Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Էրդողանի խարիզման խամրում է

erdoxani-xarizman-xamroum-e

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը երկրի իշխող ուժն է, հիմա սեփական հեղինակության հետընթացի մեջ է: Ըստ սոցիոլոգական հետազությունների արդյունքների՝ Թուրքիայում հեղինակավոր և առաջատար կուսակցության դիրքերը սկսել է զբաղեցնել քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»: Վերջինս համարվում է երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը և խորհրդարանական ընդդիմության ամենախոշոր միավորը: Սոցհետազոտության տվյալները փաստում են, որ իշխող ուժի ընտրազանգվածը զգալիորեն նոսրացել է. ԱԶԿ-ն քիչ-քիչ սկսել է կորցնել իր ընտրողներին:

Վարկանիշի անկման մեջ է ոչ միայն Թուրքիայի իշխանական կուսակցությունը, այլ նաև ինքը՝ երկրի ու կուսացկության նախագահ Էրդողանը: Թուրքական «Metropol» և «Avrasya» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնների ուսումնասիրությունները գալիս են փաստելու, որ քաղաքացիների շրջանում Էրդողանի աջակցության ցուցանիշը շեշտակի անկում է ապրում: Եթե 2018-ին բնակչության 53 տոկոսն էր աջակցություն հայտնում Էրդողանի գործողություններին, ապա 2019-ի տարեսկզբին համակիրների այդ տոկոսը կազմել է 44, իսկ հիմա արդեն նվազել է 40-ի: Սա նշանակում է, որ տարիներ շարունակ թմբկահարվող և գովաբանվող Էրդողանի խարիզման արդեն խամրելու ընթացք է բռնել:

Պետք է նաև արձանագրել, որ իշխող կուսակցության կուլիսներում երկար ժամանակ խմորվող տարաձայնություններն արդեն վերածվել են հրապարակային պառակտման դրևսորումների: ԱԶԿ-ի շարքերը սկսել են լքել այդ կուսակցության ակունքներում կանգնած առանցքային ֆիգուրները: Կուսակցության շարքերը լքել են նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Միանգամայն հավանական է, որ առաջիկայում կլինեն զանգվածային հրաժարականներ կուսակցության անդամությունից, քանի որ հեռացող առանցքային գործիչները, բնականաբար, միայնակ չեն և ունեն համախոհների ոչ պակաս բանակ: Մասնավորապես Ալի Բաբաջանը, նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ գործակցելով, պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել մինչև տարեվերջ: Դավութօղլուն նույնպես նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու և առաջնորդելու ծրագրեր ունի:

Ենթադրվում է, որ նորաստեղծ կուսակցությունների կորիզը պիտի ձևավորվի հենց նախկին ԱԶԿ-ականներից, ինչի հետևանքով Էրդողանի գլխավորած կուսակցության քաղաքական կշիռը, անշուշտ, կնվազի: Ընդ որում, վերոհիշյալ սոցհետազոտությունների ընթացքում բավականին մեծ թիվ են կազմել չկողմնորոշված ընտրազանգվածները։ Նշվում է, որ նրանք նախկինում եղել են Էրդողանի կառավարությանը վստահության քվե տվածները, իսկ այժմ սպասում են նոր քաղաքական գոյացումների։ Եթե նոր կուսակցությունները հաջող մեկնարկ ունենան, ապա իշխող կուսակցության վարկանիշի ու սատարողների ավելի կտրուկ անկումներ են սպասվում:

Ակնհայտորեն ձևավորվում է մարտահրավեր՝ ուղղված Թուրքիայի իշխող ուժին ու նրա լիդերին. յուրայինները պառակտվում են, իսկ ընդդիմադիրները՝ ընդլայնվում: Պետք է սպասել, թե ինչպես է Էրդողանը դիմագրավելու կառավարության մոտալուտ ճգնաժամին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ