Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Եթե մենք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգն ենք, ինչո՞ւ ենք խուսափում քրիստոնեական արժեքների դասավանդումից

ete-menq-asxarhi-amenahin-qristonya-azgn-enq--incou-enq-xousapoum-qristoneakan-arjeqneri-dasavandoumic

Դպրոցական ծրագրից հայագիտական առարկաները հանելու, կրթության համակարգում սպասվող փոփոխությունների, ԵՊՀ 450 աշխատակցի աշխատանքից ազատման և այլ հարցերի շուրջ ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցեց ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վահրամ Մկրտչյանի հետ:

-Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս եք գնահատում այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են դպրոցական ծրագրերում, մասնավորապես, ի՞նչ կասեք հայագիտական առարկաների վերանայման առնչությամբ՝ ԿԳ նախարարի կատարած հայտարությունների մասին

-Գնահատականս, միանշանակորեն, բացասական է: Հայագիտական առարկաները դպրոցից, բուհից հանելու հարցը քննարկման ենթակա չէ: Եթե այնպիսին է իրավիճակը, որ ուզում են նոր առարկաներ մտցնել, թող անեն, բայց ոչ ի հաշիվ հայագիտական առարկաների:

-Նման դիրքորոշման պատճառաբանություններից գլխավորը, թերևս այն է, որ այդ առարկաներում կրկնությունները շատ են: Սա կարո՞ղ է հիմնական պատճառ լինել, որպեսզի, օրինակ՝ «Հայոց եկեղեցու պատմություն» կամ «Հայրենագիտություն» առարկաները հանվեն դպրոցական ծրագրից:

-Ես այն կարծիքին եմ, որ հայոց եկեղեցու պատմությունը հայոց պատմության մի կարևորագույն մաս է և դրանք իրարից չի կարելի անջատել, հետևաբար, եթե մենք ձեռք ենք տալիս «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային, նշանակում է հայոց պատմության որոշակի մաս մենք չենք ցանկանում, որ մեր մատաղ սերունդն իմանա կամ այդ ոգով դաստիարակվի: Եթե մենք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգն ենք, ինչո՞ւ ենք խուսափում քրիստոնեական արժեքների դասավանդումից, չէ՞ որ ամբողջը բարոյագիտություն է, էթիկա է, այսինքն՝ մենք չենք ուզո՞ւմ, որ մեր երեխաները ստանան այդ քրիստոնեական դաստիարակությունը: Ես դեմ եմ, այդ առարկային ձեռք տալ չի կարելի:

-ԿԳ նախարարը հաճախ է շեշտում այն մասին, թե պետք է ունենանք դպրոցն ավարտող այնպիսի աշակերտներ, որոնք կունենա ազատ մտածելակերպ, կկարողանան ազատ քննադատել: Ասվածն առաջին հայացքից, այսինքն, քննադատական մտածողության ձևավորման առումով, դրական քայլ կարելի է համարել, բայց արդյո՞ք այն չունի իր վտանգները, երկսայր սուր չէ՞, այդ կերպ չենք դաստիարկո՞ւմ անհանդուրժող, ամեն ինչ մերժող, ամեն ինչին միայն քննադատաբար վերաբերվող սերունդ:

- Եվրամիության տարբեր հարթակներում խոսվում է այդ մասին և հատուկ այդպիսի ծրագրեր կան, որոնք օգնում են արևելյան Եվրոպայի երկրներին և Արևելյան գործընկերության գործընթացին մասնակից երկրներին, որպեսզի իրենց մոտ փոխեն տոտալ համակարգից եկած մտածողությունը, դոգմաների դեմ պայքարեն և այլն: Քննադատական մտածողությունը, ընդֆհանուր առմամաբ, վատ բան չէ: Եթե մենք քննադատական մտածողության տակ անհանդուրժողականության խթանում ենք հասկանում, կամ եթե մենք ասում ենք՝ ազատվել դոգմաներից ու դրա տակ հասկանում ենք Հայ առաքելական եկեղեցի, ազգային պահպանողական արժեքներ, ուրեմն, այդպիսի քննադատական մտածողություն մեզ պետք չէ: Հիմա թե ո՞ր պաշտոնյան ի՞նչ է հասկանում քննադատական մտածողության տակ, չեմ կարող ասել, ինքնին այդ հասկացողությունը վատ բան չէ, բայց դրա չափավոր դոզան է ճիշտ, իսկ եթե դա հանկարծ անցնի սահմանը, կվերածվի քաոսի»:

-Այսօր, ընդհանրապես, մեր կրթական համակարգում՝ թե՛ դպրոցական, թե՛ բուհական, ինչպիսի՞ իրավիճակ է՝ ըստ ձեզ:

- Խոսեմ կոնկրետ օրինակով. նոր փոփոխության արդյունքում ԵՊՀ 450 աշխատակից զրկվում է գիտական հաստիքներից: 450-ի մեջ՝ 200-ից ավելին միայն գիտական հաստիքով են աշխատում, իրենք գիտաշխատողներ են և կկորցնեն իրենց միակ աշխատանքը, մնացածը գոնե համատեղության սկզբունքով էին աշխատում, նաև դասավանդում էին, իրենց մոտ ուղղակի աշխատավարձի պակաս կլինի: Այս որոշումն արդեն անընդունելի է: Ստեղծել ենք Համալսարանական կոմիտե ենք ստեղծել և պետք է լուրջ պայքար տանենք դրա համար:

Մեր պահանջը հետևյալն է՝ մենք ասում ենք, որ, ընդհանրապես, բազային ֆինանասավորումը չի կարելի մրցութային դարձնել և վերջ, որովհետև, հատկապես, էքսպերիմենտալ գիտությունների մեջ, որտեղ կան սարքավորումներ, լաբորատորիաներ, արտասահմանյան լավագույն կենտրոնների հետ փոխգործակցություն, իրենք չեն կարող բյուջետային գումարով հավակնել մրցույթի: «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետը վերաբերում է գիտության ֆինանսավորման 3 ուղղություններին, որից առաջինը բազային ֆինանասավորումն է: Դա նշանակում է, որ պետությունն ուղղակի տվյալ գիտական ուղղությունները ֆինանսավորում է՝ վերջինիս զարգացման և կանխատեսելիության համար, իսկ մրցութային կարգերը, որ հիմա առաջ են քաշվել, ձևակերպվում է որպես դրամաշնորհ:

Հիմա մեր նոր իշխանությունները ձևակերպել են, որ եթե դրամաշնորհ է՝ անպայման պետք է լինի մրցույթային, բայց այստեղ թյուրըմբռնում կա, դա չի վերաբերում բազային ֆինանսավորմամբ առ այսօր աշխատող լաբորատորիաներին: Անկախ նրանից դրանք գտնվում են ԵՊՀ հիմնադրամի, այլ ակադեմիական որևէ ինստիտուտի կազմում, թե անկախ լաբորատորիաներ են, պետք է լինեն բազային և մենք սրա համար լուրջ կազմակերպչական աշխատանք ենք տարել մեր մյուս բուհերի գիտաշխատողների հետ: Հիմա մենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով գրավոր նամակ ենք ուղարկել Կառավարություն, եթե լսեցին մեր ձայնը՝ չեղարկեցին, ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե չարեցին, մենք երթ ենք անելու, փողոց ենք դուրս գալու և պաշտպանելու ենք մեր իրավունքները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ