Եկեղեցի, որը վերածվել է աղավնիների բնի

ekexeci--ore-veracvel-e-axavnineri-bni

Թուրքիայի Կեսարիա նահանգի Թոմարզա շրջանի կենտրոնում գտնվող հայկական Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին փլուզման վտանգի մեջ է։ Ավելի քան 400-ամյա պատմական եկեղեցին անտերության է մատնվել տեղական իշխանությունների կողմից։ Թեև հանդիսանում է պատմաճարտարապետական մշակութային ժառանգություն, բայց զրկված է ամեն տեսակ խնամքից և ուշադրությունից։ Ու եթե նույն կերպ շարունակվի, ապա շուտով կզրկվի նաև աղավնիների ներկայությունից. անհոգատար վերաբերմունքի ու անմխիթար վիճակի պատճառով կխոնարհվի գետնին և կդառնա հերթական անհետացող ավերակը։ Ի դեպ, նույն այդ Կեսարիա նահանգում ցավալի նախադեպն արդեն կա, երբ մեկ այլ հայկական եկեղեցուց՝ Թոմարզայի նշանավոր վանքից, մնացել է ընդամենը մի քանի քանդված պատ։

 

Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 1570 թվականին։ Ըստ ավանդության՝ այն կառուցվել է Թադևոս առաքյալի կողմից։ Եկեղեցու բակում է ամփոփված Անիի թագավորության վերջին տիրակալի՝ Գագիկ 2-րդ Բագրատունու աճյունը։ Տեղի հայերի քաջությունների համար թուրքերն ու քրդերը հնում Թոմարզան անվանում էին «Քյուչուք Զեյթուն», այսինքն՝ Փոքր Զեյթուն։ Հայոց ցեղասպանությունից հետո  եկեղեցին նախ օգտագործվել է որպես պահեստ, ապա որպես կինոսրահ, իսկ հետագայում էլ լիովին լքվել է: Վերջին հայերը այստեղից հեռացել են 1929-ին վերջերին ու տեղափոխվել Խորհրդային Հայաստան։ Այդուհանդերձ Թոմարզայի հայկական մշակութային հետքերը մինչ օրս էլ նկատելի են այդ բնակավայրում։

 

Անտարբերության մատնված Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու տանիքի քարե սալիկները վաղուց արդեն ճաքեր են տվել, իսկ պատերի ստորին հատվածներում ծեփերը թափվել են: Քիվերը կոտրվել են: Ոչ վաղ անցյալում Կեսարիայի հուշարձանների պահպանության վարչությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ, որի արդյունքում մշակույթի և բնության ժառանգության պաշտպանության հանձնաժողովը զեկույց էր կազմել։ Այդ զեկույցում ներկայացվել էր հայկական եկեղեցու վերականգնման ծրագիր: Բայց պատկան մարմինները կարևորություն չեն տվել խնդրին, ու եկեղեցին այդպես էլ չի վերանորոգվել:

 

Քանի որ եկեղեցին արդեն ամեն րոպե փլվելու ռեալ վտանգի տակ է, Թոմարզայի մշակութային միության նախկին ղեկավար Հասան Գյուրբյուզը բարձրաձայնում է վերանորոգման աշխատանքների անհետաձգելի անհրաժեշտության մասին։ Իհարկե, այդ մտահոգությունը ծնվել է ոչ թե հայկական ժառանգության պահպանման անհանգստությունից, այլ տուրիստական նպատակներով ֆինանսական հոսքեր ապահովելու ցանկությունից։ Եվ դա այնքան բացահայտ է։

 

«Մեր ամենամեծ ցանկությունն է վերականգնել եկեղեցին և այն դարձնել զբոսաշրջային վայր: Եկեղեցին վերածվել է աղավնիների բնի և ամեն պահի փլուզման վտանգի տակ է: Ակնկալում ենք, որ մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության պաշտոնյաները կզբաղվեն այս հարցով»։

 

Նախօրեին ընտրվել է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահը։ Միաբանության անդամների կողմից ընտրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, հուսանք, ականջալուր կլինի այս խնդրին և հնարավոր միջամտությունը կցուցաբերի Թոմարզայի հայկական եկեղեցին որևէ կերպ վերանորոգելու և կործանումը որևէ կերպ կանխելու համար։ Մանավանդ որ այս դեպքում թուրքական շրջանակների շահագրգռությունը ևս կա տուրիզմի զարգացման համատեքստում։

 

Իսկ մինչ այդ աղավնիները դեռ շարունակում են խաղաղ հանգրվանել վտանգված եկեղեցու ծերպերում։

Լրահոս

Նմանատիպ նորություններ