Երբ եկավ սեպտեմբերը…

erb-ekav-septembere

Գերքաղաքականացված Հայաստանը սահուն կերպով մտավ աշուն: Նույնիսկ նոր ուսումնական տարին չհանդարտեցրեց հասարակական կրքերը, իսկ նախագահ Քոչարյանի դատավարությանը, Ամուլսարի խնդրին, Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ դեբատներին գումարվեցին նոր պրոբլեմներ՝ պարուրված սենսացիայի քողով:

Սկսեմ առողջապահության նախարարին վերագրվող հայտարարությունից: Եթե նա իսկապես իրեն թույլ է տվել այդքան գռեհկորեն արտահայտվել 50 թոշակառուների մասին, որոնք, իր կարծիքով, միևնույն է՝ մեռնելու են, ապա այդ մարդը ոչ միայն առողջապահության նախարար աշխատելու իրավունք չունի, այլև նրան հակացուցված է կրել բժշկի վեհ կոչումը, քանզի նա առվազն չի հասկանում, ինչ ասել է Հիպոկրատի երդում:

Չեմ ցանկանում բարոյական գնահատական տալ այդ անձնավորությանը՝ դաստիարակությունս թույլ չի տալիս: Միայն մեկ բան ասեմ. ես ինձ համարում եմ նրա նշած 50-ից մեկը, չնայած թոշակառու մնացի ընդամենը մեկ տարի՝ մինչև Աստված ինձ փրկեց ծանրագույն հիվանդությունից: Փրկեց մեր փայլուն բժիշկների ձեռքերով՝ Արմեն Տիգրանիչի, բժշկուհի Լիանայի, բժշկուհի Լուսինեի, նույն բժիշկ Գևորգ Թամամյանի… Նրանք անձնազոհաբար պայքարեցին կյանքիս համար՝ հաղթելով ամենածանր փուլում հայտնաբերված օնկոլոգիական հիվանդությանը: Բուժման ընթացքում նրանցից ոչ մեկի մտքով չանցավ, որ ես միևնույն է՝ պետք է մահանամ, նրանք ուղղակի արեցին իրենց գործը՝ սիրով և հոգատարությամբ: Ու փառք ու պատիվ իրենց: Այս մասին այսքանը:

Հաջորդ թեման ներկված է հետզհետե ավանդական դարձող հակառուսական երանքներով: Վերջին ամիսներին հանկարծակի առյուծ կտրած որոշ հայաստանյան գործիչներ, իրար հերթ չտալով «քլնգում են» Ռուսաստանն ու իր ղեկավարությունը: Սեպտեմբերին արդեն ունենք առաջին այդպիսի «սխրանքը»՝ ՌԴ նախագահի հասցեին արված գռեհիկ ու անպարկեշտ գրառումով, որն արվել էր «առյուծներից»   մեկի կողմից հանրային հարթակում՝ իր ֆեյսբուքյան էջում: Հույս ունեմ, որ գոնե խելքը կտրել է հեռացնել այն, չնայած սքրիններն, որոնք անշուշտ պահպանված կլինեն շատերի մոտ: Ինչևէ, մարդը ահ է տալիս Վլադիմիր Պուտինին՝ խոստանալով, որ եթե նա համարձակվի այցելել ժամանակավոր անազատության մեջ գտնվող իր երբեմնի գործընկերոջը, բանտախցի դուռը իր հետևից կփակվի: Ի՞նչ է սա՝ մանկամիտ կատակ մի մարդու կողմից, որն իրեն քաղաքական գործիչ է համարում, թե՞ ավելի լուրջ դեպք, որն արդեն բժշկության ոլորտում է գտնվում:

Անցնենք առաջ: Երկու օր է՝ ինչ իրարամերժ լուրեր են տարածվում ՌԴ քաղաքացի ոմն Շիշկինին մեր երկրում քաղաքական ապաստան տալու մասին: Ամենայն հավանականությամբ, դա այդպես էլ կա, քանի որ նախ, նա ինքն է հայտարարել այդ մասին՝ շնորհակալություն հայտնելով մեր կառավարությանը: Բացի դրանից, սոցցանցերում տեղադրված է ապաստան ստացած քաղաքացու վկայականի լուսապատճենը: Եթե պարզվի, որ մեր երկիրն ընդունել է այդ մարդուն, որը բազմաթիվ խնդիրներ է ունեցել և հիմա էլ ունի իր երկրի քրեական օրենսքրքի հետ, ներառյալ նաև հակահայկական գործողություններ հրահրելու մեղադրանքով, ապա հայ-ռուսական հարաբերություններն այսօր, իրոք, աննախադեպ են: Մինուս նշանով, իհարկե:   

Ինչպես նկատեցիք, այս երեք իրադարձությունն էլ, չնայած ակնհայտ են և գտնվում են հանրային տեսանելիության տիրույթում, սակայն կարոտ են պարզաբանման: Սպասենք այդ պարզաբանումներին՝ ինչպես պաշտոնական մարմինների, այնպես էլ որոշ «նորհայաստանյան անհատ հերոսների» կողմից:

Լրահոս

Նմանատիպ նորություններ