Երկու բարոյական իրավունք, որ Թուրքիան չունի

erkou-baroyakan-iravounq--or-tourqian-couni

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանին մասնակցելու մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Նյու Յորքում դիմավորել են ոչ այնքան բարեհաճ կերպով: Նրա ժամանման օրը Նյու Յորքի փողոցներում նկատվել են շրջող բեռնատարներ, որոնց վրա եղել է այսպիսի գրությամբ պաստառ. «Էրդողանը ջիհադական ահաբեկիչների կնքնահայրն է։ ԱՄՆ-ն նրան չի աջակցում»: Ինչպես ասում են, քաղաքականության մեջ ոչինչ չի լինում պատահական: Ըստ երևույթին, Վաշինգտոնը որոշել է քաղաքացիական հասարակության ձեռքերով և շուրթերով Էրդողանին հասկացնել որոշ իրողություններ:

Դժվար չէ հիշել, որ Սիրիայի զինյալ քրդերին ԱՄՆ-ի կողմից զենք-զինամթերքի մատակարարումները անընդհատ արժանանում են Անկարայի կոշտ քննադատություններին. ԱՄՆ-ի գործողությունները որակվում են որպես աջակցություն ահաբեկիչներին: Հետևապես Նյու Յորքյան բեռնատարների ասելիքը թերևս պիտի դիտել Վաշինգտոնի պատասխանը Անկարային, որը շարունակաբար ԱՄՆ-ին մեղադրում է ահաբեկիչներին աջակցելու մեջ: Թե՛ ուղերձը և թե՛ ենթատեքստը բավականին պարզ ու դիպուկ էին. ահաբեկիչների կնաքահայրը չունի բարոյական իրավունք և չպետք է այլոց մեղադրի ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Թուրքիայի մեկ այլ բարոյական իրավունքի բացակայության մասին նույն այդ ժամանակ դարձյալ ոչ պատահաբար անդրադարձ կատարեց ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելը: ՄԱԿ-ի վեհաժողովում Էրդողանի կողմից Իսրայելին հասցեագրված մոլեգին քննադատություններին ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես եկավ տեսաուղերձով ու Թուրքիայի իշխանություններին հիշեցրեց արյունոտ անցյալի ու նույնքան արյունոտ ներկայի մասին:

«Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերին կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողան, վերջ տուր ստերիդ», - ասել է Նեթանյահուն:

Պետք է նկատել, որ ՄԱԿ-ի հարթակում այս անգամ ևս թուրք-իսրայելական առճակատում գրանցվեց, բանը հասավ ընդհուպ երկու երկրների առաջնորդների լեզվակռվին: Էրդողանը մեղադրեց Իսրայելին Պաղեստինի հողերը գրավելու և խաղաղ բնակիչներ սպանելու մեջ։ Բացի այդ կոչ արեց վերականգնել մինչև 1967թ. սահմանները և վերադարձնել Գոլանի բարձունքները:

Ժամանակակից աշխարհի ամենակարևոր ամբիոնում Թուրքիայի և Իսրայելի փոխհարաբերությունների հերթական սրացումը գրեթե զուգահեռվեց Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու որոշման հետ: Մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը կարևոր աշխարհաքաղաքական դերակատար է, ու այդ տարածաշրջանում Հայաստանի շահերի պաշտպանությունը մատնված էր անլիարժեք ու պակաս արդյունավետ լինելու ռիսկին՝ առանց Իսրայելի հետ սերտ գործակցության: Մինչդեռ Իսրայելում դեսպանության ստեղծումը արդեն լրջագույն խթան կարող է լինել երկկողմ հարաբերությունները խորացնելու և կայուն զարգացում ապահովելու համար: Հայ-իսրայելական կապերի բազմամակարդակ բարելավումը Թուրքիայի ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականության պայմաններում կարելի է վերածել ստրատեգիական ձեռքբերման:

Լրահոս

Նմանատիպ նորություններ