Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» տաղի բառը. Թադևոս Տոնոյան

am
carenci-es-im-anous-hayastani-taxi-bare-tadeos-tonoyan

Հայերենի համատեքստը, կարևորելով խոսքը, պատկառելի հիմքեր է ստեղծել խոսքը կերպարայնացնելու, խորհրդանշայնացնելու համար: Հայոց լեզուն որպես մայրենի կրողները պաշտամունքային վերաբերմունք ունեն առ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» տեքստը, ըստ որի` Հայաստանի առաջին բնութագրականը բառն է։ Այսինքն՝ բառը Հայաստանի բանալին է։ Բառի (լեզվի) նկատմամբ չարենցյան այս վերաբերմունքը հայերենի լեզվամտածողականարժեհամակարգային հիմնական իրողություններից մեկն է, և, իհարկե, դժվար է պնդել, թե Հայաստանը ներկայացնող թերևս ամենալարված այս տեքստը պարզապես զգացմունքային զեղում է։ Հինգերորդ դարից սկսած` հայերենի տեսքտը խոսքային երևույթներին վերաբերող անունները (գըրիկ, թղթիկ, բան, հնչմունք, բարբառ, ձայն, երգ և այլն) դարձնում է գեղարվեստական ստեղծագործության «գործող անձ», կերպար, խորհրդանիշ և այլն։ Մեր ասածը կարելի է փաստել Խորենացու (5-րդ դար), Սահակ Պարթևի (5-րդ դար), Կոմիտաս կաթողիկոսի (6-7-րդ դարեր), Դավթակ Քերթողի (7-րդ դար), Սահակդուխտ Սյունեցու (8-րդ դար), Նարեկացու (10-րդ դար) և այլոց ստեղծած տեքստերի օրինակներով:

Խոսքը հայերենում ոչ միայն ներտեքստային արժևորումների է հասնում, այլև հայ մարդու կենցաղում զբաղեցնում է կարևոր դիրք: Հովհաննես Երզնկացու (13-րդ դար) տեքստը խոսքին բուժիչ հատկություն է վերագրում, իսկ Կոստանդին Երզնկացին (13- 14-րդ դդ.) խոսքը ընդհանրապես պարգև է համարում: Քաղաքակրթական հիշողությունը հակված չէ մտապահելու և արժևորելու այն տեքստը, որի խարիսխը բացասականությունն է` չարը, նախանձը, սուտը և այլն: Նման տեքստերը զրկված են բառը, տեքստը կերպարայնացնելու-խորհրդանշայնացնելու ներուժից և դատապարտված են մոռացության, ինչն էլ պատճառ է դառնում, որ դրանք կրողներն էլ դատապարտվեն մահվան: Տեքստի մահը այն կրողի մահն է, քանի որ տեքստն է մշակույթի հեծանը: Կա տեքստ` կա քաղաքակրթություն, չկա տեքստ` չկա քաղաքակրթություն:

Բարոյականությամբ քաղաքակրթական հիշողությանն առնչվող տեքստերն են, որ ապրում և ապրեցնում են իրենց կրողներին և ի զորու են դառնում կերպարայնացնելուխորհրդանշայնացնելու բառը, անգամ տեքստը։ Դրանց կրողները չեն մեռնում, եթե նույնիսկ ֆիզիկապես մեռած են։ Սասունցի Դավիթը չի մեռնում, որովհետև ժողովուրդը հիշում, կրկնում է նրա տեքստը, որը էպոսի խորհրդանշայնացրած տեքստերից է՝ «Ով քընած եք, արթուն կացեք»։ Այս խոսքի կենդանությամբ Դավիթը շաղկապված է քաղաքակրթական հիշողությանը։ Նրա տեքստը հայերենի լեզվամտածողական համակարգում ակտիվ գործող խորհրդանիշ է: Նմանապես խորհրդանշայնանում է Թումանյանի տեքստային բանաձևումը՝ «Ես լավության խոսքն եմ ասում…»1 : Ուրեմն՝ մեր համոզմամբ՝ տեքստը ոչ միայն այն խարիսխն է, որի վրա է ստեղծվում քաղաքակրթական գոյության արժեհամակարգը, այլև հենց ինքն է քաղաքակրթական անխուսափելի արժեք և հենց ինքն էլ ընդունակ է իր խարսխի վրա դառնալու գործող կերպար, խորհրդանիշ։ Դժվար է որոշել այն սահմանները, որոնք եզրագծում են խոսքի նպատակն ընդհանրապես: Բայց խոսքի նպատակներից մեկն էլ ինքնավերարտադրումն է: Այս առումով` տեքստի նպատակը նաև հենց տեքստն ինքն է։ Յուրաքանչյուր հեղինակային-անհատական տեքստ փորձում է մոտենալ մարդկության (հանրության) քաղաքակրթական համատեքստին: Նման տեքստը վեր է մեկ անձից, մեկ ազգից, ուղղված է ողջ մարդկությանն ու աշխարհին և լսելի է ողջ մարդկության ու աշխարհի մեջ. Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ, Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին…2 ։ Խոսքի մեջ շեշտելով խոսքասացությունը (Թումանյան` «Ես լավության խոսքն եմ ասում…», «Խորհում ես դու էն մեծ խոսքը» և այլն)՝ հայ բանաստեղծության տեքստը վերահաստատում է բանաստեղծություն-արարչագործությունը որպես քաղաքակրթականության կենսականորեն կարևոր, գուցե և կարևորագույն ջանք։ Բառ բառը որպես խոսքի միավոր ու ինքնին խոսք հայտնվում է նաև Եղիշե Չարենցի ստեղծագործության կիզակետում՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության առաջին տողում՝

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում։

Անսպասելի ու, ավելին, անհավատալի, անբնական է, որ սիրո զգացմունքը կարող է դրսևորվել բառի նկատմամբ: Սակայն հայերենի լեզվամտածողական համակարգում այս սկիզբը, եթե ուշադիր լինենք, պարզվում է` իր նախադեպերն ունի. Սայաթ Նովա` «Ա՛րի, բլբուլ, խո՛սի բառըն» , «Քիզ իդ բաս ո՞վ կարա բըռնի՝ հազար բաբաթ բառ իս ասում» տողերը և այլն։

Պատահականությու՞ն է, որ Չարենցը բառ-ը շեշտում է ամեն ինչից առաջ: Չարենցյան այս տեքստի շարունակությունից տրամաբանվում է, որ հայրենիքի նկատմամբ բանաստեղծի սիրո կիզակետում բառ-ը չպետք է լիներ, քանի որ հաջորդող տողերում հեղինակի «սիրո թիրախները» (սազի լարը, ծաղիկները, վարդերի բույրը, երկինքը, ջրերը, լիճը, արևը, բուքը, պատերը, քարը) ավելի քան տեսանելի, շոշափելի, առարկայական ու նյութական են, քան բառ վերացական հասկացությունը։ Հիշյալ բառաշարքից թերևս միայն «հեզաճկուն պարն» է, որ առարկայական չէ, բայց, այնուամենայնիվ, տեսանելի է: Բառ-ը և դրա արևահամ մակդիրը անտեսանելիվերացական են: Անհնար է շոշափել բառը, դժվար է տարորոշել արևի համը։ Չարենցյան տաղի հենց առաջին տողում հայտնված բառ-ը, առաջին հայացքից չի ներդաշնակվում սիրել բայի մյուս ուղիղ խնդիր լրացումների հետ: Սակայն այդ պատկերացումը կարող է ստեղծվել ոչ խորքային ներտեքստային տրամաբանության հետևանքով: Նույն տրամաբանությամբ մեզանում որոշ ժամանակ գործում էր հանկարծահայտ այն թյուր կարծիքը, թե, իբր, բառ-ի փոխարեն բար է եղել: Հասկանալի է` բար-ը ավելի շոշափելի, տեսանելի և առարկայական է ու նրա միջոցով նույնիսկ արևի համն է տարորոշելի դառնում և այդ հանգամանքի շնորհիվ ավելի դյուրությամբ տեղավորվում տաղի ներտեքստային ընդհանուր տրամաբանության մեջ։ Սակայն համատեքստային տրամաբանության տիրույթում, ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ:

Ժամանակակից գիտության պահանջներն այսօր արդեն պարտադրում են Ժողովրդի հիշողության կողմից անվերապահորեն ընդունված տեքստերը քննել ոչ թե տվյալ կոնկրետ տեքստի ներտեքստային տարածքում, անգամ թեկուզ և հեղինակի ողջ ստեղծագործության տիրույթում, այլ տվյալ լեզվով ստեղծված ողջ համատեքստի (տվյալ լեզվով ստեղծված-հիշված-պահպանված-արժևորված տեքստերի ամբողջությունը) համայնապատկերում: Այլապես որևէ տեքստի գնահատականը միակողմանի և թերի կլինի: Երբ տարբեր սերունդներ ընդունում, յուրացնում և ոչ մի առիթ բաց չեն թողնում տվյալ տեքստը մեկ անգամ ևս հանրահռչակելու համար, պարզ է, որ գործ ունենք տվյալ լեզվամտածողությամբ ձևավորված արժեհամակարգային երևույթի պարունակի հետ։ Տարակուսանք չկա, որ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» տաղը նման տեքստերի դասին է պատկանում, և այն պետք է քննել համատեքստային ողջ տիրույթում: Մեր կարծիքը, թե հիշյալ տաղի առաջին տողում հնչող բառ բառը չի տեղավորվում այդ ստեղծագործության ներտեքստային տրամաբանության մեջ, պետք է մտածել տա, որ տվյալ բառը տեքստում պահող ավելի հզոր «հենարաններ» կան։

Դրանք համատեքստային-արժեհամակարգային «հենարաններ» են: Նախ ներկայացնենք, թե ինչու բառ բառը չի տեղավորվում տվյալ ստեղծագործության ներտեքստային տրամաբանության մեջ: Կոնկրետ այս՝ «Ես իմ անուշ Հայաստանի» տաղի դեպքում հեղինակային տեքստի տրամաբանությանը՝ առարկայական-նյութական-շոշափելի խորհրդանիշներին, հակադրվում է հայերենի համատեքստային տրամաբանությունը։ Բառ բառը իր հոմանիշային խումբ կազմող այլ բառերի հետ հայերենի լեզվամտածողության մեջ արժեհամակարգային իրողություն է՝ որպես ձայն-բառ-տեքստ աստիճանակարգի օղակ: Եվ հայերենի համատեքստը իր լեզվամտածողական ատաղձը կազմող տեքստերում անընդհատ վերստեղծում է բառն իր հոմանիշային խմբի անդամներով՝ որպես քաղաքակրթական կյանքի առհավատչյա: Եթե պատկերավոր ասենք, բառ բառը Չարենցի տեքստի համար «գլխագիր» է դարձրել հայերենի համատեքստը, որ կարծես տաղի առաջին տողը գրելիս «բռնել է» Չարենցի ձեռքը, որպեսզի նա նախ գրի, որ բառ-ն է սիրում։

Դրան, ըստ երևույթին, նպաստել է Չարենցի տեքստում խորհրդանիշներին տրված մակդիրների՝ արնանման, ողբանվագ, հազարամյա և այլն, հոգեբանական գերլարումը, որի հետևանքով հիշված որոշիչները դառնում են բառխորհրդանիշներ: Առանձնացնենք բանաստեղծության մեջ առկա որոշիչ-որոշյալ շարքի որոշիչները, որոնք նաև մակդիրներ են (հին, անուշ, արևահամ, վառման, ողբանվագ, լացակումած, արնանման, հեզաճկուն, մուգ, ջինջ, լուսե, վիշապաձայն, վսեմ, անհյուրընկալ, սև, հնամյա, հազարամյա, ողբաձայն, երկաթագիր, արյունաքամ, որբ, արնավառ, կարոտած, լուսապսակ, ճերմակ, անհաս): Առանձնացնենք նաև հատկացուցիչ-հատկացյալ շարքի հատկացուցիչները (Հայաստանի, սազի, ծաղիկների, վարդերի, աղջիկների, ամռան, ձմռվա, խրճիթների, քաղաքների, սրտի, Նարեկացու, Քուչակի, Արարատի, փառքի):

Այս բանաստեղծության ուժն էլ հենց այն է, որ որոշիչ-որոշյալ, հատկացուցիչ-հատկացյալ հարաբերությունները հիմնված են Հայաստանի խորհրդանիշների վրա (թե չէ կառույցը պարզ ու պարզունակ է՝ սիրում եմ - թվարկություն, չեմ մոռանա - թվարկություն):

Փաստորեն, տեքստային փոքր տարածքում կենտրոնացած-խտացած համատեքստային խորհրդանշայնացման ահռելի ծավալը մղում է դեպի բառի վերացականության-ընդհանրականության արտահայտությանը բառ բառի խորհրդանշայնացման ճանապարհով:

Ուրեմն՝ չարենցյան տաղարանի «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում» տողը ենթադրում է, որ համատեքստը մշտապես ազդում է անհատական-հեղինակային տեքստի վրա։ Համատեքստի նման ազդեցիկ ներգործությունը յուրաքանչյուր կոնկրետ տեքստի վրա հեղինակի կամքից անկախ գոյություն ունեցող այն ուժն է, որը արարչական բովանդակություն և կարողություն ունի։

Բառ բառը երևույթին տրվող անվան ընդհանրական անունն է, բառով անվանվում են և բառ են անվանում առարկայի, երևույթի, գործողության, հատկանիշի և այլնի անվանումը: Սա ինքնին բարդ վերացարկում է, որը չի համապատասխանում բանաստեղծության ուղղակի, պարզ, շոշափելի սիրո արտահայտությանը, սակայն իր վերացականությամբ, ընդհանրականությամբ ու խորհրդանշայնությամբ սպասարկում է հայերենի համատեքստի պահանջը՝ այն, որ Հայաստանի քաղաքակրթական գոյության նախապայմանը բառն է՝ իր լեզվամտածողական-հոմանիշային շարքի անունների (ձայն, երգ, խոսք, ձոն, գըրիկ, թղթիկ, բան, հնչմունք, բարբառ, գիրք և այլն) հետ:

Այստեղից մի կարևոր եզրահանգում է բխում. լեզվի համատեքստը վերահսկում, հաճախ նաև կառավարում է նույն լեզվի սահմաններում ստեղծվող տեքստը:

Թադևոս Տոնոյան

Բանաս. գիտ. թեկնածու

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ