Եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը, պետք են նոր իրատեսական առաջարկներ. Արցախի ԱԳ նախարար

am
ekel-e-hnacac-skzbounqneric-hrajarvelou-jamanake--petq-en-nor-iratesakan-arajarkner-arcaxi-ag-naxarar

«Համանախագահներն արտահայտել են իրենց կարծիքը, ասել են՝ առաջարկությունը դեռեւս բանակցային սեղանին է։ Իսկ մեր մոտեցումն այսպիսին է՝ եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը, եւ պետք են նոր իրատեսական առաջարկություններ»,- այս մասին երեկ հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո

Լրագրողների հետ զրույցում Մայիլյանը խոսել է նաև բանակցային գործընթացին մասնակցության ձևաչափի մասին, ասելով՝ «Ինչ վերաբերում է ձեւաչափի վերականգնմանը, մենք կարող ենք որոշ առաջընթաց ակնկալել։ Սակայն հին մոտեցումների եւ բանակցություններում Արցախի չմասնակցելու պայմաններում առաջընթաց ակնկալել հնարավոր չէ»։

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի Արցախի ԱԳ նախարարը՝ հին սկզբունքներ ասելով, արդյո՞ք, խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, Մայիլյանը կրկնել է իր միտքը. «Սկզբունքները ու վերջին 27 տարիների ընթացքում հնչած առաջարկությունները հնացել են, ու պետք է վերանայվեն»։

Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի բացմանը Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված երեք սկզբունքներին եւ վեց տարրերին, եւ նրան, թե ընդունելի է համարում արդյոք Ստեփանակերտը դրանք, Մայիլյանն նշել է, որ «Փաշինյանն իր ելույթում ասել է դրանց հստակեցման անհրաժեշտության մասին։ Մենք դրա հետ համաձայն ենք։ Սակայն մենք նաեւ խոսում ենք վերանայման անհրաժեշտության մասին»։

Նախկին իշխանություններն ասում են, թե Արցախը վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը կխափանի բանակցային գործընթացը եւ վտանգավոր է։

Արցախի ԱԳՆ ղեկավարը չի կիսում այն կարծիքը, որ ձեւաչափի փոփոխությունը կարող է խափանել բանակցային գործընթացը։ «Հայաստանի նոր իշխանությունները, իմ կարծիքով, կառուցողական մոտեցում են ցուցաբերում։ Նրանք հայտարարել են, որ կմասնակցեն հանդիպումներին, քանի որ առանց Արցախի բանակցությունները լիարժեք չեն կարող լինել։ Հայաստանն Արցախի մասնակցությունը որպես պայման չի դնում, այլ ասում է, որ կխոսի իր անունից։ Կարծում եմ՝ դա ճիշտ կառուցողական մոտեցում է»,- պատասխանել է Մայիլյանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ