Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ընդդիմադիր լրագրողը սպանվա՞ծ է Ստամբուլում

enddimadir-lragroxe-spanvac-e-stambouloum

Այս օրերին, անկասկած, գլխավոր թեման Ֆրանկոֆոնիան է: Ամբողջ Հայաստանն ապրում է այդ կարևորագույն իրադարձությամբ:

Առաջարկում եմ մի փոքր շեղվել օրվա թեմայից և անդրադառնալ մի աննախադեպ միջազգային իրադարձության, որը շուրջ 10 օր է, ինչ գտնվում է միանգամից մի քանի պետությունների ուշադրության կենտրոնում և սպառնում է վերածվել քրեական ուղղվածությամբ խոշոր դիվանագիտական սկանդալի:

Հոկտեմբերի 2-ին սաուդյան ծագումով The Washington Post պարբերականի լրագրող Ջամալ Հաշքաջին մուտք է գործում Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք, որից հետո անհայտանում է: Հյուպատոսության մոտ նրան սպասող թուրք հարսնացուին ( ի դեպ, լրագրողը ցանկանում էր ձևակերպել որոշ փաստաթղթեր՝ նրա հետ ամուսնությունը գրանցելու նպատակով) շուրջ 5 ժամ հետո հաղորդում են, որ Հաշքաջին շենքից դուրս է եկել: Այդ օրվանից սկսած նրան այլևս ոչ ոք չի տեսել:

Անհրաժեշտ է նշել, որ լրագրողը հայտնի էր իր քննադատական հոդվածներով՝ ուղղված սաուդյան ղեկավարությանը, որոնք երբեմն անցնում էին <<թույլատրելիի>> սահմանները: Սա, ինչպես նաև որոշ այլ հանգամանքներ, թույլ են տալիս թուրքական ոստիկանությանը լուրջ կասկածներ ունենալ, որ Հաշքաջիին սպանել են: Ավելին, հոկտեմբերի 6-ից այս վարկածը դարձել է հիմնականը:

Նույն կարծիքի են նաև ԱՄՆ-ում, որտեղ արդեն մի քանի տարի մշտապես բնակվում է լրագրողը: Այդ լուրը, սակայն, պաշտոնապես հերքվել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի կողմից:

Սաուդյան իշխանությունները այս օրերին գտնվում են ամերիկա-թուրքական լուրջ ճնշման տակ: Այսպես, ԱՄՆ նախագահ Թրամփը հոկտեմբերի 10-ին շատ խիստ տոնով բացատրություններ է պահանջել Սաուդյան Արաբիայի իշխանություններից Հաշքաջիի ճակատագրի վերաբերյալ: Սպիտակ տան մամլո քարտուղար Սարա Սանդերսի վկայությամբ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ շփվել են նաև պետքարտուղար Պոմպեոն և նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Բոլտոնը:

Մյուս կողմից վրդովված է նաև Թուրքիայի նախագահը: Էրդողանը պաշտոնական ապացույցներ է պահանջում սաուդյան իշխանություններից, որոնք կհաստատեն լրագրողի՝ հյուպատոսությունը ողջ-առողջ լքելու փաստը: Այս պահի դրությամբ դրանք բացակայում են: Պարզվում է, որ տեսանկարահանման սարքերը հյուպատոսության տարածքում այդ օրը գտնվում էին անսարք վիճակում: Սա զարմացրել է Թուրքիայի նախագահին, իսկ նրա խորհրդական Յասին Աքթայը ուղիղ տեքստով հայտարարել է, որ ընդդիմադիր լրագրողին կարող էին ուղղակի սպանել անմիջապես ստամբուլյան հյուպատոսությունում:

Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվել էին: Համերաշխությունը, որը կողմերը ցուցաբերում են Ջամալ Հաշքաջիի հարցում վկայում է քայն մասին, որ իսկապես ինչ-որ լուրջ բան է տեղի ունեցել:

Սպասենք հետագա զարգացումներին:

Լրահոս

Նմանատիպ նորություններ