Ընթերցողներին ներկայացվեց Երվանդ Ազատյանի «Էջեր կորուսեալ եւ անկորուստ» գիրքը

entercoxnerin-nerkayacvec-ervand-azatyani-ejer-korouseal-eu-ankoroust-girqe

Երեկ Երևանի Թեքեյան կենտրոնում կայացավ գրող, հրապարակախոս, գրականագետ, ԱՄՆ և Կանադայի Թեքեյան Մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ, ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ Երվանդ Ազատյանի «Էջեր կորուսեալ եւ անկորուստ» գրքի շնորհանդեսը:

Սա Ազատյանի թվով 7-րդ մեծածավալ գիրքն է, որի շնորհանդեսին ներկա էին գրականագետներ, արվեստի գործիչներ, հեղինակի ստեղծագործությամբ հետաքրքրվողներ ու այն բարձր գնահատողներ:

Բացման խոսքով հանդես եկավ «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Վերջինս համառոտ ներկայացրեց Ազատյանի բազմամյա հարուստ ստեղծագործական գործունեությունը՝ նրան համարելով մեր լավագույն մտավորականներից, հրապարակախոսներից մեկը: «Գրող, դասախոսող մարդկանց կարելի է երեք խմբի բաժանել: Առաջին խումբին են պատկանում այն մարդիկ, ովքեր, հասնելով մի տարիքի, որոշում են, որ իրենց գործերը պետք է ներկայացնել: Նրանց մի մասը հույս չունի, որ մահից հետո որևէ մեկը կհրապարակի դրանք: Երկրորդ խմբում այն մարդիկ են, որոնք ստեղծագործում են և ոչ մի գրքի մեջ չեն ամփոփում իրենց գործերը: Իսկ երրորդ խմբին են պատկանում այն մարդիկ, որոնք մի կողմից գրում են, մյուս կողմից՝ հրատարակում: Այս խմբին է պատկանում մեր այսօրվա հերոսն իր գրքով»,- ասաց Ավետիքյանը՝ հիշեցնելով, որ Երվանդ Ազատյան հրապարակախոսի՝ ամենօրյա աշխատանքը՝ խմբագրականներով 2 տարբեր թերթերի համար հայերենով ու անգլերենով, հոդվածներ տարբեր ոլորտների վերաբերյալ և այլն: 

Գրքի վերաբերյալ իր կարծիքով առաջինը ներկաների հետ կիսվեց գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը, ով, մասնավորապես, նշեց. «Նախորդ հոդվածս (այն վերաբերում է Ազատյանի՝ անցյալ տարի լույս տեսած «Ժամանակի եւ ժամանակակիցներու հետ» գրքին, խմբ.) ավարտում էի հարցով՝ թե ինչո՞ւ է գրեթե 500 էջից բաղկացած հատորը նվիրված արևմտահայ ու սփյուռքահայ գրականությանը, և հույս ունեի, որ հաջորդ հատորն արդեն կարտացոլի հայաստանյան գրականությունը:  Իմ բարձր գնահատականը տվել եմ հիշատակածս հոդվածում, որտեղ խոսքը միայն Երվանդ Ազատյան երևույթին ու սփյուռքահայ, արևմտահայ գրականության որոշ դրսևորումներին չի վերաբերում, այն վերաբերում է նաև արվեստին, թե ինչպես պետք է գործ արած մարդուն արժանին մատուցել, մի բան, որը մեզանում շատ դեպքերում կաղում է»:

Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, նախ շնորհավորելով Ազատյանին գրքի լույս ընծայման կապակցությամբ, ներկայացրեց իր մի քանի դիտարկումները՝ կապված հատորի հետ: Գրականագետը, ի մասնավորի, ասաց. «Դուք ունեք մեր ազգի, գրականության և մշակույթի միասնական հիմքի գաղափարը, որն այսօր շատ կարևոր է: Եղել են ժամանակներ, երբ տարանջատում է եղել՝ պոլսահայ գրականություն, տաճկահայ գրականություն, որոնք հակադրության մեջ էին դրվում և տարբեր կերպ բացատրվում: Բայց, իհարկե, այս ամենի հիմքը մեր միասնական, ազգային արժեքներն էին, ինչը չի կարելի ժխտել:»: Դեմիրճյանը հավելեց նաև, որ գրքում մեկտեղված հոդվածները չունեն ծանոթագրություններ, նշված չէ, թե հոդվածները երբ և որտեղ են տպագրվել: «Սա շատ կարևոր է, քանի որ հարցեր են բարձրացվում, որոնք իրենց ժամանակին են եղել արդիական: Ցանկալի կլիներ նշել, թե հոդվածները երբ ու որտեղ են լույս տեսել: Դա մեզ հնարավորություն է տալիս հոդվածի բովանդակությունն իր ժամանակի մեջ դիտարկել»,- նշեց Դեմիրճյանը: 

    

Ելույթ ունեցավ նաև Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: Վերջինս իր հերթին ասաց, որ Երվանդ Ազատյանի հոդվածներին վաղուց է ծանոթ և մշտապես կարդում է դրանք՝ լինեն քաղաքական, թե՝ մշակութային: «Ինչո՞վ են ինձ հմայում Ազատյանի հոդվածները՝ դրանք անվերջ ճշգրիտ են: Ինչի մասին խոսում է, ճշգրիտ սեպում է այն, ինչը երևի մտածում են իր նմանները կամ ընթերցանության որոշակի ամբար ունեցող մարդիկ: Այդ իմաստով Ազատյանի բոլոր նյութերում կա սթափ, քննական, անկանխակալ հայացք: Երվանդ Ազատյանը քանիցս զեկուցումներով է հանդես եկել սփյուռքահայ գրականության վերաբերյալ համաժողովներում, և կարողացել է տող առ տող, անուն առ անուն ներկայացրել Սփյուռքի ամբողջ քարտեզը՝ ինչպես ընթացիկ գրականությունը, այնպես էլ այն ցավալի հանգամանքը, որ այսօր Սփյուռքում երիտասարդ գրողների թիվը սակավ է:  «Էջեր կորուսեալ եւ անկորուստ» գրքում ներառված հոդվածները խոսում են այն ցավի մասին, որը հիմնականում վերաբերում է սփյուռքահայությանը: Բայց կան բաներ, որոնք համահայկական են՝ մշակույթի, կրթության, բարեգործության հանդեպ վերաբերմունքը, այն արժեհամակարգի հանդեպ վերաբերմունքը, որի հիման վրա ժողովուրդը պետք է ժողովուրդ մնա»,- նշեց Միլիտոնյանն ու հորդորեց Ազատյանին նույն ոգով նաև անդրադառնալ հայաստանյան գրական ուղղություններին, քանի որ նման սթափ հայացքի կարիք կա: «Դուք Ձեր գրքերով ստիպում եք մեզ զգալ Ձեր կարիքը հայաստանյան գրականագիտության մեջ: Այսպիսի բազմաճյուղ մտածողության տեր մարդու ես Հայաստանում հազվադեպ եմ տեսնում: Սիրով սպասում ենք նոր գրքերի»,- եզրափակեց Միլիտոնյանը:

Գրքի առաջաբանի կազմող գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանն իր խոսքում ներկայացրեց գրքի մի քանի կարևոր արժանիքներ, որոնք նպաստել են հանձն առնել գրքի հետ աշխատանքը: «Ես հանձն առա աշխատել գրքի վրա, քանի որ Երվանդ Ազատյանը գրում է հայերենով: Մեր լեզուն այսօր սարսափելի վիճակում է: Գաղտնիք չէ, որ անգրագետ, ոչ հայերեն շարադրանքով գրականագիտական գրքեր են լույս տեսնում:  Հաճելի է հայերեն տեքստ կարդալը, լավ, ճկուն, գեղեցիկ հայերեն կարդալը, երբ մարդու մտածողությունը ևս հայերեն է: Սա Երվանդ Ազատյանի գրությունների առաջին արժեքավոր հատկանիշն է ինձ համար: Ազատյանը մեզանում այն եզակիներից է, ով ունի լայն հայացք: Նա այն մարդկանցից է, որը կարող է և՛ օպերայի մասին գրել, և՛ կերպարվեստի, և՛ թատրոնի: Ինձ համար հետաքրքիր է այդպիսի լայն հայացք ունեցող գրականագետը: Դա համարում եմ իր գրքի երկրորդ կարևորագույն արժանիքը: Եվ երրորդը իր քաղաքացիական դիրքորոշումն է: Մենք գրողից, գրականագետից քաղաքացիական դիրքորոշում ենք ուզում: Կարծում եմ, որ ամեն մասնագիտության մարդ, մանավանդ հանրային խոսքի տեր մարդ, պետք է բարոյական նկարագիր ունենա: Ազատյանի գրություններում կա քաղաքացիական կեցվածք, դիրքորոշում, որը բարձր եմ գանահատում և համարում եմ երրորդ կարևոր արժանիքը: Սա գիրքը դարձնում է ոչ սովորական, ընտիր գիրք»:

Տեր-Խաչատրյանը նաև նշեց, թե ինչու է գրականագիտական հոդվածների և էսսեների կողքին հայտնվել 2 գեղարվեստական ստեղծագործություն՝ «Կապույտ Երևան»-ը և «Ցանկություն ծերոց»-ը:  Ինչպես Տեր-Խաչատրյանը ընդգծեց, Ազատյանը շատ հետաքրքիր կենսագրություն ունեցած անձ է և կյանքում հանդիպել է բազմաթիվ հետաքրքիր ու նշանավոր մարդկանց, որոնց հետ զրույցերում հետաքրքրական դրվագներ շատ են եղել: «Տարիներ շարունակ հորդորում եմ նրան գրի առնել այդ հուշերը: Հուշագրությունն արժեքավոր բան է, որն արևմտահայ, սփյուռքահայ գրականության մեջ գրեթե չկա, իսկ հիմա էլ աստիճանաբար վերանում է: Սա շատ կարևոր կլինի մեր գրականագիտության համար: Սակայն Ազատյանը տարակուսում է. ժամանակի հետ է կապված: Ես հավատում եմ, որ գրականագետը տիրապետում է և՛ գիտական խոսքին, և՛ գրական-գեղարվեստական: Ազատյանը սա հաստատում է: Ահա թե ինչու են այդ երկու ստեղծագործություններն առկա գրքում»,- նկատեց Տեր-Խաչատրյանը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշեց, որ ժողովածուն ներառում է Ազատյանի մտորումներն ամենատարբեր հարցերի, խնդիրների շուրջ: Միրզախանյանը հատկապես կարևորեց գրքում ընդգրկված «Կապույտ Երևան» էսսեն՝ նշելով, թե հեղինակը ինչքան պոետիկ ու բովանդակալից, նվիրումով ու սիրով է խոսում հայրենիքի մասին: «Դա է Երվանդ Ազատյանը: Մեր ժամանակների մեծագույն մտավորականը»,- ասաց Միրզախանյանը:

Միջոցառման եզրափակիչ խոսքն օրվա հերոսինն էր: Իր ելույթում Երվանդ Ազատյանը նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին, ելույթ ունեցած անձանց, ապա խոսեց գրքի մասին: Վերջինս նշեց, որ Սփյուռքում ընթերցողների քանակն աստիճանաբար նվազում է, կարդում են միայն գրողները, այն էլ միայն իրենց ստեղծագործությունները: Իսկ Հայաստանում ընթերցողներ կան՝ «գրողները դրսում են, իսկ ընթերցողները՝ ներսում՝ Հայաստանում»: «Ինձ համար մեր ժողովրդի միասնականությունը իսկական մտահոգություն է, տագնապալի է՝ մեր միասնականության պակասը: Այդ միասնականությունը նաև ազդել է մեր գրականության, մշակույթի վրա: Երբ այստեղ եմ հրատարակում գրքերս, կարծում եմ, որ իմ համեստ ներդրումն եմ անում մեր ժողովրդի երկու հատվածների միջև առկա փոխգործակցությանը: Ես հավատում եմ նաև, որ կորստի եզրին գտնվող արևմտահայերենը պետք  է հենց այստեղ՝ Հայստանում արժևորվի, այստեղ ուսումնասիրվի: Իմ կատարածը հիշեցում է, որ մենք նախանձախնդիր լինենք, որպեսզի լեզուն ազատվի այդ վտանգից ու դառնա մեր ժողովրդիՙ ամբողջական մշակույթի սեփականությունը»,- նշեց Ազատյանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ