Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Չհաջողված նախաձեռնություն՝ Արցախից

chajoxvac-naxacernoutyoun-arcaxic

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ապրիլի 24-ի նախօրեին ողջ հայությունը սրտատրոփ սպասում է՝ կարտասանի, արդյո՞ք, ԱՄՆ հերթական նախագահը «ցեղասպանություն» բառը: Ցավոք, յուրաքանչյուր տարի ազգովի ապրում ենք հերթական հիասթափությունը… Կրկին ու կրկին մեզ հասկացնում են, որ նորին գերազանցություն Մեծ Քաղաքականությունը թքած ունի «ճշմարտություն» և «խիղճ» եզրույթների վրա և առաջնորդվում է միայն պրագմատիզմով:

Վերջին 15-20 տարիներին մոտավորապես նույն զգացումներն եմ վերապրում մայիսի 9-ից առաջ՝ երազելով, որ Ստեփանակերտում և Շուշիում կազմակերպվող մեր փառապանծ Եռատոնին նվիրված միջոցառումներին վերջապես իրար կողքի կանգնած  կտեսնեմ հայկական երկու պետությունների բոլոր նախագահներին, որոնք բոլորն էլ մասնակցել են մեր հաղթանակների կերտմանը: Ավաղ…

Այսօր Հայաստանի Հանրապետության իրավական համակարգին միգուցե պատմական շանս էր տրվել՝ փորձել համախմբել հասարակությունն ու ազգը: Սակայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մերժեց Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահների՝ իրեն ուղղված համատեղ խնդրանքը՝ փոխելու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որպեսզի նա կարողանա մասնակցել Արցախում կազմակերպվելիք միջոցառումներին:

Այո, հավանաբար գլխավոր դատախազի պատճառաբանությունը իրավական տեսակետից անթերի է, քանզի «… տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար՝ Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»:

Սակայն ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների կողմից բարի կամքի դրսևորման պարագայում առաջին լուրջ քայլը կարվեր ազգային միասնությունը վերականգնելու ուղղությամբ: Միասնության, որը լուրջ ճաքեր տվեց դեռևս 1999-ի հոկտեմբերի 27-ին, և, եկեք անկեղծ լինենք, այսօր շատ ավելի մեծ փորձությունների առջև է կանգնած: Կան մարտի 1-ի գործի՝ այս տեսքով հեռանկարների վերաբերյալ: Ինչևէ:

Իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ու նրանց քաղաքական թիմերին՝ հարգանքներս: Ե՛վ այս նախաձեռնությամբ, և՛ վերջին մեկ տարվա բուռն զարգացումներում իր անկողմնակալ և զուսպ կեցվացքով Արցախը կրկին բոլորիս ցույց տվեց, որ որոշիչ պահերին միասնական է և առաջնորդվում է ազգային, ոչ թե նեղ անձնական շահերով: Շնորհավոր Եռատոն…

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ