«1915-ին թուրքական կառավարությունը սկսեց և դաժանորեն ավարտին հասցրեց տեղահանությամբ ուղեկցվող լայնամասշտաբ կոտորածն` ընդդեմ հայերի… Ամբողջական թաղամասեր են ջնջվել… Կասկած չկա, որ այս հանցագործությունը նախագծվել և իրականացվել է քաղաքական պատճառներով»

Ուինսթոն Չերչիլ

«Եվգենի Օնեգին»-ը ներկայացվեց Բերձորում

evgeni-onegin-e-nerkayacvec-bercoroum

Փետրվարի 8-ին Քաշաթաղի շրջանի Բերձորի և այլ բնակավայրերի բնակիչները, հիմնականում դպրոցականներ, Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճում հանդիսատես եղան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողական թատրոնի և OPEN STAGE նախագծի ներկայացման:

Արցախում առաջին անգամ երիտասարդ արտիստները ներկայացրեցին Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» պարային-պլաստիկ ներկայացումը (բեմադրիչ՝ Գաբրիել Խուդեդա, տնօրեն՝ Էդիկ Բարսեղյան, ռեժիսոր՝ Նադյա Իսրայելյան):

Ուսանողական թատրոնի տնօրենի օգնական Տիրան Գասպարյանը, ով Ամանորի տոնական օրերին Քաշաթաղի շրջանում մասնակցում էր «Կախարդական տնակ» ծրագրին, այս անգամ արդեն խմբին էր ուղեկցում: Տեղեկացրեց, որ պարախմբում կան ԵԹԿՊԻ-ի և ուսանողներ, և շրջանավարտներ: Այցը կայացել է Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի հրավերով՝ շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի աջակցությամբ:

OPEN STAGE-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ծրագրի նպատակն է ստեղծագործողին, արվեստի մարդուն տալ ազատ գործելու հնարավորություն: Եվ նման ներկայացում է «Եվգենի Օնեգինը»:

Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթի տնօրեն, երգչուհի Փիրուզա Արզումանյանը ներկայացումը հայտարարեց բացված՝ տեղեկացնելով, որ ավարտին տեղի կունենա քննարկում ներկայացման վերաբերյալ: Պարարվեստի երիտասարդ արտիստները մոտ կես ժամ պարի միջոցով և երաժշտության հնչյունների տակ ներկայացրին Ռուս հայտնի գրողի չափածը վեպը, որը նկարագրում է ռուսական` հիմնականում ազնվական կյանքը 1820-ական թվականներին, այդ ժամանակվա կենցաղը, նորաձևությունը, մարդկային հարաբերությունները, միջավայրը, որտեղ ապրում էին վեպի գլխավոր հերոսները՝ Տատյանա Լարինան և Եվգենի Օնեգինը։

Ներկայացվեց Օնեգինի կյանքը, երբ նա հեռանում է Պետերբուրգից և հաստատվում գյուղում՝ դառնալով մահացած քեռու ժառանգորդը: Օնեգինի հարևանը Գերմանիայից ժամանած 18-ամյա ռոմանտիկ գրող Վլադիմիր Լենսկին էր, ում հետ ընկերանում է։ Վարպետորեն նկարագրվեց նաև այն պահը, երբ Օնեգինը սիրահետում է Տատյանային, Լենսկին նրան կանչում է մենամարտի ու զոհվում: Օնեգինը, ծանր է տանում ընկերոջ մահը, լքում է գյուղը, տեղափոխվում Պետերբուրգ, որտեղ հետագայում հանդիպում է Տատյանային, ով դեռ սիրում է Օնեգինին, ումից սկզբում մերժվել էր, սակայն արդեն ամուսնացել էր և հավատարիմ էր իր զինվորական ամուսնուն: Ընթացքում ընթերցվեցին նաև Տատյանայի և Օնեգինի նամակները:

Я к вам пишу – чего же боле?
Что я могу еще сказать?
Теперь, я знаю, в вашей воле
Меня презреньем наказать.

Но вы, к моей несчастной доле
Хоть каплю жалости храня,
Вы не оставите меня.

Ներկայացումից հետո պարային համարներով ելույթ ունեցան Բերձորի արվեստի դպրոցի Կովսական քաղաքի «Թաթուլ» ազգագրական երգ ու պարի համույթի և Իշխանաձոր գյուղի պարարվեստի խմբակի սաները: Այնուհետև աշակերտներին միացան ԵԹԿՊԻ-ի ուսանողները՝ առավել տոնական դարձնելով օրը:

Ներկայացման վերաբերյալ քննարկման ընթացքում հնչեցին հարցեր՝ ինչու՞ է ընտրվել Պուշկինի ստեղծագործությունը, ո՞վ էր ընթերցում նամակները և այլն:

Տատյանայի նամակի ընթերցանությունը հին ձայնագրություն էր` հատուկ էին այն ընտրել:

Միջոցառմանը ներկա էր Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին և Երևանից ժամանած արտիստներին: Տիրան Գասպարյանը տեղեկացրեց, որ այսուհետ մշակութային կապը Քաշաթաղի հետ առավել են ակտիվացնելու, և նման ներկայացումները կլինեն հաճախակի: Հանդիսատեսը մեծ գոհունակությամբ հեռացավ դահլիճից՝ հույսով, որ նման ներկայացումներ էլի կլինեն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ