Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Երբ սրվեց վրաց-ադրբեջանական սահմանային վեճը

erb-srvec-vrac-adrbejanakan-sahmanayin-veje

Սոցիալական ցանցերի մի օգտատեր շատ հետաքրքիր դիտարկում էր արել, որ Թբիլիսիում իրավիճակը բարդացավ, երբ սրվեց վրաց-ադրբեջանական սահմանային վեճը: Վերլուծաբանները դժվարանում են բացատրել վրացական նոր «մայդանի» պատճառները: Շատերը հակված են նրան, որ «նավակը ճոճում է» Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Վերջինս Ուկրաինայում նախագահի ընտրություններից հետո, ինչպես հայտնի է, վերադարձել է Կիեւ եւ պատրաստվում է քաղաքական բուռն գործունեություն սկսել: Սաակաշվիլիի կինը եւ որդին, սակայն, Վրաստանում են: Նախկին առաջին տիկինը վերջերս նույնիսկ մասնակցել է Զուգդիդիի քաղաքապետի ընտրությանը եւ պարտվել: Միջազգային լրատվամիջոցները ֆիքսել են Սաակաշվիլիի կնոջ մասնակցությունը Թբիլիսիի բողոքի ցույցերին: Վրաստանի վարչապետ Բախտաձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին փորձում է ապակայունացնել իրավիճակը եւ հետապնդում է շատ հստակ նպատակներ: Խորքային իմաստով դրված է Վրաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցը:  «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի վրա ծանրացած է «Կրեմլի գործակալի» կայուն վարկանիշ: Ընդդիմախոսները նրան մեղադրում են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղեգծի համար: Ասպարեզ են բերվում առաջին հայացքից շատ հիմնավոր թեզեր, որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքի մի մասը, Մոսկվան ունի վրացական ինքնությունը ճնշելու ծրագիր, ուստի կողմերի միջեւ չեն կարող լինել բարիդրացիական հարաբերություններ: Այս քննադատության խորքային իմաստն այն է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը փոխում է Վրաստանի ավանդական կողմնորոշումը, որը հաստատվել էր Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներին: Դա վրաց-թուրք-ադրբեջանական ինտեգրացիան է: Այսպիսով կարելի է ասել, որ Թբիլիսիի զանգվածային ակցիաներով գերազանցապես շահագրգռված է նաեւ Ադրբեջանը: Բաքվում մեծ կասկածամտությամբ էին նայում Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան լրացուցիչ տրանսպորտային միջանցքների ծրագրին: Ադրբեջանական կողմին անհանգստացնում էր այն, որ ծրագրի իրականացման դեպքում Հայաստանի համար բացվում են բոլորովին նոր հնարավորություններ:

Ռուս-վրացական ներկայիս լարվածությունը մեծ հարցականի տակ է դնում նման ծրագրի հետագա իրականացումը: Բաքվում հույս ունեին, որ Թբիլիսիում ստեղծված նոր իրավիճակը նույնիսկ կբերի Վերին Լարսի անցակետի փակմանը, եւ Հայաստանը կհայտնի ավելի խիստ շրջափակման պայմաններում: Կողմերին առայժմ հաջողվում է այդ հարցում զսպվածություն ցուցաբերել, եւ Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումներն իրականացվում են նախկին ռեժիմով: Ոչ ոք, սակայն, չի կարող երաշխավորել, որ եթե Վրաստանում տեղի ունենա իրական իշխանափոխություն, ապա նոր կառավարությունը հավատարիմ կմնա ներկայիս ուղեգծին եւ չի միանա Հայաստանի խոր շրջափակման թուրք-ադրբեջանական նախագծին:

Դիտարժան է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խիստ քննադատություն է ենթարկել այն ուժերին եւ հանրային խմբերին, որոնք Ադրբեջանի հետ սահմանային վեճի առիթով պաշտպանում են Դավիթ Գարեջիի վանական համալիրի նկատմամբ վրացական լիակատար վերահսկողություն հաստատելու մոտեցումը: Սաակաշվիլին համարում է, որ ամեն ինչ պիտի մնա ինչպես որ կա:

Այսինքն, սահմանային փոփոխություն չպետք է տեղի ունենա, վանական համալիրը պետք է մնա կիսված: Վրացական մի շարք ուժերի գնահատմամբ՝ խնդիրը սահմանի մի քանի քառակուսի կիլոմետրը չէ, շոշափվում է տվյալ տեղաշրջանում վրացական ինքնության պահպանման արմատական հարցը: Այս իմաստով Թբիլիսիում սկսված բողոքի ցույցերը հարմար առիթ են, որպեսզի սահմանազատման հարցով վրաց-ադրբեջանական բանակցությունները հետաձգվեն: Դա Բաքվի համար չափազանց ձեռնտու տարբերակ է:

Եկող տարի Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ՝ միայն համամասնական ընտրակարգով: Հնարավորություն է բացվում, որպեսզի «Վրացական երազանքը» հեռացվի իշխանությունից: Այլընտրանքը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունն է: Վերջինս նախագահական վերջին ընտրություններում թեկնածու էր առաջադրել նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին: Քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ Սաակաշվիլիի կողմնակիցներն ունեն բավական կազմակերպված ընտրազանգված եւ գալիք խորհրդարանական ընտրություններում լուրջ մրցակից կլինեն «Վրացական երազանքի» համար:

Ադրբեջանը Վրաստանի տնտեսական դաշտում մեծ ներկայացվածություն ունի: Թբիլիսիում սկսված բողոքի ցույցերի ֆինանսավորումը, հնարավոր է, իրականացնում է ադրբեջանական կողմը: Ալիեւի ռեժիմին օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ Վրաստանը մնա թուրք-ադրբեջանական «գրկախառնության» ռեժիմում: Հակառակ պարագայում խառնվում են Բաքվի աշխարհաքաղաքական հաշվարկները: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ Վրաստանում բողոքի ցույցեր սկսվեցին, երբ սրվեց վրաց-ադրբեջանական սահմանազատման հարցը: Պաշտոնական Թբիլիսին այս իրավիճակում չի գնա Ադրբեջանի հետ դիվանագիտական լարվածության: Իսկ թե ինչ լուծում կստանա աշխարհաքաղաքական ներկայիս թնջուկը՝ պարզ կլինի եկող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ