Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Երկու անդրադարձ՝ միևնույն թեմայով

erkou-andradarc-mienouyn-temayov

Որոշ հայկական լրատվամիջոցներ բավականին կոշտ արձագանքներով հանդես եկան ի պատասխան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հոկտեմբերի 2-ին «Վալդայ» դիսկուսիոն ակումբի ամենամյա նիստին հնչեցրած հայտարարությանը: Հիշեցնեմ, որ այն վերաբերում էր Արցախի հիմնախնդրին:

Ընդհանուր առմամբ, հանգիստ գնահատելով շփման գծում տիրող իրավիճակը՝ նա նաև նշեց, որ քաղաքական գործընթացն առայժմ արգելակված վիճակում է գտնվում: «Կողմերն անում են հայտարարություններ, որոնք չեն նպաստում քաղաքական ընթացքի մթնոլորտի ստեղծմանը»: Այնուհետև, որպես օրինակ պարոն Լավրովը հիշեցրեց ՀՀ վարչապետի «Արցախը Հայաստան է» արտահայտությունը՝ համեմատելով այն Ալբանիայի վարչապետի նմանատիպ հայտարարության հետ՝ Կոսովոյի վերաբերյալ:

Փառք Աստծո, որ Նիկոլ Փաշինյանը հետագայում, ըստ էության, սրբագրեց իր խոսքերը, և ՀՀ պաշտոնական դիրքորոշումն այլ է, ինչը հաստատեց այսօր իր մեկնաբանությունում ԱԳՆ մամլո խոսնակը, հակառակ պարագայում Մինսկի խմբի շրջանակներում, որը, ի միջի այլոց շատ կուռ և միասնական է արցախյան հիմնահարցում, մենք ստիպված էինք լինելու բացատրություններ տալ: Իսկ այդ խումբը, չմոռանանք, այսօր միջազգային հանրության կողմից միակ լիազորված մարմինն է Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը միտված հարցում:

Այս զարգացումները ևս մեկ անգամ վերահաստատում են այն իրողությունը, որ մեծ քաղաքականությունն ունի իր խաղի կանոնները, որոնք ոչ մի աղերս չունեն տաքգլուխ կամ ռոմանտիկ հայտարարությունների միջոցով նպատակին հասնելու հետ: Հիշենք նաև վերջերս մի երիտասարդի կողմից Բակո Սահակյանին Արցախի մարզպետ անվանելու անհասկանալի արտահայտությունը, որը պետք է անմիջապես քաղաքական մեկնաբանություն ստանար, ինչը, ցավոք, չարվեց:

Երկրորդ հղումը այդ նույն թեմայով պատկանում է Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի երիտասարդ պատգամավոր Հելին Էվրիվ Զոմերին, որ սոցիալական ցանցում այսպիսի գրառում է կատարել, ինչը մեծ հաճույքով մեջբերել է https://ru.oxu.az/politics/332776 կայքէջը.

 

«ՀՀ վարչապետի՝ «Ղարաբաղը Հայաստան է» արտահայտությունը խոչընդոտում է խաղաղ կարգավորման գործընթացին: Համաձայն Մադրիդյան սկզբունքների՝  Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ավարտական փուլում»: Եվ վերջում՝ «Եթե Հայաստանը խախտի խաղաղությունը, պաշտոնական Բաքուն, միջազգային նորմերին համապատասխան, իրավունք ունի մաքրել իր օկուպացված տարածքները հայ գրոհայիններից»:

Կրկնում եմ, սա էլ արևմտյան քաղաքական գործչի կարծիքն է՝ շատ ավելի կոշտ և աներկիմաստ: Ցանկացողները կարող են հղումով նայել այն ամբողջությամբ:

 

Առակս ինչ կցուցանե: Այս ամենից պետք է հետևություններ անել և չափազանց զգույշ լինել արտահայտություններում: Սայթաքելու պարագայում մենք ինքներս մեզ կգցենք անելանելի վիճակի մեջ` մեր դեմ տրամադրելով Արցախի հարցում բոլոր առանցքային խաղացողներին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ