Երևանը՝ անուշահոտ աշունների ու սերերի պես երջանկացնող. Նազենի Հովհաննիսյան

am
ereane-anousahot-asounneri-ou-sereri-pes-erjankacnox-nazeni-hovhannisyan

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում գրում է.

«Երևանը: Անուշահոտ աշունների ու սերերի պես երջանկացնող, քամու հետ թևածող տերևներով լի քաղաքը, փողոցները` երակների պես կյանք տվող` արյունատար անոթ... Երևանը, աննկարագրելի ապրեցնող, ու դաժանաբար ինքդ քեզ հետ թշնամացնող, հիվանդագին ուշադիր ու հիվադացնող անտարբեր:

Մեր քաղաքն ախր ինչքա՜ն նման է մեզ. անհագուրդ կարոտների ու գիշերվա զովերի քաղաքը: Անծով, բայց ծով մարդկանց քաղաքը)

Մի քիչ գժոտ, թեթևասահ ու քմահաճ, բայց և անհատնում համբերությամբ, սեթևեթ կնոջ տրամադրությամբ փոփոխական, բայց հաստատ քեզ մշտապես սպասող քաղաքը:

Դու... մի տխրիր. Երևանն ամեն օր ու ամենուր քեզ հետ կլինի. երեկ, վաղը և այսօր:

Իսկ հեռավորությու՞նը մի օր ուղղակի կանցնի- կգնա` աշնան թափվող տերևների պես: Գորգ կդառնա ոտքերիդ տակ. ցավերից , կարոտներից ու փայլող հիշողություններից հյուսված ճամփա, որ վերջապես վերադարձնի քեզ քաղաքին ու քաղաքը` քեզ: Կարոտներիցդ պինդ բռնվիր, որ փոթորկելով բերեն- հասցնեն երազանքներիդ հավերժական քաղաքին, որը որքան էլ կեղտոտես բարկությամբ, ներկես հուսահատությամբդ գորշագույն, միևնույն է միշտ կմնա քո վարդագույն երազանքի քաղաքը:

Երևանը` իր փոքրության մեջ անսահման ու մեծ մի բաբախող սիրտ. մարդկային անկրկնելի ճակատագրերի խճանակար:

Երևանը. հիվանդացնող անտարբեր ու հիվանդագին ուշադիր մեր Քաղաքը...

Նվիրվում է Երևանը սիրող, նրանով ապրող ու նրան կարոտող մարդկանց»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ