Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Դեռ չենք հռչակել մեր նպատակը, թե ո՞ւր ենք գնում. Գևորգ Գորգիսյանը` Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի մասին

am
der-cenq-hrcakel-enq-mer-npatake--te-our-enq-gnoum-georg-gorgisyane-hayastan-arcax-razmavarakan-dasinqi-masin

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հարցազրույցը Ազգային ժողովի <<Լուսավոր Հայաստան>> խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ.

 

-Ստեփանակերտում տեղի ունեցավ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որով ազդարարվեց երկու հայկական պետությունների միջև համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը: Դուք այն քչերի շարքում էիք, որ ֆորումի ժամանակ ձեր մտավախությունը հնչեցրիք.  կասկածո՞ւմ եք, որ նման դաշինքի ստեղծումը գործնական առումով ոչինչ չի տա:

-Գիտեք, իմ մտավախությունը ծնվում է  անցյալում ունեցած մեր ոչ հաջողված փորձերից: Մտավախություններս ծնվում են նրանից, որ չունենք  գործընթացին  համապատասխան ունակություններ:

Տեսեք, այսօր Հայաստանի իշխանությունը  հայտարարում է` Արցախը պետք է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, բայց մեր պետական ապարատն իր ամբողջ կազմով, իր դիվանագիտությամբ այդ ուղղությամբ դեռ ոչինչ չի անում: Այսինքն`  հռչակվում են դրույթներ, մինչդեռ դրանց ուղղությամբ  շատ քիչ քայլեր են արվում:

Ինչպե՞ս կարելի է խոսել Արցախը բանակցությունների  սեղանի շուրջ վերադարձնելու  մասին, բայց  որևէ գործնական քայլ չանել, օրինակ,  միջազգային հանրությանը չբացատրել, թե ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Այսօր տարբեր երկրների մեր գործընկերներն ասում են` դե, Հայաստանը կա,  երկար տարիներ մասնակցում է բանակցություններին,  էլ ինչի՞ համար Արցախը մասնակցի: Բավարար ջանք չի գործադրվում Արցախի մասնակցությունը միջազգային հարթակներում լիարժեքորեն բացատրելու համար:

Հիմա էլ, արդյոք, կկարողանա՞նք բացատրել, թե մեզ ինչո՞ւ է պետք Հայաստան- Արցախ ռազմավարական դաշինքը: Ես վստահ չեմ` այս փուլում չիշտ է թե սխալ նման դաշինքի ստեղծումը:

-Դրանով  Հայաստանի եւ Արցախի իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացվում:

-Բայց չէ՞ որ միայն միջազգային սուբյեկտները  կարող են կնքել նման պայմանագիր:  Այսինքն, կնքելով` մենք փաստացի ճանաչելու ենք Արցախի անկախությունը: Դե յուրե`ոչ, բայց դե ֆակտո այն կարող է նշանակել Արցախի Հանրապետության ճանաչում: Արդյոք դա՞ է մեր նպատակը, մենք դրան պատարա՞ստ ենք, արդյո՞ք կարող ենք այդ բեռը կրել միջազգային բոլոր հարթակներում: Արդյո՞ք, դա չի խոչընդոտի բանակցային գործընթացին:

-Բանակցային գործընթացը ադրբեջանական կողմի թեթև ձեռքով հաճախ է խաթարվում կամ հայտնվում փակուղում: Անվերջ մտածելով, թե նման քայլերով կվտանգվեն բանակցությունները, արդյոք, չե՞նք ուշացնում մեր հիմնական նպատակին հասնելուն միտված քայլերը:

-Նման գործողությունների համար պետք է ունենալ համապատասխան հնարավորություն և ուժեղ ռեսուրսներ: Ես դեմ չեմ, իհարկե, նույնիսկ եթե հայտարարենք  Բաքուն գրավելու մասին, բայց հայտարարելու համար պետք է  ունենալ  համապատասխան ներուժ: Իսկ մենք  չափե՞լ ենք մեր ներուժը: Բացի այդ,  արդյոք հռչակե՞լ ենք մեր  նպատակը, թե ո՞ւր ենք գնում: 30 տարի մեր նպատակը հռչակված չէ, թե ի վերջո, այս ամենի արդյունքում մենք ի՞նչ ենք ուզում ստանալ:  Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի ձևավորման  գործընթացն էլ սկսել ենք, բայց արդյունքում չենք հստակեցրելի՞նչ ենք ուզում ստանալ: Արցախում կազմակերպված ֆորումի  հռչակագրում էլ չի նշված, թե վերջնարդյունքում մենք ի՞նչ ենք ուզում:

-Դեռևս 91-ին Արցախը հանրաքվեով ասել է իր խոսքը`վերամիավորում  Մայր Հայաստանին:

-Շատ լավ, բայց հետո էլ ասել է` անկախ պետականության հռչակման մասին: Իսկ հիմա, 21 դարում, գործող բոլոր իրողությունները  հաշվի առնելով, ի՞նչ ենք մենք ուզում ստանալ: Ահա այս հարցի պատասխանը մենք դեռևս չենք հնչեցրել:

-Այսինքն` նոր ձևակերպման անհրաժեշտություն կա:

-Իհարկե` կա

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ