Լրահոս

Նմանատիպ նորություններ