Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ցավն հաճույքին և հաճույքները ցավին. Դանիել Վարուժան

am
cavn-hajouyqin-e-hajouyqnere-cavin-daniel-varoujan

Արևմտահայ գրող Դանիել Վարուժանը սպանվել է 1915թ. օգոստոսի 26-ին Չանղըր բնակավայրի մոտ. նա Հայոց ցեղասպանության զոհ է: Մեծանուն գրողը 31 տարեկան էր:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Պարույր Սևակի «Վարուժանի պոեզիան» աշխատությունից մեկ փոքրիկ հատված, որն ընդգրկված է նրա «Երկերի ժողովածու 3»-ում: Սա Պարույր Սևակի դիպլոմային աշխատանքն է` ներկայացված Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելու համար:

Վարուժանի պոեզիայի համար ընդհանուր առմամբ բնաբան կարելի է ծառայեցնել նրա մի բանաստեղծությունը, իր ձեռքով հրատարակած երկերի ամենավերջին ոտանավորը` «Մատյանն ահա զոր խոստացա»…

Նրա պոեզիայի ամբողջ էությունը ամփոփված է իր իսկ երկտողի մեջ.

Ո՛վ բարեկամ, խորհե թե երգս է պատմած

Ցավն հաճույքին և հաճույքները ցավին:

Հիրավի, նրա ողջ պոեզիայի մեջ այս միտքը արտահայտվել է շոշափելի ցցունությամբ:

Մի կողմից` «Հիսուսի պես կարեվեր», «արշալույսի մը երկունքեն բռնված» իր դարի պատկերը, «ճրագներու պես մարող» սրտերով, «երկաթներուն ու մարդուն» մաքառումներով, որտեղ «ցեխեն կանգնած ոճիրը խեթ կըխմե արյունն անմեղ վարդերուն». Մի կողմից` իրենց գոյությունը քարշ տալու համար իրենց մարմինը ծախող կանայք, որ իրենց ընկեցիկ մանկանը օտարի դռանը թողնելով «շտապ կփախչին … սիրտը հոն թողած», - այլ կանայք, որոնք «զիրենք սիրողը կըսպառեն, և իրենք տան շընիկեն կսպառին», մի կողմից` ծանրահակ և ծյուրվող մահամերձ բանվոր, դժգույն և հյուծախտավոր բանվորուհի, երկաթի դեմ մարտնչող հազարավորների բանակ, մի խոսքով այն, ինչ բանաստեղծը անվանում է «ցավ» և մյուս կողմից`  հին հեթանոսական դարեր.

… Կյանքին երազ անհատակ,

Եվ Բագոսի քըրմուհիներ վարդերես

Որ կըպարեն բըլուրին վրա, Լուսնին տակ.

Եվ Աստվածներ` որ կուզեն սիրտն Հոմերին

Դեռ ողջակեզ կամ Մեսալին մ’Հրաչյա

Ուր պատրանքին տեղ կըսփռե ծիրանին

Սերեն մեռած ասպետներուն մարմնին վրա,

Մյուս կողմից` ասպետական դարեր,

Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն

… Ուր մարդիկ հզոր և անկեղծ էին նման գինիին,

Ուր տիրում էին հոլանի (մերկ) տեգերը փոխանակ պատենավորված դաշույնների, ուր չէին գործում մեղքերն այնժամ, երբ ննջում էր արեգակը, այլ բացեիբաց, հանուն Գեղեցկության և Զորության, մի խոսքով այն, ինչ բանաստեղծը «հաճույք» է անվանում:

Վարուժանի ամբողջ պոեզիայի էությունը հենց այդ երկու հակադիր ծայրերի միասնական արտահայտությունն է` հաճույքի զգացումը ցավի զգացման հետ և ընդհակառակը: Այս այլ բան չէ, քան արտահատություն բանաստեղծական երկփեղկված հոգու, քան արգասիք այն երկընտրանքի, որ ապրում է բանաստեղծը «ինքն իր մեջ» և որը, ինչպես քիչ հետո կտեսնեք, բխում է «իրենից դուր» եղած ներհակություններից:

Այս գիծը Վարուժանի մեջ սկզբնավորվում է նրա առաջին իսկ ստեղծագործություններից` «Սարսուռներ» գրքից (տես «Գեղունի», 1905, առանձին գրքով` 1906 թ. Վենետիկ): Նրա առաջին իսկ բանաստեղծության մեջ («Մուսային») հոգեկան այս երկփեղկումը ցցուն կերպով է դրսևորված: Բանաստեղծը դիմում է Մուսային, ասելով`

Երգե՜լ կ’ուզեմ, - թող սարսըռա բընությունն

Մատերուս տակ, ինչպես մոր ծիծն հոլանի`
Մանկան առջի բընազդական դըպչելուն.
Եվ կյանքը թող շըրթունքիս վրա լուծանի:

……………………………………………..

Կ’ուզեմ ծովուն հետ սիրտ սըրտի ես հարիլ,
Իմ անհունիս մեջ այդ անհունը թաղել,
Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ,
Եվ գլուխս հին գաղտնիքներուն դեմ բախել:

…………………………………………………

Պիտի այդ քնարը կապե իմ շըրթներուն
Ժողովուրդին շըրթունքը հուր, սիրագին,
Եվ պիտի այդ համբույրն ըլլա բուռն, անհուն,
Համբույրին պես` տըրված ծովեն եզերքին:

Սա բանաստեղծական սրտի իսկական պոռթկումն է, բանաստեղծական հոգու իսկական, անաղարտ-ներշնչանքը, միասնական հոգու պաթոսը, դեռ հեռու հոգեկան երկփեղկումից, հեռու երկընտրանքից:

Բայց ահա Մուսան պատասխանում է.

–«Տենչիդ ըզգո՜ւյշ, այս քընարս է շիված, տե՛ս,

Սև նոճիե, փթթում մահվան ավիշի:

Թըշվա՜ռ հոգի, անոր լարերն են բերված
Փետըռտըված գանգուրներեն որբերուն.
Կ’երթան երգերն, հևհևալով, սըրընթաց,
Ուր որ կ’երթա ոտքը բոպիկ` խեղճությունն:

………………………………………………….

Ժողովուրդի՞ն ըլլալ կ’ուզես մո՜րդ չեղած.
Ծնողքիդ արցունքը քու դարձիդ կը սպասե.
Արևմուտքի մեջ ծաղիկներդ ընձյուղած
Պիտի խորշակն Արևելքի ազազե:

Մըտածումի, ըզգացումի այս ճամբուն`
Խընդի արևը չէ սըփռած իր շեկ բաշ.
Հոն կը շըրջի Աբովյանի մ’հեգ ուրուն,
Հոն Դուրյանն է լացած, տըխրած Պեշիկթաշ:

Ի՛նչ, այս քնա՞րը կ’ուզես, քնար սև փայտե՜.
Այս` վերքերու գործի մըն է, այս է հուր.
Ապագադ է, այս` դագաղդ է, անո՜ւնդ է»:

Ահա այսպես է եղծվում անաղարտը: Ահա այստեղ է սկսվում բանաստեղծի տրագեդիան. Այսպես է առաջանում նրա հոգու երպառակումը:

Այսպես` Մարդկության մասին երազող, համամարդկային իղձեր փայփայող, բնությունը սարսռեցնել կամեցող, ընդհանրապես ժողովրդին ծառայել կամեցող բանաստեղծը դեմ է առնում ինքն իրեն, կանգնում է, ինչպես Տերյանը կասեր, «ինքն իր դեմ», քարանում է համատարած խեղճության ու որբության առաջ, իր ծնողների արտասուքի հանդեպ, իր բնաջնջվող ցեղի, իր մորթվող հայրենակիցների օրհասի առաջ:

Հետաքրքրականն այն է, որ բնաստեղծն ինքը հենց շոշափելի կերպով զգում է, որ իր սեփական ներհակությունները բխում են նախ և առաջ «իրենից դուրս» եղած ներհակություններից. նա հակասում է, որ «Արևմուտքի (իմա՛ Եվրոպայի) մեջ ընձյուղված ծաղիկները «պիտի «ազազեն» Արևելիքի (իմա՛ Հայաստանի) խորշակից:

Այսպես. համամարդկայինը և ազգային, տիեզերականը և տեղականը, ընդհանուրը և մասնավորը, «Մտածումի, զգացումի ճամբան» ընդհանրապես և «Աբովյանի հեգ ուրուն», «լացած Դուրյանն» ու «տխրած Պեշիկթաշը» - ահա այսպես է սկսվում բանաստեղծի այնուամենայնիվ համաձայնվում է նրա հետ.

«Ես, անհողդողդ, ըսի անոր.

– Ըլլա՛, տո՜ւր»:

Հենց այդ քնարն է, որ Վարուժանը այնուհետև, մինչև իր ողբերգական մահը պահեց իր ձեռքում, իր երկփեղկված հոգու մեջ' նրա ամենավառ արտահայտությունները ցուցաբերելով «Ցեղին սրտի» և «Հեթանոս երգերի» մեջ:

Եվ այդ միանգամայն բնական է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ