Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Էքսկլյուզիվի բացատրությանը սպասելով…

eqsklyouzivi-bacatroutyane-spaselov

Ամենևին ցանկություն չունեի անդրադառնալ վերջին օրերին մեր հասարակությանը ցնցած թեմային՝ BBC-ի կողմից հրապարակված հայտնի փաստաթղթին: Նախ այն պատճառով, որ խնդրով անհանգստացած քաղաքագետներն ու իրավաբանները արդեն իսկ համապատասխան հայտարարություններ են տարածել, որոնցում արված հարցադրումների հետ ամբողջովին համամիտ եմ: Եվ երկրորդ՝ պարտադիր եմ համարել (և հիմա էլ համարում եմ), որ անհրաժեշտ է սպասել համապատասխան մարմինների պաշտոնական արձագանքին:

Սակայն օգոստոսի 8-ին այդ մարմիններից մեկի ղեկավարի՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունից հետո, խոստովանեմ, մոտս տարակուսանք առաջացավ: Ի պատասխան լրագրողի հարցադրմանը, պարոն Գրիգորյանը մի փոքր շփոթված (ինչպես ինձ թվաց) տոնով հայտնեց հետևյալ միտքը. 

«Ես կարծում եմ, որ այս հարցով պետք է դիմել քննչական մարմիններին: Իսկ անվտանգության տեսանկյունից լավ կլիներ, որ այդ փաստաթղթերը չհայտնվեին նրանց ձեռքում, բայց քանի որ արդեն հայտնվել են, դրանով պետք է զբաղվեն քննչական մարմինները»:

Ի՞նչ է նշանակում «լավ կլիներ» այն պարագայում, երբ անգլիական գործակալության ռուսական ծառայությունը պարզ ռուսերենով հայտարարում է, որ «Би-би-си получила эксклюзивный доступ к документам расследования одного из самых трагических событий в современной истории Армении: гибели 10 человек в Ереване во время протестов 1 марта 2008 года», կարծեք խոսքը գնում է ինչ-որ գեղեցկության մրցույթ կամ ֆուտբոլային խաղ լուսաբանելու մասին:

Սա իսկապես վրդովեցնող է: Ըստ էության, մեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս անվտանգությունն ապահովված չէ, քանի որ նման պետական նշանակության հույժ գաղտնի ցանկացած փաստաթուղթ ցանկացած պահի կարող է հայտնվել օտար ծառայությունների ձեռքում:

Երբ անցյալ տարի հրապարակվեցին հայտնի հեռախոսազրույցները, և բոլոր սթափ մարդիկ այդ առիթով հայտնեցին իրենց մտահոգությունները և վրդովմունքը, ընդդիմախոսները մեզ փորձում էին համոզել, որ գաղտնալսումներն արել են իրենց քաղաքական հակառակորդները: Հիմա, երբ խոսվում է էքսկլյուզիվի մասին, ակնհայտ է, որ օտարերկրյա հեղինակավոր գործակալությանը նյութերը տրամադրել է ինքը իշխանությունը՝ ի դեմս նրա կոմպետենտ ներկայացուցիչներից մեկի: Չեմ ցանկանում անդրադառնալ վարկածներին, որոնցում անուններ են շրջանառվում: Կրկնում եմ՝ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր պատասխանները տրվեն բացառապես պատկան մարմինների կողմից: Եթե մենք ինքներս մեզ հարգող պետություն ենք:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ