ԵՄ-ն այս տարի համարյա կրկնապատկել է ՀՀ-ին տրվող աջակցությունը. Դոնալդ Տուսկ

am
em-n-ays-tari-hamarya-krknapatkel-e-hh-in-trvox-ajakcoutyoune-donald-tousk

2019թ.-ի համար ԵՄ-ը համարյա կրկնապատկել է ՀՀ-ին տրվող աջակցությունը՝ ճանաչելով բարեփոխումների ուղղությամբ կառավարության կողմից տարվող ջանքերը: Այսօր այս մասին ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումն ամփոփելիս:

Տուսկը նշեց, որ իր այցելությունը Հայաստան ապացուցում է այն կարևորությունը, որը ԵՄ-ը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ ունեցած հարաբերություններին: «Մեր այսօրվա քննարկումն ընդգծեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի արդյունավետ իրականացումը, որը Հայաստանի արդիականացմանը սատարող հավակնոտ համաձայանգիր է: ԵՄ-ը  կշարունակի համաձայանգրի իրականացման համար տեխնիակական և ֆինանսական օժանդակություն տրամադրել: Վարչապետը և ես նաև համաձայնեցինք, թե որքան կարևոր է օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը»,- նշեց Տուսկը:

Վերջինս ընդգծեց, որ ԵՄ-ը ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու միտքը: Ըստ Տուսկի՝ կուռ դատական համակարգը ժողովրդավարության և տնտեսական ու սոցիալական զարգացման համար էական բաղադրիչ է: «ԵՄ-ը նաև այստեղ շարունակելու է փորձագիտական աջակցությամբ և լրացուցիչ ռեսուրսներով օգտակար լինել: Քննարկեցինք նաև հակակոռուպցիոն մասնագիտացված հանձնաժողովի ստեղծման հարցը: 2019թ.-ի համար ԵՄ-ը համարյա կրկնապատկել է ՀՀ-ին տրվող աջակցությունը՝ ճանաչելով կառավարության բարեփոխումների ուղղությամբ արվող ջանքերը: Այդ միջոցները կօգնեն իրականացնել գերակա ծրագրերը»,-նշեց Տուսկը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ