Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Երիտասարդ գիտնականը, ով փորձում է «արագացնել» ազա-Միքայելի ռեակցիան և լուծել կանաչ քիմիայի խնդիրները

eritasard-gitnakane--ov-porcoum-e-aragacnel-aza-miqayeli-reakcian-e-loucel-kanac-qimiayi-xndirnere

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականն արդեն մեկնարկել է «Գիտական Հայաստան» հոդվածաշարը, որտեղ ներկայացնում է Հայաստանում ապրող ու աշխատող գիտնականներին, որոնք, ցավոք, անտեսված են հասարակության և պետության կողմից: Աշխատելով բարդ և հաճախ ոչ պրոֆեսիոնալ պայմաններում, նրանք փորձում են համահունչ քայլել աշխարհին և իրենց ներդրումն ունենալ գիտության բնագավառում:

Այսօր մեր զրուցակիցն է քիմիական գիտությունների թեկնածու ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով ուսումնասիրում է ազա-Միքայելի ռեակցիան՝ լուծիչի կատալիզատորի բացակայության պայմաններում:

Ճանապարհ դեպի քիմիա

Վաղ տարիքում, իհարկե, պատկերացում չունեի քիմիայի մասին, սակայն երբ դպրոցում սկսեցինք ուսումնասիրել բնագիտական առարկաները, ինձ մոտ ձևավորվեց խորհրդավոր մի աշխարհ, որը կոչվում էր քիմիա: Այո՛, սկզբնական շրջանում այդ ամենը մոգական, կախարդական երևույթների հետ էի ասոցացնում:

Դպրոցում ոչ մեկը քիմիա չի սիրում, երևի դա առարկայի մատուցման հետևանք է: Ես շատ երեխաների գիտեմ, որոնք շատ լավ մաթեմատիկա գիտեն, սակայն չեմ կարծում, թե քիմիան մաթեմատիկայից ավելի բարդ է, պարզապես ամեն ինչ պետք է սիրով սովորել, որ հեշտությամբ տրվի:

Հեռանկարները Հայաստանում

Գիտության ցանկացած ճյուղ, ինչպես և քիմիան, կարևոր է մեր երկրի համար: Հնարավոր չէ հզոր պետություն ունենալ առանց գիտության: Այսօր շատերը նախընտրություն են տալիս մոդիֆիկացված քիմիայի մասնագիտություններին, թեկուզ և կենսաքիմիական ուղղությունները, բժշկությունը, բայց բոլոր դեպքերում հիմքը քիմիան է: Կարծում եմ, եթե յուրաքանչյուրը  ինչ-որ ձևով նպատակ դնի զարգացնելու գիտության այս ճյուղը, ինչպես անցյալում էր, ամեն ինչ կստացվի: Այդ ամենում կարևոր է երիտասարդ գիտնականների մանսակցությունը:

Շատ երիտասարդ հետազոտողներ այսօր աշխատում են արտասահմանյան տարբեր հաստատություններում, սակայն կարևոր է, որ նրանք իրենց փորձը ներդնեն նաև մեր երկրում: Վերջերս ընկերներիցս մեկը, ով Օքսֆորդի համալսարանն է ավարտել, հայտարարեց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան և այստեղ շարունակել իր աշխատանքը: Դա ինձ համար օրինակ է: Հաջողության հասած, լուրջ կազմակերպություններում աշխատող մարդկանց վերադառնալու ձգտումն ուղղակի նախանձելի է:

Ցավոք, գիտությունը դեռ անտեսված է

Երբ ասում ենք՝ մեր երկրում գիտությունը զարգացած է կամ զարգացած չէ, պետք է համեմատենք, թե ժամանակակից աշխարհում ինչ է արվում: Այո, նրանց նախադրյալները համամատելի չեն մեզ հետ, բայց պետք չէ անընդհատ կանգնել ասել, որ մենք վատ վիճակում ենք, պետք է փորձենք առաջ ընթանալ:

Ցավոք, գիտությունն այստեղ անտեսված է, ինչը խոչընդոտ է Հայաստանում աշխատող գիտնականի համար: Պետք է գիտության նկատմամբ հիմնավոր վերաբերմունք լինի, մատուցվեն հստակ նախագծեր, ծրագրեր, ուղղություններ, որոնք գայթակղիչ կլինեն, և երիտասարդներն էլ կցանկանան ընդգրկվել դրանցում:  

Կանաչ քիմիան և գիտնականի փորձարկումներն այդ ոլորտում

Իմ առջև խնդիր էի դրել իրականացնել Ազա-Միքայելի ռեակցիան՝ լուծիչի կատալիզատորի բացակայության պայմաններում, որն, ընդհանրապես, շատ քիչ է ուսումնասիրված: Դա տնտեսական տեսանկյունից շահավետ է և էկոլոգիական մի շարք խնդիրներ է լուծում:

Հենց հիմա փորձում եմ ուսումնասիրել թիազոլի և տրիազոլի մեկ ամինի հետ ռեակցիաները, թե վերջիններիս հատկությունները ինչպես կարող են դրսևորվել: Այսօր աշխարհում տարբեր անտիբիոտիկների սինթեզը կարևոր խնդիր է հանդիսանում քիմիայի բնագավառում, և հույս ունեմ, որ նման հեշտ եղանակով, արդյունավետ ճանապարհով և կանաչ քիմիայի խնդիրները լուծելով՝ կարող եմ նոր ճանապարհ գտնել՝ նման կարգի կենսաբանական ակտիվություն ունեցող սինթեզի համար:

Հույս ունեմ, որ հետազոտությունները դրական արդյունք կտան: Ուսումնասիրությունները դեռևս սկզբնական փուլում են:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ