Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Ցեղասպանության ժխտման նպատակն է սպանել հիշողությունը, սևացնել զոհերին եւ վերակենդանացնել հանցագործներին. Փիթեր Բալաքյան

am
cexaspanoutyan-jxtman-npatakn-e-spanel-hisoxoutyoune--seacnel-zoherin-eu-verakendanacnel-hancagorcnerin-piter-balaqyan

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ է ներդրել Քոլգեյթի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր, ամերիկյան անվանի գրող, «Պուլիցերյան» մրցանակի դափնեկիր Փիթեր ԲԱԼԱՔՅԱՆԸ` գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար:

Ներկայացնում ենք Փիթեր Բալաքյանի հետ ՀԱՅ ՁԱՅՆ-ի հարցազրույցը.

Սարոյան, Ազնավուր, Մայքլ Առլեն, Արշիլ Գորկի և Փիթեր Բալլաքյան. շնորհիվ հայ մեծերի՝ Ցեղասպանության իրողությունը գրականության, նկարչության, երաժշտության լեզվով հասանելի դարձավ աշխարհին: «Պուլիցերյան» ժյուրին Սարոյանից հետո՝ 60 տարի անց դարձյալ գնահատեց ամերիկահայ գրողին և հաղթողների ցանկում երկրորդ անգամ հնչեց հայկական ազգանունը` Բալլաքյան: Ամերիկացի ընթերցողը գնահատեց ձեր «Օզոնային օրագիրը», որի թեման Հայոց ցեղասպանությունն է: Ինչպե՞ս կարողացաք հայոց ցավը ընկալելի դարձնել օտարին:

-Ինձ համար, իհարկե, որպես գրող դժվար է խոսել ամերիկացի ընթերցողի անունից, սակայն կասեմ հետևյալը. հնարամտություն, որն ամեն մի գրող պետք է կարողանա իր հետ բերել: Լուրջ գրողը կարողանում է նորը յուրովի ներկայացնել ու, եթե դա մատուցվում է բարձր մակարդակով՝ ընթերցողն ընդունում է: Իհարկե, դժվար է մտնել ընթերցողի կաշվի մեջ, բայց շնորհիվ արվեստի դա տեղի է ունենում: Գրողը պետք է կարողանա ստեղծել համամարդկային նյութ: Որպես պոետ իմ նպատակը եղել է գտնել ասելիքիս տիեզերական խորքը, գտնել ողջ աշխարհն ընդգրկող պոետական ձևը, որը կլինի ոչ թե սոսկ իմը, այլ բոլորինը: Հայոց ցեղասպանությունը մարդկության վիթխարի պատմության մի մասն է կազմում և ընթերցողը, վաղ թե ուշ, գալիս, մտնում է նրա մեջը ու ընկալում այն: Հայ ժողովրդի 20-րի դարի պատմությունը, հատկապես, այն սոսկալի իրողությունները, որ տեղի ունեցան Օսմանյան Թուրքիայում, ողջ աշխարհինն է, ու բոլորին է հետաքրքրում: Այն կազմում է մարդկության էպիկական պատմության մի էական մասը, և շատ կարևոր է, որ Հայաստանի հայերը սա իմանան:

Երբ ես սկսեցի գրել Հայոց ցեղասպանության մասին՝ այդ թեմայով շատ քիչ գրականություն կար անգլերեն լեզվով: Ես մարտահավեր նետեցի ներկային ու կենդանացրի այդ հրեշավոր իրողությունները: Ցանկացա ընտանիքիս պատմությունը տեղափոխել մի ավելի ընդարձակ՝ համամարդկային պատմության մեջ: Հայոց պատմության այդ կարևորագույն շրջանի մասին իմ զգացողությունները կազմում են պոեմներիս մեծ մասը: Ես փորձել եմ ցույց տալ Հայոց Եղեռնի պատմական ու մշակութային խորությունը, և դա ինձ հաջողվել է:

-Ձեր պոլսահայ հայրն ու տիգրանակերտցի մայրը երկար ժամանակ ձեզնից թաքցրել ու ոչինչ չեն պատմել ցեղասպանության մասին. տարիներ անց դուք՝ «Ճակատագրի սև շունը» գրքում հարց եք հնչեցնում. <«րապես հնարավո՞ր է դիմակայել նման անցյալին…»: Պատմեք ձեր ընտանիքի՝ Բալաքյանների մասին:

-Մեծացել եմ մշակութային ավանդույթներով հարուստ ընտանիքում: Կ. Պոլսի Բալլաքյաններն ունեցել են հարուստ ավանդույթներ, եղել են հարուստ մարդիկ: Նրանք մասնագիտացած էին ածխի արդյունաբերության մեջ. տատիս պապը՝ Մուրադ Փանոսյանը սև ծովի ափին ածուխի հանքեր է ունեցել:
Պապս՝ Տիրան Բալաքյանը բժիշկ էր, կրթված մարդ է եղել, սովորել է Էջմիածնի տարրական դպրոցում, մասնագիտացել է ակնաբուժության մեջ. բազմաթիվ բժշկական հոդվածների հեղինակ է: Նա Լայպցիգի համալսարանում ստացել է գիտական աստիճան: Պապս այն 250 մտավորականների թվում էր, ովքեր ապրիլի 24-ին ձերբակալվեցին ու աքսորվեցին Պոլսից: Նա անցել է հայկական գողգոթայի միջով՝ գաղթի ճամփաներով ու հրաշքով փրկվել՝ հաստատվելով Վիեննայում:
Պապս արքեպիսկոպոս Գրիգորիս Բալաքյանի զարմիկն էր, որը Կ. Պոլսի 200 ձերբակալված հայ մշակութային գործիչներից մեկն էր: Գրիգորիս Բալաքյանը 4 տարի կարողացել է խուսափել թուրքական հետապնդումներից, փրկվելով գրել է իր հուշերը: Դրանք Հայոց ցեղասպանության լավագույն վկայություններից են, ուր հուշեր կան Կոմիտասի մասին. Գրիգորիս Բալաքյանը Կոմիտասի հետ միասին եղել է նույն վագոնում՝ բանտի ճանապարհին: Գրքում ներկայացնում է Կոմիտասի խելագարության մանրամասները, սահմռկեցուցիչ տեսարան է:

Մորս ընտանիքը՝ Արուսյանները, Տիգրանակերտից էի, զբաղվել են մետաքսի առևտրով: Տատիս ընտանիքի բոլոր անդամները սպանցվեցին 1915-ի կոտարծների հենց առաջին շաբաթում: Միայն տատս՝ Նաֆինան փրկվեց: Տատիս փրկության պատմությունը մեծ ազդեցություն է ունեցել իմ ստեղծագործությունների վրա:
Հայրս ու հորաքույրերս 1926-ին հաստատվում եմ ԱՄՆ-ում, հորաքույրերիցս մեկը ֆրանսիական գրականության հայտնի գրաքննադատ էր, մյուս՝ «Նյու Յորք Թայմս»-ի առաջին կին խմբագիրը: Մեր ընտանիքի գրեթե բոլոր անդամները գրականության ոլորտի մարդիկ են: Սկզբում ես այս ամենի մեջ ինձ չէի զգում, բայց համալսարանում ինչ-որ բան փոխվեց իմ ներսում ու ես ևս բռնեցի գրականության ուղին. թողեցի սպորտն ու ամբողջ ժամանակս տրամադրեցի գրական գործունեությանը: 20 տարեկանում սկսեցի գրել ու հասկացա՝ իմ էությունը պոեզիան է:

-Ե՞րբ եք առաջին անգամ եղել Հայաստանում:

-1987-ին էր, պոեմների շարք ունեմ, որ կոչվում է «Հայաստանում»՝ իմ առաջին այցելության մասին է: Դեռ սովետական միությունը կար, իմ գալն ուղղակի հայտնություն էր, մեր ճանապարհն անցնում էր Մոսկվայով, Պետերբուգով, Կովկասը մեզ համար մեծ բացահայտում էր:

Գալով Հայաստան առաջին անգամ տեսա Գեղարդավանքը, որն ապշեցուցիչ, բացառիկ կառույց է ինձ համար: Միջին դարերի հայկական ճարտարապետությունը, հայկական կառույցների հանճարեղ զարդանախշերն ասես մայր հողից դուրս եկած լինեն: Իմ պոեզիայում ես գրում եմ հայկական քարերի, քարանաձավների, եկեղեցիների մասին: Դեռ հնում հայ ճարատարապետները նախազգացել են 20 դարի օրգանական ճարտարապետությունը և օգտագործել ժայռեր, քարեր՝ ստեղծելով մարդու ու բնության ուժեղ կապը: Սիրում եմ Գառնին, այն ինձ հիշեցնում է նախաքրիստոնեական ժամանակաշրջանը: Խաչքարեր, եկեղեցիներ, քանդակներ, չեմ կարող չնշել հայ գրականաության, մեր դեկորատիվ արվեստի մասին, այս ամենը մեր մշակույթը դարձնում են համաշխարհային քաղաքակրթության ու մշակույթի մի մասը:

Գալ Հայաստան ու չտեսնել Ծիծեռանակաբերդը՝ անհնարին է: Այցելությունս Ծիծեռնակաբերդի հուշահամալիր փորձություն էր ինձ համար: Այն աշխարհի ամենահայտնի հուշակոթողներից է, կարծում եմ, որ Ծիծեռնակաբերդն աշխարհին ուղղված հայերի քաղաքակրթության լավագույն նմուշներից է:

Այսօր Հայոց ցեղասպանության թեման դարձել է միջազգային քննարկումների առարկա, միջազգային ճանաչումների շղթան շարունակվում է, բայց ճանաչումների շղթան ի՞նչ է տալու հայրենիք, մշակույթ, լեզու կորցրած մեր ժողովրդին: Մենք պետք է բավարարվենք սոսկ ճանաչումներո՞վ, թե՞, ի վերջո, հայությունը ձևակերպելու է իր հստակ նպատակը, պահաջը Թուրքիայից:

-Գիտեք, հետապնդել արդարություն և կատարված իրողությունը հասցնել արդարության դռանը՝ բարդ գործընթաց է, և այն դեռ շարունակելու է իր ընթացքը: Հայկական պահանջատիրությունն արդարության համար է, որը կարող է բացել մարդկային պատմության նոր, հսկայական շերտեր: Բացել ոչ միայն մարդկային ցավի, այլև մշակութային ոչնչացման նոր շերտեր, չէ՞, որ թուրքերն ավերվել են 25 000 հայկական եկեղեցիներ, հազարավոր դպրոցներ, միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը:

Եվ վերջապես, միլիոն ու կես հայերից զավթվել է նրանց սեփականությունը հանդիսացող հողատարածքները: Մենք ունենք սեփականության իրավունքը, հետևաբար, կարող ենք պահանջներ ներկայացնել Թուրքիայից, ինչպես նաև ռազմական տուգանքների տեսքով:
100 տարի առաջ ապրիլին Օսմանյան կայսրությունը կյանքի կոչեց հայ բնակչության կանոնավոր կոտորածի իր ծրագիրը: Թուրքական կառավարությունը, սակայն, չի ընդունում այդ փաստը: Ամեն տարի այն մի ամբողջ կարողություն է վատնում, որպեսզի խափանի Հայոց ցեղասպանության թեմայով գիտական ու մշակութային միջոցառումները: Այն ավելի հեռուն է գնում, եւ ամեն տարի 1 մլն դոլար է վճարում նախկին սենատոր Ռիչարդ Ջեֆարդին պատկանող «Gephardt Groupե ընկերությանը՝ Կոնգրեսում քննակվող Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւերը խափանելու համար: ՙՀրեաներ՚ բառը փոխարինեք «հայեր»-ով, իսկ «գերմանական կառավարությունը»՝ «թուրքական կառավարությամբ», և կկարողանաք պատկերացնել դրանից բխող բարոյական վիրավորանքը: Հայ համայնքը 100 տարուց ավելի սպասում է, որպեսզի միջազգային հանրությունը ոտքի ելնի Թուրքիայի դեմ:

«Ճանաչում» բառը սավառնում է Հայոց ցեղասպանության պատմության վրա: Ճանաչման հարցն աբսրակցիա կամ հռետորական խաղ չէ: «Ճանաչում» բառը վերաբերում է պատասխանատվությանը, սոցիալական արդարության վերականգնմանը մի հանցագործության, որը կարևոր դեր խաղաց Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի և հասկացության ստեղծման համար:

Ցեղասպանության ժխտման նպատակն է սպանել այդ իրադարձությունների մասին հիշողությունը, սևացնել զոհերին եւ վերակենդանացնել հանցագործներին:
Թուրքիայի կառավարությունն իր կողմից պետք է դադարեցնի խափանել մշակութային միջոցառումներն ու միջամտել ժողովրդավարական հասարակությունների մտավոր ազատությանը: Այն պետք է ունկնդիր լինի իր բազմաթիվ քաղաքացիներին, որոնք համառորեն աշխատում են Թուրքիայում արդարության օգտին:

Թուրք հայտնի գիտնական և լրագրող Չենգիզ Աքթարն իր բազմաթիվ համաքաղաքացիների անունից է խոսում, երբ գրում էր. «Հայոց ցեղասպանությունն Անատոլիայի մեծագույն աղետն է եւ այդ հողի բոլոր տաբուների մայրը: Դրա անեծքը մեզ կհետապնդի այնքան ժամանակ, քանի դեռ մենք հրաժարվում ենք խոսել այդ մասին, ճանաչել, հասկանալ եւ մաքրել հաշիվները դրա հետե: Անեծքը հանելու համար մոգության կարիք չկա: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ բարոյական ուժն է…»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ