Էներգետիկ ճգնաժամ Հայաստանում

energetik-jgnajam-hayastanoum

Հայաստանի էներգետիկ համակարգում այսօր վթար է տեղի ունեցել՝ էներգահամակարգում հաճախականությունների տատանումների հետևանքով էլեկտրաէներգիայի խոշոր արտադրողների ռելեական պաշտպանությունը կանգնել է, սկզբում Հրազդան ՋԷԿ-ի  հինգերորդ բլոկն է  անջատվել, ապա Երևանի ՋԷԿ-ը, հետո էլ Երևանի ԲԷՑ-ը։ Այս անջատումների հետևանքով էլեկտրաէեներգիայի անջատումներ են տեղի ունեցել Հայաստանի ողջ տարածքում։

Հիմնականում հիդրոկայանների՝ ՀԷԿ-երի աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել կանխել լիակատար ճգնաժամը։ Հայտնի է, որ աշխատում էր «Որոտան» կասկադը, իսկ հարավում էլեկտրաէներգիա  ներմուծվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից։

Նշենք, որ ՀԷԿ-երով հնարավոր է ապահովել էլեկտրաէներգիայի պահանջարկի միայն 40%, ինչը նշանակում է, որ հնարավորինս արագ պետք է վերականգնել ջերմակայանների՝ ՋԷԿ-երի աշխատանքը։ Հայտնի է նաև, որ Լոռու և Տավուշի մարզերում էլեկտրաէներգիայի սնուցումը ժամանակավորապես հնարավոր է եղել իրականացնել Վրաստանից։

Խոսելով ստեղծված իրավիճակի պատճառների մասին՝ պետք է ասել, որ Հայաստանի առջև ծառացած էներգետիկ ճգնաժամը հետևանք է այդ բնագավառի վատ կառավարման, որն իր հերթին արդյունք է ՀՀ կառավարման համակարգի փոփոխության հետ։ Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ կառավարության, այսպես ասենք, օպտիմալացման-կրճատման արդյունքում անհետացավ Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունը։

Հենց այս կառույցն էր պատասխանատու ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրողական շուկայի զարգացման՝ էներգետիայի գեներացման, արտահանման և սպառման համար։ Ըստ օրենքների՝ այդ նախարարությունն էր նաև պատասխանատու ՀՀ էներգետիկ անվտանգության և այդ բնագավառի զարգացման ու ռազմավարության մշակման համար։

Էներգետիկայի նախարարության լուծարումը և դրա որոշ ենթակառույցների հանձնումը Տարածքային կառավարման նախարարությանը ոչ միայն ճիշտ չէր, այլև բնագավառը շատ վատ պատկերացնելու ու դրա զարգացման հեռանկարները չհասկանալու հետևանք էր։ Այդ գործառույթների հանձնումը Տարածքային կառավարման նախարարությանը հանգեցրեց քաոսի, ինչն էլ այդ գործընթացի իրականացումից մի քանի ամիս անց էներգետիկ ճգնաժամ առաջացրեց։

ՀՀ ներկա կառավարությունը այս գործընթացները կանխելու և հետագայում դրա կրկնությունը թույլ չտալու համար պետք է վերանայի իր մոտեցումը և վերականգնի էներգետիկ նախարարությունը՝ այն դուրս բերելով այլ նախարարության ենթակայությունից։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ