Չկրակող «Պոլոնեզ» Բելառուսից՝ Ադրբեջանին

ckrakox-polonez-belarousic-adrbejanin

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտնի մամուլի ասուլիսին թույլ է տվել լեզվի սայթաքում: Նա ասել է, որ Ադրբեջանը խնդրել է «Պոլոնեզ» հրթիռային համակարգը հասցնել իրենց զորահանդեսին, եւ Բելառուսը կարողացել է այդ խնդրանքը բավարարել: Սա շատ ուշագրավ պահ է:

Սովորաբար սպառազինությունների առքուվաճառքի գործարքները տեւում են տարիներ: Գնորդ կողմը նախ ծանոթանում է զինատեսակետին, ուսումնասիրում դրա կոնկրետ մարտական կամ դրանց մոտ պայմաններում կիրառության փորձը, տեղի է ունենում համապատասխան մասնագետների վերապատրաստում եւ նոր միայն իրականացվում է առքուվաճառը: Լուկաշենկոյի խոսքից հասկացվում է, որ «Պոլոնեզը» Բաքվին մատակարարվել է, ինչպես ասում են, ուղղակի հոսքագծից: Նպատակը մեկն է եղել. քանի որ հայկական կողմը զորահանդեսին ցուցադրել է ռուսական ,,Իսկանդեր,,՝ դրա քաղաքական նշանակությամբ հանդերձ, ուրեմն Ադրբեջանն էլ պետք է հասցներ ազգային բանակի կազմավորման հարյուրամյակին նվիրված միջոցառմանը ներկայանալ բելառուսական «Պոլոնեզով»:

Ահա այս շտապողական ցուցադրականությունը թույլ է տալիս ասելու, որ Ադրբեջանին տվյալ դեպքում հետաքրքրել է արտաքին էֆեկտը, իսկ Բելառուսին՝ շոշափելի դրամական մուտքերը: Արդյունքում Ադրբեջանը ձեռք է բերել մի զինատեսակ, որը միայն մեկ անգամ է փորձարկվել: Այն էլ, եթե հավատանք, որ Լուկաշենկոն ճիշտ է ասում: Մնացածը տեղեկատվա-քարոզչական ֆոն է, որ Ադրբեջանում ստեղծվում է «Պոլոնեզի» շուրջ: Միմյանց հերթ չտալով՝ ադրբեջանցի «ռազմական փորձագետները» գովում են բելառուսական հրթիռային համակարգը, այն համարում ՀՕՊ միջոցների համար «անորսալի»:

Բայց, ինչպես հաճախ է պատահում, ադրբեջանական քարոզչությունն ինքն է բացահայտում սեփական սնանկությունը: Բաքվի լրատվամիջոցներից մեկը հարցազրույց է ունեցել Մինսկի վերլուծաբանական կենտրոններից մեկի փորձագետ Պյոտր Պետրովսկու հետ: Վերջինս բավական վառ գույներով է ներկայացրել բելառուսա-ադրբեջանական հարաբերությունները եւ ասել, որ դրանք Լուկաշենկոյի համար այնքան թանկ են, որ նա որոշում է ընդունել սեփական զինված ուժերում դեռեւս մարտական հերթապահություն չանցած «Պոլոնեզ» հրթիռային համակարգը վաճառել Ադրբեջանին: Հետաքրքիր է, ինչպե՞ս են այս իրողությունը գնահատում ադրբեջանցի մասնագետ-ռազմական փորձագետները:

Կա՞ նման նախադեպ, երբ մի երկիր մյուսից ձեռք է բերում դեռեւս մարտական ծառայության մեջ չփորձարկված սպառազինություն: Բելառուսի պարագայում ամեն ինչ պարզ է՝ Ադրբեջանը խնդրել է, Լուկաշենկոն հատուկ հանձնարարական է իջեցրել, և «Պոլոնեզը» խոստացած ժամկետում առաքվել է Բաքու: Իսկ ձեռքբերող երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ի՞նչ է մտածել: Կամ այդ երկրի հասարակությունը չի՞ հարցնում. «Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ այդ «Պոլոնեզը» պատերազմի դեպքում, իրոք, կկրակի»:

Նման ոչ մի երաշխիք գոյություն չունի, որովհետեւ, կրկնենք, այդ զինատեսակը նույնիսկ բելառուսական զինված ուժերում մարտական հերթապահության դրված չէ: Աշխարհում չկա երկրորդ երկիր, որը բելառուսական «Պոլոնեզ» է ձեռք բերել: Արդյունքում կարելի է գալ եզրակացության, որ «Պոլոնեզը» գոյություն ունի միայն Լուկաշենկոյի եւ Ալիեւի հարաբերություններում: Իրականության մեջ այդ զինատեսակն Ադրբեջանի ռազմական կարողությանը ոչինչ չի ավելացնում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ