Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Երվանդ Օտյանը հայ երգիծաբանության Հովհաննես Թումանյանն է. Ազգային գրադարանում բացվեց մեծանուն գրողի հոբելյանական ցուցադրությունը

am
ervand-otyane-hay-ergicabanoutyan-hovhannes-toumanyann-e-azgayin-gradaranoum-bacvec-mecanoun-groxi-hobelyanakan-coucadroutyoune

Արևմտահայ մեծանուն գրող, երգիծաբան, լրագրող և հրապարակախոս Երվանդ Օտյանի 150-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում ցուցադրված նրա գրական ժառանգությունը. Ազգայինի գրաֆոնդի ամենահին գրքերից մինչև ամենանորը:

«Երվանդ Օտյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 19-ին, կեսօրից հետո: 150 տարի անց, հետաքրքիր զուգադիպությամբ հենց նույն ժամին է Հայաստանի ազգային գրադրանում նշվում մեծ երգիծաբանի հոբելյանը»,- Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպված Երվանդ Օտյան- 150 ցուցահանդեսի բացման իր խոսքում նշեց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը՝ շնորհակալություն հայտնելով Ազգային գրադարանին՝ մեծանուն գրողի ծննդյան օրը նման ցուցադրությամբ նշանավորելու համար:

«Երվանդ Օտյանը հայ երգիծաբանության Հովհաննես Թումանյանն է: Նա երգիծանքի ժանրը բարձրացրեց մի նոր մակարդակի»,- ընդգծեց Սրապիոնյանը՝ ճիշտ չհամարելով այն, որ Օտյանին համարում են քաղաքական երգիծաբան, իսկ Հակոբ Պարոնյանին՝ սոցիալական: Երկուսի ստեղծագործություններն էլ ընդգրկում են կյանքի և գրականության բոլոր ոլորտները: Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ հայ երկու մեծ երգիծաբանները փոխլրացրել են միմյանց: Սրապիոնյանն անդրադարձավ Օտյանի կյանքին ու ստեղծագործությանը. երգիծավեպերին՝ «Հեղափոխության մակաբույծները», «Ընկ. Բ. Փանջունի», «Միջնորդ Տէր Պապան» և այլն, նամականուն, հուշագրություներին, հրապարակախոսական նոթերին՝ ընդգծելով դրանց գրական մեծ աժեքը:

Երվանդ Օտյանը՝ «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը» (Շիրվանզադեի բնորոշումն է) հայ ամենաարգասաբեր գրողն է եղել: Նրա գրչի տակից դուրս եկած բազմաթիվ գրքեր են պահվում Հայաստանի ազգային գրադարանի գրաֆոնդում, որոնցից ամենաուշագրավները ցուցադրված են թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում: Դրանցից են 1909-ին Կ. Պոլսում լույս տեսած «Զավալլըն» դյութական կատակախաղը, 1912-ին Ղալաթիայում լույս տեսած «Ապուշներու տարեցույցը»՝ «միմիայն սրամիտ անձերու գործածութեան յատուկ», «Տասներկու տարի Պոլսեն դուրս» անձնական հիշատակարանի 1914-ի և 1922-ի հրատարակությունները, 1932-ին Կահիրեում հրատարակված «Պատերազմ եւ… խաղաղութիւն» ընտանեկան նամականին և շատ այլ արժեքավոր գրքեր, մասնավորապես «Թաղականին կնիկը» վեպի 1921թ. Պոլսի հրատարակությունը, «Ճեպընթած նորածինը» երգիծական վիպակը (1920թ.), «Պողոս Փաշա Նուպար» կենսագրական նոթերը (1913թ.) այլն:

Հայտնի է, որ Օտյանն իր ստեղծագործություններից ամենաբարձրն է գնահատել «Ազգային բարերար» և «Համբարձում աղա» գործերը, որոնց հին հրատարակությունները ևս, ինչպես Օտյանի՝ տարբեր տարիների ամենատարբեր շատ այլ հրատարակություններ են ընդգրկված ցուցադրության մեջ:

«Նշանակալից են նաեւ Երվանդ Օտյանի ֆրանսերենից թարգմանությունները. Էմիլ Զոլա, Մարկ Տվեն, Մորիս Լըբլանի՝ Արսեն Լյուպենի մասին վիպաշարը և այլն: Ուշագրավ է, որ Օտյանը ռուս դասականների՝ Ֆյոդոր Դոստոևսկու, Մաքսիմ Գորկու Լև Տոլստոյի գործերը թարգմանել է ֆրանսերենից: Օտյանի թագմանությունների օրինակները («Աննա Կարենինա», «Արսեն Լյուպեն» և այլն), նաև նրա երկերի՝ ամենատարբեր լեզուներով թարգմանությունները, որոնք այսօր նույնպես ցուցադրված են »,-նշեց Ազգային գրադարանի սպասարկման բաժնի Գիտական և մամուլի ընթերցասրահի ենթաբաժնի վարիչ Արևիկ Զախարյանը

Ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբերի 25-ը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ