Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Déjà-vu, հուսանք՝ թվացյալ

deja-vu--housanq-tvacyal

Հուլիսի 10-ի զանգվածային հոսանքազրկումները պատճառ հանդիսացան, որպեսզի կրկին վերահաստատենք.  Հայաստանի Հանրապետությունում քաղաքականացման աստիճանն աննախադեպ է և արդեն, ռուսերեն ասած՝ зашкаливает: Ներողություն եմ խնդրում օտարահունչ բառի համար, սակայն հայկական համարժեք, որն առավելագույնս կարտահայտի այն, ինչ տեղի է ունենում մեր հասարակությունում, չգտա:

Երկիրն անմիջապես, ասես հրամանով, բաժանվեց երկու ճամբարների և սկսվեցին բուռն համացանցային քննարկումները: Մի հատվածն արդեն սովորության ուժով սկսեց տեղի ունեցածը համարել սև ուժերի դավադրություն ու մեղադրել հակահեղափոխականներին, նախկին ռեժիմին և նույնիսկ երկրորդ նախագահ Քոչարյանի՝ դրսի ընկերական շրջապատին, մյուսն էլ մի տեսակ մազոխիստական հաճույքով ձեռնամուխ եղավ համացանցում առաջին նախագահի նկարները տարածելուն և ցուրտ ու մութ տարիների վերադարձի մասին գուժելուն:

Անկեղծ ասած, հուլիսի 10-ին տեղի ունեցած հոսանքազրկումները ինձ մոտ էլ, ինչպես միջին և ավագ սերնդի շատ մարդկանց հիշողության մեջ արթնացրեցին 90-ականների հովհարային անջատումները: Բայց միանգամայն այլ մտայնություններով:

90-ականներին մենք բոլորովին ուրիշ էինք: Ավելի դիմացկուն, ավելի համբերատար, ավելի կայուն: Ու ամենակարևորը՝ հավատում էինք, որ բոլոր զրկանքներին պետք է դիմակայենք հանուն մեր պետականության պահպանման, հանուն հաղթանակի, հանուն մեր երեխաների ապագայի: Եվ ակամայից միավորվում էինք, քանի որ հազարամյակների ընթացքում ձևավորված հայի յուրահատուկ բնազդի մակարդակով ունեինք իրար կարիքը: Հիշո՞ւմ եք, ինչպես մոմի լույսի տակ և չոր սպիրտի արդեն սովորական դարձած «բուրմունքի» ներքո ցուրտ ու մութ երեկոներին հարևաններով հավաքվում, միասին թեյ էինք խմում և վայելում աշխարհի ամենահամեղ ուտելիքը՝ վառարանում խորոված կարտոֆիլը: Չկար համացանց, չկային սմարթֆոններ, հեռուստացույցի մասին արդեն մոռացել էինք: Իմ բարի ու լավ հարևաններ՝ Պավլիկ ու Աիդա, Աշոտ ու Լարիսա, Գևորգ…լույս իջնի Լաուրայի ու Լալայի շիրիմներին… Ինչպես էինք իրար ոգևորում, երգում էինք, կատակում, մրոցի խաղում: Երբեմն էլ, տուրք տալով ձեր հորդորներին, մոմի լույսի խորհրդավոր արտացոլումների ներքո ինքնամոռաց դաշնամուր էի նվագում…

Իսկ հետո եկավ հիասթափությունը: Արդեն տարիներ անց պարզվեց, որ մինչև մենք արիաբար դիմակայում էինք անհոսանք իրողությանը, ոմանք այդ նույն հոսանքը վաճառում էին հարևան պետություններին: Ինչ-որ գողացված «մազութի գործ» բացվեց: Ի դեպ, ո՞վ է այսօր տեղյակ՝ ինչպե՞ս այն ավարտվեց, ինչ որ մեկը պատժվե՞ց, թե՞ ոչ:

Ահա այս մասին էի մտածում երեկ՝ հայացքս հառած անշնչացած համակարգչին: Նաև այն մասին, որ Աստված մի արասցե, եթե հանկարծ իրականություն դառնա մռայլ Déjà-vu-ն, նույնիսկ մեկ օր չենք դիմանա առանց սովորական դարձած հաղորդակցության միջոցների՝ ընկնելով խորը դեպրեսիաների մեջ:

Եվ երկրորդ կարևոր հանգամանքը, որը լուսավորեց հուլիսի 10-ի «անլույս» իրողությունը. որքա՜ն կախված ենք մենք արտաքին աշխարհից: Որքա՜ն փխրուն է խաղաղությունը մեր անմիջական հարևանությամբ՝ անկանխատեսելի Վրաստան, երկու չափազանց կանխատեսելի «ոխերիմներ», Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններ, որոնք օրեցօր միայն թեժանում են: Որի հետ, ի դեպ, կապված ենք նաև ընդհանուր էներգահամակարգերով: Եվ այդ ամենի կողքին հպարտ ու դուխով Հայաստան՝ նման ալեկոծված ծովում ալիքների վրա խուսանավող նավակի…

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ