Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ես չունեմ հովանավոր, փոքրիկ քայլերով իմ բիզնեսն առաջ եմ տանում. երիտասարդ մոդելավորողի պատմությունը

am
es-counem-hovanavor--poqrik-qaylerov-im-biznesn-araj-em-tanoum-eritasard-modelavoroxi-patmoutyoune

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը շարունակում է ներկայացնել տարբեր ոլորտներում աշխատող և ստեղծագործող երիտասարդների, ովքեր կարողացել են հենց մեր երկրում կրթություն ստանալ և իրենց ուժերով հիմնել սեփական գործը:

Այս անգամ զրուցել ենք երիտասարդ մոդելավորող, դիզայներ Լիլիթ Դերձյանի հետ, ով հիմնել է իր «LILIT DERCYAN» բրենդը:

Լիլիթը պատմում է, որ դեռ հինգ տարեկանից է սկսել օգտվել ասեղից ու թելից, սկզբում նախ ասեղնագործել է սովորել, հետո՝ կարել. «Այս շնորհքը ժառանգել եմ իմ երկու կողմի տատիկներից և պապիկներից, նրանց և մայրիկիս շնորհիվ հինգ տարեկանից ասեղն ու թելն իմ առօրյայի մի գեղեցիկ մասնիկն են դարձել: Սկզբում փոքրիկ օղակների վրա ամրացված կտորներին ասեղնագործում էի թիթեռներ, ծաղիկներ, 3-րդ դասարանում արդեն ինձ համար ուղիղ կիսաշրջազգեստ եմ կարել ու դրանով դպրոց գնացել: Հետո ես ու քույրս սկսեցինք հաճախել «Մանկապատանեկան ստեղծագործողների» կենտրոնի դեկորատիվ արվեստի խմբակ, որտեղ զարգացնում էին աշակերտների ստեղծագործական ջիղը՝ տարբեր նյութերից ստեղծելով թե՛ աքսեսուարներ, թե՛ կոլաժներ, թե՛ բնապատկերներ և թե՛ շինությունների մակետներ:  Երբ արդեն 8-րդ դասարանում էինք, ինձ ու քույրիկիս համար կարողանում էի տարբեր հագուստներ կարել՝ կիսաշրջազգեստներ, բլուզներ, տոպեր: Բացի կարելուց նաև մեզ համար հելյունով ու շյուղերով ձմեռային բլուզներ, գլխարկներ ու շարֆեր էի գործում, իսկ հուլունքներով կարողանում էի թևնոցներ ու վզնոցներ հավաքել»:

Դպրոցում Լիլիթը գրեթե բոլոր առարկաներն էլ սիրել է, բայց մասնագիտության ընտրության հարցում երկար չի մտածել, ճականագիրը նրան տարել է ուղիղ Երևանի մշակույթի պետական քոլեջ. «Գերազանց ավարտեցի քոլեջն ու միանգամից սկսեցի աշխատել: Արդեն 9 տարի է զբաղվում եմ պրոֆեսիոնալ հագուստի մոդելավորմամբ, կար ու ձևով»:

Այս աշխատանքը, Լիլիթի խոսքով մի քանի պայման է պահանջում լիարժեք մթնոլորտում ստեղծագործելու համար. «Մեծ համբերատարություն, ուրախ տրամադրություն, հարմարավետ, լուսավոր և անաղմուկ միջավայր, աշխատանքային պրոֆեսիոնալ գործիքներ, սեր մասնագիտության հանդեպ, եթե կան այս պայմաններն ու նախադրյալները և մուսա ասվածը, բարդություններ գրեթե չեն լինում»:

Հագուստի մոդելավորմամբ թեկուզ այսօր շատերն են մեր երկրում զբաղվում, սակայն երիտասարդ մոդելավորողի խոսքով, այսօր մեզանում նոր-նոր է զարգանում դիզայներ-մոդելավորողի իրական ծառայություններից օգտվելու, նրանից խորհուրդ և մասնագիտական կարծիք լսելու մշակույթը. «Աշխատելով նաև Ռուսաստանում, կարելով ռուս կանանց ու աղջիկների համար հագուստներ, համեմատելով նրանց և հայ կանանց ու աղջիկների պահանջները, կասեի, որ մի փոքր դժվար է մեր կանանց հետ աշխատելը: Չնայած պետք է նաև ասեմ, որ մերոնք, իհարկե, լավ գիտեն, թե ինչ ոճով հագնվեն, սակայն ցանկացած հագուստ կարելիս միշտ հաշվի են առնում նաև իմ մասնագիտական կարծիքը»:

Ինչ վերաբերում է Հայաստանում բիզնեսով զբաղվելու դժվարություններին, Լիլիթն ասում է. «Հայաստանում ամեն ինչն էլ դժվար է, երբ ինքնուրույն ես ձեռնարկում  գործդ, այն էլ զրոյից: Իմ կարծիքով, այն, ինչ մենակ ես ստեղծում՝ առանց որևէ մեկի օգնության, նաև մեծ զոհողություն է պահանջում, աշխատասիրություն ու որակ: Այս դեպքում էլ թեկուզ մի փոքր ուշ, բայց գալիս է օրը, երբ արդեն կարողանում ես հավաքել այն պտուղները, որոնց համար այդքան ջանք ես ներդրել: Ես չունեմ հովանավոր, ինքս իմ աշխատասիրությամբ, աշխատանքի որակով, ինչպես նաև հաճախորդների ցանկությունները հասկանալու կարողությամբ, թեկուզ փոքրիկ քայլերով իմ բիզնեսն առաջ եմ տանում»:

Լիլիթը նաև նկատում է, որ չնայած ինքը որքան էլ նպատակասլաց է, ուժեղ, միևնույն ժամանակ շատ զգայուն է, ինչպես իր ոլորտի ցանկացած մասնագետ. «Իմ մասնագիտության յուրահատկությունը մասնագետի բնավորության մեջ է արտացոլվում: 9 տարիների ընթացքում աշխատելով Հայաստանի և Ռուսաստանի մոդելավորող-դիզայներների հետ, հասկացել եմ, որ մեր ներաշխարհն ուրիշ է: Մենք՝ ստեղծագործողներս, հնարամիտ, հումորով, հարմարվող և միևնույն ժամանակ նրբանկատ ու զգայուն մարդիկ ենք»:

Իսկ վերջում, խոսելով երազանքներից, Լիլիթն ասում է, որ ինքն իր առջև ավելի շուտ նպատակներ է դնում և հասնում դրանց. «Առայժմ իմ ցանկությունն է ունենալ հարմարավետ, լուսավոր աշխատասենյակ, որպեսզի հեշտ լինի իրականացնել իմ յուրօրինակ մտահաղացումները: Հայաստանում հասցրել եմ մի քանի ցուցադրության ժամանակ իմ մոդելավորած հագուստները ներկայացնել, նաև վաճառել: Եվ ասեմ, որ հպարտությամբ եմ հագուստների վրա փակցնում՝ «LILIT DERCYAN»  made in Armenia լոգոն: Հույս ունեմ, որ կկարողանամ իմ հեղինակած հագուստները ներկայացնել միջազգային նորաձևության ցուցադրությունների ժամանակ»:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ