Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Էրդողանը Ղարաբաղի հարցն անվանեց «սուրբ դատ»

erdoxane-xarabaxi-harcn-anvanec-sourb-dat

Այն, որ թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի որևէ պաշտոնական հանդիպում գրեթե չի անցնում առանց Ղարաբաղի թեմային անդրադառնալու, նոր բան չէ: Այն, որ նրանք իրենց բարեկամությունն ու եղբայրությունը «սոսնձել են» Ղարաբաղի հարցին ու չեն հոգնում նույն բանը կրկնելուց տարին 12 ամիս, նույնպես նորություն չէ: Նորությունն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղարաբաղի հիմնահարցն արդեն անվանում է «սուրբ դատ»:

Թուրքիայի նախագահը ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձել է օրերս

Իզմիրում «STAR» նավթավերամշակման գործարանային համալիրի բացման արարողության ժամանակ, որին ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 3 նավամատույցից և 20 գործարանից կազմված նավթավերամշակման այդ համալիրի կառուցվել է ադրբեջանական «SOCAR» պետական նավթային ընկերության խոշոր ներդրումներով. կառուցման համար ծախսվել է շուրջ 6.3 մլրդ դոլար: Սա հանդիսանում է Մերձավոր Արևելքում և Եվրոպայում նավթային ոլորտի ամենախոշոր նախագծերից մեկը: Համալիրը տարեկան 10 մլն տոննա նավթային հումք վերամշակելու հնարավորություն ունի և նախատեսում է կրճատել Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը տարեկան կտրվածքով մոտ 1.5 մլրդ դոլարով:

Տնտեսական կապերով սերտաճող Թուրքիայի և Ադրբեջանի համար ղարաբաղյան հիմնախնդիրն ըստ էության դարձել է մինչև անգամ տնտեսական բնույթի հանդիպումների հռետորաբանության անբաժանելի մաս: Եվ ոչ միայն հռետորաբանության. իրենց տնտեսական գործողություններում ևս թուրքական ու ադրբեջանական կողմերը սկզբունքորեն դեմ են գործում հայկական շահերին ու Ղարաբաղի հարցի լուծումը պատկերացնում համատեղ ջանքերով:

Պատահական չէ, որ նրանց իրականացրած այնպիսի նախագծերից, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Տրանսանատոլիական գազատարը, դուրս է մղված տարածաշրջանի խաչմերուկում գտնվող Հայաստանը:

«Մենք՝ որպես Թուրքիա և Ադրբեջան, ցանկացած պարագայում շարունակելու ենք մեր ընդհանուր պայքարն այն արժեքների համար, որոնց հավատում ենք: Աստծո կամոք հաջողությամբ կպսակենք այս սուրբ դատը»,- վստահություն է հայտնել Էրդողանը՝ միևնույն ժամանակ դժգոհելով, որ միջազգային հանրությունը լռության է մատնում Ղարաբաղի հարցի լուծմանը միտված Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությունները:

Սա պետք է դիտել ուղերձ՝ հասցեագրված թե Հայաստանին և թե միջազգային կառույցներին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրներին: Թեև Թուրքիան ֆորմալ առումով ներգրավված չէ արցախյան հիմնախնդրի կարգավորման միջնորդական ձևաչափում, բայց նշանակում է, որ Անկարան բացահայտ ու ստվերային ջանքերով առաջ է մղելու Բաքվի շահերը:

Ղարաբաղի հարցը «սուրբ դատ» անվանած Էրդողանի խոսքերը ոգեշնչել են Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաևային: Ենթադրվում է, որ ադրբեջանական շարքերից դեռ էլի ոգևորվողներ կլինեն: Թուրքիայի տարբեր նահանգներում հակահայկական ամբոխավարական հայտարարություններով հայտնի Փաշաևան թուրք լրագրողներին ասել է, որ իրենք ցանկանում են Թուրքիայի Թոքաթ նահանգում «Ղարաբաղ» անունով զբոսայգի լինի։

«Ղարաբաղը բոլորիս ընդհանուր վիշտն է ու ցավը։ Ղարաբաղի զբոսայգու բացումն ուղերձ կլինի թե՛ բարեկամին և թե՛ թշնամուն»,- շեշտել է ադրբեջանցի պատգամավորը: Անշուշտ, «թշնամի» ասելով Փաշաևան նկատի ունի Հայաստանին, իսկ «բարեկամ»՝ Թուրքիային: Պետք է նկատել, որ նման ուղերձ արդեն մի անգամ նախկինում հղվել է: Թուրքիայի Հաթայ նահանգի (պատմ. Ալեքսանդրետ, Կիլիկիա) Բելեն շրջանում արդեն բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունը կրող զբոսայգի, իսկ այդտեղի պողոտաներից մեկը վերանվանվել է Ադրբեջանի պողոտա:

Ղարաբաղի հարցը «սուրբ դատ» անվանած Էրդողանի հայտարարությունը քաղաքական իսլամի տարրեր է պարունակում և շատ հեռու չէ ռադիկալ իսլամից: Ու բնավ անհավանական չի թվում, որ մի օր էլ ջիհադ կհայտարարի: Իսկ մինչ այդ որքան կուզեն թող Ղարաբաղ անունով զբոսայգիներ բացեն ու փակեն, թեկուզ այնքան շատ, որ հաշիվը կորցնեն: Իրենք թող ունենան բազմաթիվ «Ղարաբաղ» զբոսայգիներ, իսկ մեզ համար կա ու կլինի միակ իրական Ղարաբաղը, մեր անփոխարինելի Արցախ աշխարհը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ