Դուք կարո՛ղ եք և պե՛տք է դարձնեք Հայաստանն ավելի մրցունակ և ավելի բարեկեցիկ երկիր. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վերջին զանգի առթիվ

am en ru
douq-karox-eq-e-petq-e-darcneq-hayastann-aveli-mrcounak-e-aveli-barekecik-erkir-armen-sargsyane-snorhavorel-e-verjin-zangi-artiv

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ,Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Ձեր աչքերում հուզմունք ու ոգևորություն կա, անհամբերություն և առաջ շարժվելու վճռականություն: Մի պահ թվում է, թե դուրս եք գալիս բաց տիեզերք, որտեղ ազատությունն անչափելի է, իսկ անսահմանությունը՝ անծայրածիր: Բայց, միևնույն ժամանակ, բոլորդ շատ լավ հասկանում եք, որ շարունակում եք քայլել կյանքի ճանապարհով, որտեղ ձեզ սպասում են բազմաթիվ մարտահրավերներ, փորձություններ եւ հնարավորություններ: Դպրոցն այդ ճանապարհի կարևորագույն հանգրվանն է: Կյանքի այդ հիշարժան հատվածը դուք անցել եք ինքնահաստատվելով ու սովորելով, սիրելով ու երազելով, աչքի առաջ ունենալով ձեր վաղվա օրը, վաղվա աշխատանքը, վաղվա ընտանիքը, վաղվա հայրենիքը: Այսօր դուք հասել եք մի կետի, որից սկսած՝ ավելի գործնական պետք է մասնակցեք այդ ամենի կերտմանը՝ մտածելով, ստեղծելով, աշխատելով»:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ մրցակցությունից դուրս չմնալու համար անհրաժեշտ է անդադար կրթվել, զինվել գիտելիքներով: «Աշխարհն արագորեն փոփոխվում է՝ նաև ձեր միջամտությամբ ու ձեր շնորհիվ: Մրցակցությունից դուրս չմնալու համար անհրաժեշտ է անդադար կրթվել, զինվել գիտելիքներով, զարգացնել երևակայությունը, առաջարկել գաղափարներ, դրանք իրագործել, անհրաժեշտ է խիզախել, ոգևորվել ու հաղթել: Դուք կարո՛ղ եք և պե՛տք է դարձնեք Հայաստանն ավելի մրցունակ և ավելի բարեկեցիկ երկիր: Մեծ է ձեր ուսուցիչների ու ծնողների ներդրումը,և դուք պետք է անպայման մասնակից դառնաք առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն: Այսօր հնչող զանգը ձեզ կոչում է նոր մեկնարկի ու թռիչքի: Վստահ եղեք՝ ձեր մտքի և հոգու թռիչքը կարո՛ղ եք վերածել նյութեղեն ու հոգևոր հզոր արժեքների, որոնք կծառայեն մեր հայրենիքին, ժողովրդին, ամբողջ մարդկությանը: Մաղթում եմ ձեզ առողջություն, անսահման երևակայություն և հաջողություն, սեր ու երջանկություն»,- նշել է նախագահը:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ