Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Չավուշօղլուն Մայր Աթոռի ներկայացուցիչներին թերևս վերահաստատել է, որ պատրիարքական ընտրությունները կկազմակերպվեն ավանդական ձևով

am
cavousoxloun-mayr-atori-nerkayacoucicnerin-teres-verahastatel-e--orpatriarqakan-entroutyounnere-kkazmakerpven-avandakan-ceov

Ինչպես տեղեկացրել ենք, Պոլսի «Ժամանակ»-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ հանդիպել էր Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում ՀԱԵ պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի ղեկավար Շահե վարդապետ Անանյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Ուշագրավ է այն փաստը, որ հայ հոգևորականները Անկարա են ժամանել որպես Ամենայն հայոց կաթողիկոսության պատվիրակներ:

Կայացած հանդիպումը մեծ արձագանգ է ստացել: «Ժամանակ»-ի փոխանցմամբ, այս հանդիպումն աննախադեպ էր իր ձևաչափով, ու փաստում է այն մասին, որ պետությունը դրական վերաբերմունք ունի պատրիարքական ընտրության խնդրի լուծման հեռանկարի հարցում։

Ինչպես տեղեկացրել էինք՝ հանդիպման օրակարգում պատրիարքի ընտրության հարցն է:

Թեպետ Պատրիարքարանի կողմից նախարար Չավուշօղլուի մոտ տեղի ունեցած հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն առկա տեղեկատվության վրա հիմնվելով՝ «Ժամանակը» մի շարք հետևությունների է հանգում: Մասնավորաբար, ըստ թերթի, ի դեմս նախարար Չավուշօղլուի, պետությունը հերթական անգամ երաշխիք է տվել հայ համայնքի իրավունքների համար, արձանագրվել է այն փաստը, որ պետության հովանու ներքո է գտնվում պատրիարքական ընտրության հարցը։

Թերթը հիշեցնում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն դեռևս անցյալ տարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ երաշխավորել էր, որ թուրքական պետությունն անպայմանորեն կապահովի ավանդական ձևով պատրիարքական ընտրության կազմակերպումը։ «Ժամանակը» կարծում է՝ թերևս նախարար Չավուշօղլուն երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է այդ սկզբունքը։

«Պատրիարքարանի զեկույցի մէջ ընդգծուած է այս առումով համբերութեան հանգամանքը։ Սա կը նշանակէ, որ պատկան իշխանութիւններու առումով խնդրայարոյց պարագաներ գոյութիւն չունին եւ այդ համբերութիւնը պիտի ցուցաբերուի, որպէսզի համայնքէն ներս անհրաժեշտ մթնոլորտը ստեղծուի. Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը ցայսօր այս գործընթացին մէջ եղած է չափազանց նրբանկատ, միշտ յորդորած է, որ օրինական լուծում մը գտնուի պատրիարքական ընտրութեան հարցին. Ուստի, երէկուան ժամադրութիւնը կարեւոր էր այն ի մաստով, որ պետութեան կողմէ մեր համայնքի իրաւուքներուն նկատմամբ ցուցաբերուած զգայնութիւնը, այդ ուղղութեամբ տրուած երաշխիքները հիմնաւոր են՝ մանաւանդ, որ հաշուի կ՚առնուին մեր եկեղեցական իրաւունքը, կարգ ու կանոնները»,- գրում է «Ժամանակը»։

Տասմեկ տարի շարունակվող գործընթացը հոգնեցրել է հայ համայնքին, իսկ երեկ կայացած հանդիպումը, ըստ «Ժամանակի», հնարավորություն կնձեռի, որպեսզի հայ համայնքն այլևս կարողանա իրադրությունը դատել առարկայորեն, ու վերջապես կարողանա պատկերացնել իրեն վիճակած դերակատարությունը, որը միանշանակորեն, առանցքային է։

«Այսօր հայտնի է, որ բոլոր գործոնները կան համայնքի կամքին ազատ ու անարգել դրսեւորման համար»,- եզրահանգում է Պոլսո «Ժամանակ թերթը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ