Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Երկու հարցազրույց ռուսաստանյան թեմայով. վարկածնե՞ր, թե՞ իրականություն

erkou-harcazrouyc-rousastanyan-temayov-varkacner--te-irakanoutyoun

Այսօր հետաքրքիր հայտարարություն է կատարել չեխական հատուկ ծառայությունների պաշտոնաթող մայոր Ստանիսլավ Հալիկը: Halónviny պարբերականին տված հարցազրույցում նա ասել է, որ հստակ տեղեկություններ ունի առ այն, որ Արևմուտքը նախատեսել էր հարավսլավական սցենարով մասնատել Ռուսաստանի Դաշնությունը:

Երկիրը պետք է բաժանվեր թույլ և իրար նկատմամբ մշտապես նկրտումներ ունեցող ազգային միավորումների, իսկ որոշ «անկախ» տարածաշրջանների համար նույնիսկ արդեն սեփական դրամական միջոցներ էին տպվում՝ բնականաբար, Արևմուտքում:

Նպատակը մեկն էր՝ վերջնականապես քար ու քանդ անել և թալանել այն ամենը, ինչը դեռևս մնացել էր ԽՍՀՄ-ից և գաղութացնել Ռուսաստանը, իսկ նրա բնակչությանը օգտագործել որպես էժան աշխատուժ ամերիկյան, գերմանական, բրիտանական խոշոր կոռպորացիաների համար:

Չեխ փորձագետի պնդմամբ, այդ ծրագրի իրականացմանը խոչընդոտեց 2000 թվականին նախագահ դարձած Վլադիմիր Պուտինը, որի գալուց հետո Ռուսաստանը սկսեց հետզհետե վերականգնել ելցինյան դարաշրջանում գրեթե ամբողջությամբ կորցրած իր երբեմնի հզորությունը և հեղինակությունը:

Սրանով է պայմանավորված Ռուսաստանի նախագահի նկատմամբ արևմտյան երկրների անթաքույց ատելությունը, որի երևան գալը խառնեց իրենց բոլոր խաղաքարտերը:

Իհարկե, կարելի է այդքան էլ լուրջ չընդունել չեխ կադրային զինվորականի այս «բացահայտումները», սակայն օրեր առաջ, ավելի ստույգ՝ հուլիսի 21-ին, ֆիննական Helsingin Sanomat պարբերականը հարցազրույց հրապարակեց ՌԴ նախկին փոխարտոգործնախարար /1990-1991/, Բորիս Ելցինի մերձավոր զինակից Անդրեյ Ֆյոդորովի հետ, որում նա հայտարարեց, որ 1991-ին Ռուսաստանն արդեն պատրաստվում էր 15 մլրդ ԱՄՆ դոլարով Ֆինլանդիային վաճառել Կարելական ինքնավար մարզը: Դրանից զատ նա մի ցուցակ ներկայացրեց, որից երևում էր, որ դրանից հետո նման ճակատագիր էր սպասվում մի շարք այլ վայրերի, մասնավորապես՝ Կալինինգրադի մարզին, Պսկովի մարզի Պիտալովյան շրջանին, որոշ հեռավորարևելյան տարածքներին: Բնականաբար, այստեղ հասցեատերերը այլ էին լինելու: Թե ինչն էր խոչընդոտ հանդիսացել այս պարագայում, նախկին դիվանագետը չի մանրամասնել:

Հիշեցնեմ նաև, որ մի քանի տարի առաջ համաշխարհային մամուլը ակտիվորեն շրջանառության մեջ դրեց հետևյալ թեզը. «Սիբիրը չափազանց մեծ տարածք է, որպեսզի պատկանի միայն Ռուսաստանին: Դա անարդարացի է, բնության հարստությունները պետք է ընդհանուր լինեն»: 

Այն վերագրվում էր ԱՄՆ երկու նախկին կին պետքարտուղարներին՝ մերթ Մադլեն Օլբրայթին, մերթ Քոնդոլիզա Ռայսին, սակայն չնայած Ռուսաստանի նկատմամբ մեղմ ասած, որ այնքան բարյացկամ վերաբերմունքին, նրանցից ոչ մեկը պաշտոնապես չհաստատեց իր «հեղինակությունը»:

Այս ամենի ֆոնին մի փոքր այլ հայացքով են դիտվում Ռուսաստանում ամեն գնով ինչ-որ հեղափոխական գործանթացներ իրականացնելու միտումները, որոնք անթաքույց և ակնհայտորեն խրախուսվում են «դրսից»:

Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը:  Այն, որ մեր ռազմավարական գլխավոր դաշնակցի շուրջ տեղի ունեցող նման զարգացումներն ամենևին չեն բխում մեր պետության շահերից: Հասկանալի է, թե ինչպիսի կործանարար հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար Ռուսաստանի, Աստված մի արասցե, տրոհումը և ինչպիսի տեսք կունենա քաղաքական քարտեզը մեր սահմաններից դեպի հյուսիս: Սա պետք է հստակ գիտակցեն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, անկախ նրանից, թե որքանով են ճշմարտացի հարցազրույցների հեղինակների պնդումները: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ