Երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», բոլոր հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ. այսօր Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է

am en ru es
erb-lousinen-ergoum-e-sourb--sourbe--bolor-hrestaknere-bazmoutyamb-ijnoum-en-mayr-ator-aysor-lousine-zaqaryani-cnndyan-orn-e

Ուխտենք հավատարիմ մնալ Լուսինեի առաքելության ոգուն ամեն մեկս մեր չափով և մեր միջոցներով: Եվ այս ձևով սուրբ պահենք նրա հիշատակը մեր կյանքում: Մենք մանավանդ ամեն կիրակի գալիս ենք աղոթելու այս կամարների տակ, ինչպե՞ս կարող ենք մոռանալ Լուսինեին: Ոչ միայն մենք, այլև այս սրբացած հազարամյա քարերը պիտի հիշեն նրան: Ներծծված են նրանք Լուսինեի քաղցր ձայնով...

Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս

 

Մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանը  ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Վրաստանի Մեցխեթի շրջանի Ախալցխա քաղաքում: Լուսինեն սերում է երաժիշտների գերդաստանից։ Մորական պապը՝ Իոսիֆ Տոմաշեվիչը, ով ծագումով լեհահայ էր և օժտված էր ձայնային հարուստ տվյալներով՝ բաս-պրոֆունդո, Սանկտ Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչն է եղել: Մորական տատը՝ Ելենա Տոմաշեվսկայան էլ դաշնակահարուհի էր։

Ապագա երգչուհին 15 տարեկան էր, երբ  ընտանիքի հետ տեղափոխվեց Երևան, որտեղ սովորեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երևանի պետական կոնսերվատորիայում:

Լուսինե Զաքարյանը 1970-1983 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ Այդ ընթացքում երգել է նաև Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում։

 

 

ԽՍՀՄ տարիներին բազմաթիվ երաժշտական ոճեր արգելված էին, այդ թվում նաև հոգևոր երաժշտությունը, բայց Լուսինեն համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բեմ բարձրացնել։

Երգչուհին բազմիցս համերգներով հանդես է եկել արտերկրում և հանրահռչակել է հայ երգն ու երաժշտությունը,  տաղերը և շարականները, Կոմիտասի մշակումները: Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ։ Լուսինեի համար է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»:

 

«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», բոլոր հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար»

Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս

 

Լուսինեն շատերին է ոգեշնչել. նրան բանաստեղծություններ են ձոնել Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Արշալույս Մարգարյանը, այլազգի բանաստեղծներ (Էդուարդաս Մեժելայտիս, Անտոն Խիժնյակ, Միխայիլ Մատուսովսկի)։

1972 թվականին ժողովրդի սիրելի երգչուհին ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման է արժանացել:

 

 

Լուսին Զաքարյանը ամուսնացած է եղել հոգևոր երգիչ, մանկավարժ, շարականագետ,   գրաբարի մասնագետ Խորեն Պալյանի հետ: Վերջինս ծնվել է 1935 թ-ին Լիբանանի Տրիպոլի քաղաքում, իսկ1946 թ-ին տեղափոխվել է Հայաստան: Պալյանը  սովորել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում, 1955 թ-ին Մայր տաճարում ձեռնադրվել է սարկավագ, ապա 1961 թ-ին Վազգեն Ա ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա:  Սակայն 1965 թ-ին թողել է հոգևոր ասպարեզը և կյանքը կապել Լուսինե Զաքարյանի հետ:

 

Լուսինե Զաքարյանը ծանր հիվանդությունից վախճանվել է 1992 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում: Հարկ է նշել, որ  այդ ժամանակվա ՀՀ կառավարությունը չի թույլատրել երգչուհու  հուղարկավորությունը կատարել Կոմիտասի անվան պանթեոնում, արդյունքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի համաձայնությամբ Լուսինեի մարմինը 1993 թվականի հունվարի 4-ին ամփոփվել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը:

 

Լուսինե Զաքարյանի տապանաքարը Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը

 

 

 

Հայտնի երգչուհու մասին երեք գիրք է լույս տեսել, որոնք պատմում են Լուսինե Զաքարյանի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին:   

Դրանցից է  գրականագետ Կարլեն Դանիելյանի՝  204 էջից բաղկացած «Լուսինե Զաքարյան» աշխատությունը, որը գրվել է երգչուհու ստեղծագործական գործունեության բուռն շրջանում,  հրատարակվել 1981-ին:  

Լուսինեի մահից հետո նրա ամուսնու՝ Խորեն Պալյանի և բանասեր Լիդա Գևորգյանի կողմից կազմվել և 1999 թվականին Երևանում հրատարակվում է «Լուսինե» ժողովածուն: Սակայն, տեսնելով գրքի հանդեպ ընթերցողների  անտարբերությունը, Պալյանը գնել է գրքի բոլոր չվաճառված օրինակները՝ դրանք տեղափոխելով իր բնակարան:

2015 թվականին հրատարակվել է Լուսինե Զաքարյանի մասին պատմող 3-րդ գիրքը՝ Սերգեյ Մանվելյանի աշխատասիրությամբ հրատարակված «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուն:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ