Հայկական անձնանուններն՝ օտարազգիների արտասանությամբ

am en es
claiming-the-history-in-family-names

Ամերիկյան The New York Times պարբերականը հրապարակել է հայազգի գրող, երաժիշտ Րաֆֆի Ջո Վարդանյանի հոդվածը (Claiming the History in Family Names), որը պատմում է օտարերկրացիների կողմից հայկական անունների դժվար արտասանության մասին: Հոդվածագիրը ընթերցողին է ներկայացնում իր հոր՝ Ղևոնդ Վարդանյանի պատմությունը, ով 1974 թ. իր հայրենի Բեյրութ քաղաքից տեղափոխվել է ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաք և աշխատել տեղի հիվանդանոցներից մեկում: Հայտնվելով ԱՄՆ-ում՝ Ղևոնդ Վարդանյանը բախվել է հետևյալ իրավիճակին. տեղացիները չեն կարողացել արտաբերել իր հայկական անունն ու շատ հաճախ այն աղավաղված են արտասանել:

Հոդվածագիրը նշում է. «Հայրս կարող էր մարդկանց ասել՝ «Վարդանյան, այնպես, ինչպես հնչում է «Երեք հրացանակիրների» դ'Արտանյանի անունը»: Կամ էլ պարզապես ասեր՝«Ինձ Ջորջ ասեք»: Ես ցանկանում էի, որ հայրս սովորեցնի մարդկանց, թե ինչպես պետք է արտաբերել իր անունը և գնահատի իր անվան՝ հայկական արմատները: Ղևոնդը և Վարդանը պատմության խորքից են գալիս. երկուսն էլ 5-րդ դ. Ավարայրի ճակատամարտի առաջնորդներից են եղել: Բայց Ջորջն ասես ծածկեց այդ պատմությունը: Այն դիմակ էր, որն առաջարկվում էր Արևմտյան Եվրոպային»:

Րաֆֆի Վարդանյանը գրում է, որ արտասանական դժվարություններից կամ անհարմարություններից խուսափելու պատրվակով հայկական անվանումից հրաժարումը նման է պարտության: Ըստ նրա՝ դա նահանջ է՝ պաշտպանելու ինչ-որ բան, տվյալ պարագայում անուն, «իսկ սբ. Ղևոնդը և Վարդանանք պաշտպանել են իրենց մարտնչող կենսակերպը»:

Հոդվածագիրը ներկայացնում է իր հետ պատահած մի պատմություն՝ կապված իր հոր անվան հետ.

«Երբ տասը տարեկան էի, ընկերս՝ Զաքը, հարցրեց հորս անունը: Պատասխանեցի՝ Ղևոնդ: Զաքը զարմացած ինձ նայեց:

-Ռավո՞ն:

-Ո՛չ, Ղ, Ղե-վոնդ,- ասացի ես՝ ձայնս բարձրացնելով:

-Շավո՞ն:

-Ո՛չ, «Ղ»: Ֆրանսերեն «r» (ղ)-ի հնչողությամբ:

-Ներիր,-ասաց Զաքը՝ ուսերը թոթվելով,- սա Ամերիկան է:

Երկուսս էլ ծիծաղեցինք՝ չիմանալով մեր անելիքը: Երբեմն կարծում էի, որ նա պարզապես ցանկացում է հորս անունը սխալ արտաբերել, այպես, ինչպես բնորոշ չէ մեր լեզվին: Կամ էլ գուցե ասեի Ջորջ... Չէի ուզում ընդունել, բայց ամերիկական անունն ընդունելը գրավչություն ուներ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ