Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Դրոնը Լյուքսեմբուրգի երկնքում, որ վախեցրեց ադրբեջանցիներին

drone-lyouqsembourgi-erknqoum--or-vaxecrec-adrbejancinerin

Մի քանի օր է, ինչ ողջ համացանցը մեծ ոգևորությամբ քննարկում է հայ երիտասարդների կողմից Լյուքսեմբուրգում ընթացող ֆուտբոլային հանդիպման ժամանակ իրականացրած գործողությունը, երբ անօդաչու սարքի միջոցով տեղի թիմի և ադրբեջանական «Քարաբագի» (պահպանում եմ իրենց հնչյունաբանությունը) խաղի ընթացքում անօդաչու սարքի միջոցով մարզադաշտի վրա տարածվեց Արցախի Հանրապետության դրոշը:

Հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ ակցիան իրականացրել են հարևան Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները:

Ինչ խոսք, փառք ու պատիվ մեր երիտասարդներին, որոնք բավական լուրջ ռիսկի դիմեցին: Յուրաքանչյուր հայ այդպիսի պահերին հպարտություն է ապրում իր ազգի համար: Առավել ևս կարևոր էր հայկական միասնականության նմանատիպ ցուցադրումը հատկապես հիմա, երբ ոմանց կողմից փորձեր են արվում կասկածի տակ դնել այն:

Սակայն այժմ ցանկանում եմ հարցին անդրադառնալ մեկ այլ տեսանկյունից: Ակնհայտ էր, որ նման գործողությունը չէր կարող անպատասխան մնալ ոչ ՈւԵՖԱ-ի, ոչ էլ առավել ևս, մեր ոխերիմ հարևանների կողմից: Այդպես էլ եղավ՝ նրանց ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական բողոք է հղել՝ տեղի ունեցածը որակելով որպես սադրանք և իրենց ֆուտբոլիստների կյանքին սպառնացող վտանգ և պահանջելով համապատասխան հետաքննություն սկսել:

Ակնհայտ է նաև, որ ՈւԵՖԱ -ն կարձագանքի այդ բողոքին և որոշակի պատժամիջոցներ կձեռնարկի, առաջին հերթին, կարծում եմ, մեր ֆեդերացիայի նկատմամբ: Հավանաբար դրանք կկրեն ֆինանսական բնույթ, սակայն դժվար թե միայն դրանով սահմանափակվեն: Մտավախություն ունեմ, որ միառժամանակ կսահմանափակվի նաև Հայաստանի ֆուտբոլային երկրպագուների մուտքը եվրոպական երկրներ, ինչն արդեն շատ ավելի վատ կլինի:

Հուսանք, որ համապատասխան օղակները կկարողանան հարթել այս միջադեպի հնարավոր վատթար հետևանքները, և մենք հնարավորություն կունենանք առաջիկա խաղերում Իտալիայի և Ֆինլանդիայի մարզադաշտերում տեսնել մեր ֆուտբոլային երկրպագուներին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ