Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Երևան-Գյումրի սպասարկող տաքսի ծառայությունների մոտ ամենաթողություն է

am
erean-gyoumri-ertouxin-spasarkox-taqsi-carayoutyounneri-mot-amenatoxoutyoun-e

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը պարբերաբար դժգոհություններ է ստանում ուղևորափոխադրող կազմակերպությունների կողմից մատուցված անորակ ու անպատասխանատու ծառայությունների վերաբերյալ: Մասնավորաբար, դժգոհությունները վերջին շրջանում վերաբերում են Գյումրի-Երևան և հետադարձ սպասարկում իրականացնող տաքսի ծառայություններին: Դժգոհությունները բազմաթիվ են, կարելի է ասել այստեղ ամենաթողություն է` առանց որևէ վերահսկողության և պատասխանատվության:

Մեր խմբագրություն դիմած Կարինե Սարգսյանն ամեն շաբաթ Գյումրուց Երևան և Երևանից  Գյումրի է գնում, փորձել է մի քանի կազմակերպությունների ծառայություններ, բայց ինչպես ինքն է նկարագրում, բոլորն էլ նույնն են. «Այնպիսի տպավորություն է, որ տրանսպորտի ոլորտում, հատկապես հասարակական տրանսպորտի, ով ինչ ուզում, անում է առանց մտահոգության, որ կպատժվի, պատասխանատվության կենթարկվի: Օրը մի կազմակերպություն ֆեյսբուքով հայտարարում է, որ Երևան-Գյումրի տրանսպորտային ծառայություն է իրականացնում: Ուրախանում ենք, զանգում, բայց մեկ անգամ օգտվելուց հետո հասկանում ենք, որ բոլորն էլ մեկ են` նույն անշնորք վերաբերմունքը, կեղտոտ մեքենաները, չգիտենք՝ ով է վարորդը, սթափության ինչ աստիճանում է... Արագության գերազանցում էլ է լինում, ամեն ինչ էլ լինում է, փնթի տեսքով ու «մունաթ» վերաբերմունքով, էլ չեմ ասում, որ չեն էլ մտածում, որ մարդու կյանքի հետ գործ ունեն, չկա ոչ մի պատասխանատվություն»:

Մինչ մեր զրույցներն ու հանդիպումները կսկսեինք վերոնշյալ քաղաքներում ուղևորափոխադրում կատարող բոլոր կազմակերպությունների հետ, նախ մեր հետաքննությունը սկսեցինք` ուսումնասիրելով ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքը, որում հստակորեն գրված է` մարդատար-տաքսի ավտոմոբիլային ծառայությունը մարդատար թեթև ավտոմոբիլի միջոցով օրենքով սահմանված կարգով իրականացվող անհատական սպասարկման ծառայությունների մատուցումն է:

Մեր թղթակիցը պարզել է, թե որքանո՞վ և ո՞ր ընկերություններն են օրենքով սահմանված կարգով իրականացնում իրենց գործունեությունը:

Սոցիալական ցանցերում գովազդվում է «ԷլԷս գրուպը», որը Երևան, Վանաձոր, Գյումրի միջմարզային ուղևորափոխադրումներ է իրականացնում: ՀԱՅ ՁԱՅՆը զրուցել է «ԷլԷս գրուպի» հիմնադիրներից Լևոն Պետրոսյանի հետ, որ նկատում է, որ անհատ վարորդների հետ են աշխատում, ուղևորին իրենք գտնում են, փոխանցում վարորդին: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է վերահսկողություն իրականացվում, արդյո՞ք մեքենան սարքին է, վարորդն ո՞ւնի վարորդական իրավունք, գրագետ սպասարկում իրականացվո՞ւմ է, Պետրոսյանը պատասխանեց. «Խստապահանջությունը մեզ մոտ հետևյալ է՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, չծխել»: Հետաքրքրվեցինք, երբ մեքենան իրենց վերահսկողության տարածքից միշտ դուրս է, ի՞նչ մեխանիզմներով են ստուգում, որպեսզի վարորդները չծխել, արագությունը չգերազանցեն, ավելի գումար չգանձեն և այլն. «Մենք պարբերաբար զանգեր ենք անում ուղևորներին և նրանցից կարծիք լսում»,-նշեց Պետրոսյանը:

Այս նույն հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ կրկին նոր մոդելով աշխատող կազմակերպություններից մեկ ուրիշից, որը սոցիալական հարթակում ներկայանում է «Ե՛վ Երևան, և՛ Գյումրի» տաքսի ծառայություն անվամբ: Ընկերության հիմնադիրներից Աշոտ Մխոյանը բացատրում է, որ նրանք տասքու պարկ չեն, այլ կապող օղակ անհատ վարորդի և ուղևորի միջև: Մեր այն դիտարկմանը, թե ուղևորափոխադրում է կազմակերպվում և այսօրինակ ամենաթողության արդյունքում ովքե՞ր են պատասխանատու մարդու կյանքի համար, Մխոյանը պատասխանեց. «Մարդիկ են ընտրում, թե որ ծառայությունից օգտվեն»:  Իսկ արդյո՞ք տվյալ մեքենաները մեխանիկի կողմից ամենօրյա տեխնիկական զննման են արժանանում, վարորդներն էլ մինչ սպասարկում իրականացնելը բուժքրոջից համապատասխան թույլտվություն ստանում, բնականաբար ոչ, քանի որ տվյալ մեքենաները դուրս են գալիս շահագործման վարորդի սեփական տարածքից:

Մեր լրագրողական հետաքննության տիրույթում հայտնված հաջորդ ընկերությունն օնլայն հավելվածով աշխատող ՋիՋի ընկերությունն էր, որի պատասխանատուների հետ կապ հաստատելու համար մեզնից մի քանի աշխատանքային օր պահանջվեց (ընկերությունն այսօր լրագրողների համար բառիս բուն իմաստով անհասանելի է): Մի քանի օր սպասելուց հետո վերջապես մեզ հետ կապ հաստատեց հավանաբար ընկերության օպերատորներից մեկը, մեզ հետ խոսելիս դիմելով` «հարգելի օգտատեր», «հարգելի ուղևոր» դիմելաձևերով: Տեղեկանալով, որ զանգահարողը լրագրողը, մեր զրուցակիցը խոստացավ մի փոքր քննարկում ունենալուց հետո անպայման կապ հաստատել մեզ հետ և պատասխանել մեր հարցերին: Մինչ այժմ ՋիՋի ընկերությունից պատասխան զանգ չի հնչել... 

Օնլայն հավելվածով աշխատող հաջորդ ընկերութունը Յանդեքսն է, որի պատասխանատուներին ևս չհաջողվեց գտնել:  Փորձեցինք վարորդներից պարզել, թե ճանաչում են իրենց ղեկավարներին, ո՞վքեր են նրանք, արդյո՞ք ունեն կոնտակտներ, վարորդներից մեկը պատասխանեց. «Իրենք մենակ փողերը հավաքելուց են լավ»:

 

 

Լրագրողական հետաքննությունը մեզ տարավ դեպի Գյումրի-Երևան կանոնավոր երթուղին սպասարկող կազմակերպություններ` այս երթուղին կանոնավոր սպասարկելու իրավունքը պատկանում է «Տրանս-Ակնթարթ» և «Տիգրան» ՍՊԸ-ներին: «Տրանս-Ակնթարթում» մեզ պատասխանեցին, որ տաքսի ծառայություն մատուցելու համար իրենք համապատասխան լիցեզիա ունեն:

 

«Քանի որ կանոնավոր երթուղին սպասարկվում է «Գազել» մեքենաներով, վերջիններս էլ, գիտեք, բարոյապես մաշված մեքենաներ են: Այս տարիների ընթացքում, քանի որ տրանսպորտի նախարարությունը երթուղին սպասարկելու նոր մրցույթ չի հայտարարել, մենք ստիպված ենք եղել սպասարկել բարոյապես մաշված 15 տարեկան «Գազելներով», որոնք գրեթե ամեն օր վերանորոգվում են, որպեսզի կարողանան նորմալ սպասարկել երթուղին: Մեր ուղևորներին բարեխիղճ ու քաղաքակիրթ սպասարկելու համար ընկերությունը դիմել է տրանսպորտի նախարարություն և ստացել է տաքսի ծաառայություն իրականացնելու լիցենզիայի թույլտվության, որի հիման վրա էլ իրականացնում ենք տաքսի ծառայություն Գյումրի-Երևան և այլ ուղղություններով»,-պատասխանեց «Տրանս-Ակնթարթի» տնօրեն Անահիտ Խալաթյանը:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի այն հարցին, թե արդյո՞ք ծառայությունն ամբողջապես վերահսկվում է, տիկին Խալաթյանը պատասխանեց. «Մեր ընկերությունն ունի տաքսու պարկ, մեխանիկ, բուժքույր, բոլոր հարմարությունները, որոնք պահանջում է հասարակական տրանսպորտի ոլորտում գործող օրենքը: Մեր բոլոր մեքենաները լիցենզավորված են, վարորդների մեծ մասը 20 տարուց ավելի միայն մեր կազմակերպությունում են աշխատում, սա խոսում է նրանց արհեստավարժության մասին: Վերջին տարիներին մեր մեքենաները կահավորվեցին GPS համակարգով, որով մեր մենեջերները վերահսկում եմ մեքենաների գտնվելու վայրը, արագությունը և այլն: Մաքսիմում վերահսկողությունն ու ուղևորների հետ հետադարձ կապն ապահովված է մեր թեժ գծի միջոցով, որում հնչած ոչ մի զանգ, ահազանգ անպատասխան չի մնում»,- պատասխանեց Անահիտ Խալաթյանը:

Գալով ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքին` նկատենք, որ ըստ հոդված 7-ը սահմանում է.

«1.Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներն իրականացվում են լիցենզիայի հիման վրա՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան սերտիֆիկատ եւ համապատասխանեն անվտանգության, բժշկասանիտարական պահանջներին, աշխատանքի պաշտպանության նորմերին, բնապահպանական անվտանգության միջազգային եւ Հայաստանի Հանրապետության ստանդարտներին»:

Նույն օրենքի 15-րդ հոդվածում ասվում է.

«Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորների փոխադրումները կազմակերպվում են ավտոմոբիլների տվյալ փոխադրումների եւ տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխանության մասին` լիազորված մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա` ընթացակարգը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված տաքսամոտորային փոխադրումների կազմակերպման կարգի համաձայն»:

Լիցենզավորման և սերտիֆիկացման հետ կապված գրեթե բոլոր կազմակերպությունները մերժեցին մեզ փաստեր տրամադրել: Լիցենզիայի համապատասխան փաստաթուղթը միայն «Տրանս-Ակնթարթից» մեզ փոխանցեցին: Այսօրինակ անհասկանալի և ամենաթողության վիճակ է նաև հարկային օրենսգրքի հետ հարաբերություններում: Մեր այն հարցին, թե ո՞ր հարկատեսակով են աշխատում վերոնշված կազմակերպությունները, ստացանք պատասխան` տեղեկատվություն փոխանցել չեն կարող և բացի այդ, երկրի վարչապետը տաքսի ծառայությունների ոլորտը բանավոր խոսքով ազատել է հարկերից: Միայն «Տիգրան» և «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ներում էին պատրաստ մեզ ներկայացնել հարկային հարաբերությունները հաստատող փաստաթղթերը: Եվ բացի այդ, թվարկեցին, թե ինչ հարկատեսակներով են աշխատում` արտոնագրային վճար/յուրաքանչյուր մեքենայի համար/, բնապահպանական հարկ, եկամտահարկ և եկամտահարկ բոլոր վարորդների համար, շահութահարկ, լիցենզավորման վճար ամենամյա, գույքահարկ:

Ահա և անհավասար պայմաններ` ամենափոքր տնտեսվարողից ազգովի պահանջում ենք, որ մեկ տուփ լուցկի վաճառելու դեպքում ՀԴՄ կտրոն տրամադրի գնորդին, իսկ հաջորդ կողմում` մեկ ամբողջ ոլորտ ոչ միայն չի վերահսկվում, չնայած որ ամենաթանկի հետ գործ ունեն` մարդկային կյանքի, այլ նաև օրենսդրական ոչ մի կետ չի պահպանվում ու անգամ լղոզված են հարկային հարաբերությունները:

Հետևությունը թողնում ենք պատասխանատու գերատեսչությանը, որը մի տեսակ արձակուրդային տրամադրության մեջ է:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը շարունակելու է հետևողականությունն այս թեմայով:

Հ.Գ. ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսախցիկին հասանելի և թույլատրել եղավ միայն ֆիքսել կադրեր «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ից:

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ