Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

C- 400-ը կտեղաբաշխվի Ադրբեջանու՞մ

c--400-e-ktexabasxvi-adrbejanoum

Թուրքական աղբյուրներին հղում անելով՝ ադրբեջանական մամուլը շոշափում է C-400 համակարգի տեղաբաշխման թեման: Մոտեցում է շրջանառվում, որ Թուրքիան փորձում է այդ հարցում գտնել այնպիսի տարբերակ, որը չի վտանգի թուրք-ամերիկյան հարաբերություններին: Խնդիրն, ինչպես հայտնի է, բավական սուր քննարկումների տեղիք է տվել, և լարվածությունը, ինչպես իրազեկ փորձագետներն են ասում, չի հաջողվել հաղթահարել  Թրամփ-Էրդողան՝ G-20 վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների միջոցով: Ամերիկյան կողմը շարունակում է պնդել, որ ռուսական ՀՕՊ նորագույն համակարգերի տեղադրումը Թուրքիայում սպառնալիք է ՆԱՏՕ-ի օդուժի համար այն իմաստով, որ դրանք կարող են բացահայտել ամերիկյան ռազմական ինքնաթիռների կառավարման համակարգի կոդերը:

Թուրքիան, սակայն, վճռական է C-400 համակարգերը ձեռք բերելու հարցում: Համարվում է, որ գործարքն արդեն իրականություն է: Եկող շաբաթ ՀՕՊ համակարգի առաջին դիվիզիոնն արդեն կհասցվի Թուրքիա՝ օդային ճանապարհով: Ներկայումս քննարկվում է դրանց տեղաբաշխման հարցը: Թուրքական իշխանությունները դեռևս վերջնական որոշում չեն ընդունել: Աղբյուրները հայտնում են, որ առաջին դիվիզիոնն ամենայն հավանականությամբ կտեղաբաշխվի մայրաքաղաք Անկարայի մերձակայքում: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Թուրքիան մտադիր է ռուսական գերարդիական ՀՕՊ համակարգերը տեղաբաշխել միջերկրականի առափնյակում, որպեսզի պաշտպանի Կիպրոսի մոտ նավթի և գազի որոնման իր ծրագիրը չնախատեսված իրավիճակներից: Հունաստանն, ինչպես հայտնի է, Թուրքիային սպառնացել է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, եթե Կիպրոսի հետ առկա հակասությունները չհաջողվի հարթել դիվանագիտական ուղիներով:

Ադրբեջանական մամուլին, այդուհանդերձ, տեղեկություններ են հասել, որ ամերիկյան կողմի հետ հետագա լարվածություններից խուսափելու համար Թուրքիան կարող է C-400 համակարգերը տեղաբաշխել իր տարածքից դուրս: Քննարկվում է Քաթարի և Ադրբեջանի տարբերակը: Խոսքը, հավանաբար, վերաբերում է Նախիջևանին, որտեղ թուրքական ռազմահենակայան ստեղծելու մասին խոսակցությունները վերջին շրջանում բավական ինտենսիվ են դարձել: Անցյալ ամիս Նախիջևանում տեղի ունեցան թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, որոնց ներգրավված էին նաև ռազմաօդային ուժեր և ՀՕՊ համակարգեր: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ադրբեջանի ռազմական օդանավակայաններից մեկում Թուրքիային «տեխնիկական տարածք» է տրամադրվել:

Ուշագրավ է նաև, որ C-400 ՀՕՊ համակարգերի շահագործմանը նախապատրաստվող թուրք ռազմական մասնագետները Ռուսաստան մեկնելուց առաջ ավելի քան երկու ամիս անցկացրել են Ադրբեջանում՝ ուսումնասիրելով այնտեղ տեղաբաշխված C-300 ՀՕՊ կայանքները: Մամուլում նույնիսկ տեղեկություն կար, որ այդ կայանքները գործնականում կարող են դառնալ C-400 համակարգի հրթիռների արձակման հարթակ: Այսինքն, տեսականորեն չի բացառվում, որ ձեռք բերելով C-400 կայանքներն ու մարտական հրթիռները, Թուրքիան հետագայում դրանք կարող է տրամադրել Ադրբեջանին: Այդ դեպքում ադրբեջանական հակաօդային պաշտպանությունն ունակ կլինի հակազդել «Իսկանդեր» համակարգին, որն առկա է հայկական զինանոցում: Քննարկվել է, արդյո՞ք, ռուսական կողմի հետ C-400 համակարգի տեղաբաշխման հարցը: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը տվե՞լ է համաձայնություն, որպեսզի Թուրքիան Ադրբեջանի հետ կիսվի նորագույն ՀՕՊ համակարգի տեխնիկական պարամետրերով: Սա շատ սկզբունքային հարց է: Ամենևին էլ բացառված չէ, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի գործարքը կատարված լինի Ադրբեջանի մասնակցությամբ:

Ինչպես հայտնի է, սպառազինության առքուվաճառքի պայմանագրի մաս  է կազմում պետական վարկը: Թուրքիան կանխիկ վճարել է արժեքի կեսը: Հնարավո՞ր է, որ մյուս կեսի պարտավորությունը վերցրած լինի Ադրբեջանը՝ պայմանով, որ դիվիզիոններից մեկը տեղաբաշխվելու է Նախիջևանում: Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանը, ցավոք, գտնվում է միայն ենթադրությունների հարթությունում: Իրականը թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն է, որի դեմ, որքան էլ արտառոց հնչի, Ռուսաստանը նույնիսկ տեղեկատվական մակարդակում ոչինչ չի ձեռնարկում: Չնայած որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և թուրք-ադրբեջանական ռազմական ինտեգրացիան փաստացի նշանակում է Ադրբեջան-ՆԱՏՕ միջարկված համագործակցություն:

Ըստ երևույթին, կողմերի միջև կա պայմանավորվածություն, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այն տեղի է ունենում ռուսական կողմի աչալուրջ վերահսկողության պայմաններում: Եթե ռուսական C-400 ՀՕՊ համակարգի մեկ դիվիզիոն տեղաբաշխվի Նախիջևանում, ապա ռուս-թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական գործարքի հավանականությունը կտրուկ կմեծանա՝ դրանից ենթադրվող տարածաշրջանային զարգացումներով հանդերձ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ