Ծիծեռնավանք. կառուցված՝ 4-րդ դարում

cicernavanq-karoucvac-4-rd-daroum

Լուսանկարները՝ Զոհրաբ Ըռքոյանի

Վանքի պատմությունը

Ծիծեռնավանքը վանքային համալիր է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեճք գավառում՝ այժմ՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Աղավնո գետի աջ ափին, Ծիծեռնավանք գյուղի մոտ։

Առաջին պատմական հիշատակությունը Ծիծեռնավանքի մասին գրառել է Ստեփանոս Օրբելյանն իր «Սյունիքի պատմություն» աշխատությունում, որը վերաբերում է 9-րդ դարին։ Ծիծեռնավանքը նա համարել է Հայոց Սյունյաց աշխարհի 30 ամենանշանավոր եկեղեցիներից մեկը։

Իսկ ըստ Վարդան Արևելցու «Աշխարհացույցի», այս եկեղեցին սկզբում կոչվել է «Ծիծեռու», «Ծիծեռնայ» կամ «Ծիծռավանք»։ Հանրահռչակ պատմագետ, միաժամանակ վարդապետ ու հոգևորական Ղևոնդ Ալիշանը, հիմնվելով պատմական գրքերի վկայությունների վրա, այդ անվան ստուգաբանությունը կապում է նույնիսկ Պետրոս առաքյալի հետ։ Նա գտել է տվյալներ, համաձայն որոնց, այնտեղ է բերվել Պետրոս առաքյալի ճկույթի (գրաբարով` ծիծեռնի) մասունքից մի հատված և որոշ ժամանակ պահվել այդ վանքում։

Ծիծեռնավանքին առնչվող մեկ այլ ավանդություն ևս կա. իբր կառուցման ժամանակ շինարարների կերակրի կաթսայի մեջ օձ է մտնում, ու երբ պետք է կերակուրը բաժանեին աշխատողներին, մի ագռավ գալիս իրեն գցում է կաթսայի մեջ։ Երբ ներսն են նայում, տեսնում են օձը, ու հասկանում են եղելության պատճառը։ Ու անձնազոհ ագռավին թաղում են մի բլուրի վրա և այն կոչում «Ագռավախաչ», իսկ նրա և օձի պատկերը քանդակում են վանքի պատին։

Ըստ ժամանակակից հնագետների, վանքը սուրբ Գևորգի անունով է եղել։ Այդ պատճառով էլ ամեն տարի սեպտեմբերին, սուրբ Գևորգի տոնակատարության ժամանակ, այստեղ մեծ ուխտագնացություն է լինում և կատարվում է սուրբ Պատարագի արարողություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ