Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Եվրահանձնաժողովը նոր նախագահ ունի՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

evrahancnajoxove-nor-naxagah-ouni-oursoula-fon-der-lyayen

Հուլիսի 16-ին Եվրախորհրդարանը Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին հաստատեց Եվրահանձնաժողովի նոր նախագահի պաշտոնում: Աշնանը նա կփոխարինի Ժան Կլոդ Յունկերին, որի լիազորություններն ավարտվում են հոկտեմբերին և կլինի առաջին կին եվրակոմիսարը: Հիշեցնեմ, Յունկերն այս կառույցը ղեկավարում էր 2014-ի նոյեմբերի 1-ից:

Վաթսունամյա այս տիկինը մեծ քաղաքականության մեջ ամենևին պատահական մարդ չէ: Նա հանդիսանում է Գերմանիայի ՔԴՄ հայտնի գործիչ Էրնստ Ալբրեխտի դուստրը, որը տարիներ շարունակ գլխավորել էր Եվրահանձնաժողովի Մրցակցության դիրեկտորատը:

Նշանակման հետ կապված դեբատներն, իսկ այնուհետև՝ քվեարկությունն անցան բավականին լարված մթնոլորտում: Տիկին դեր Լյայենի հիմնական մրցակիցն էր հոլանդացի սոցիալ-դեմոկրատ Ֆրանս Թիմմերմանսը: Ւ վերջո Եվրահանձնաժողովի նոր նախագահը ստացավ 383 կողմ ձայն /անհրաժեշտ 374-ի դիմաց/ և 327՝ դեմ: Որոշիչ եղան Վիշեգրադյան քառյակի՝ Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Չեխիա և Իտալիայի ձայները, որոնք կտրականապես դեմ էին հոլանդացուն:

Փորձագետները նշում են, որ նոր նախագահը համարվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համախոհը՝ նրա կաբինետում զբաղեցնելով ընտանիքի հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի և պաշտպանության նախարարի պաշտոնները:

Ընտրությունից հետո իր անդրանիկ ելույթում դեր Լյայենը մի հետաքրքիր հայտարարություն արեց, ինչը, թերևս, կարելի է ծրագրային համարել.

«Իմ առաջին պարտավորությունը նախագահի պաշտոնում կայանալու է նոր մեխանիզմների ստեղծումը, որոնք թույլ կտան անկախ փորձագետներին մշտապես վերահսկել Եվրամիության բոլոր երկրներին: Նրանց կողմից իրավակարգի խախտումներ հայտնաբերելու պարագայում այդ պետությունները կենթարկվեն պատժամիջոցների»:

Ուշագրավ են նաև տիկին եվրակոմիսարի մի քանի այլ հայտարարությունները, որոնք արվել են վերջին շրջանում: Մասնավորապես, նա ցանկանում է տեսնել ոչ թե եվրոպական բանակ, այլ եվրոպացիների բանակ, ինչը կարծեք թե թափանցիկ ակնարկ է, որ նա այնքան էլ ոգեշնչված չէ Մերկել-Մաքրոն հայտնի նախաձեռնությամբ:

Մյուս հանգուցային հարցում, որը վերաբերում է փախստականներին, դեր Լյայեն կոչ է անում գործընկերներին հնարավորինս օժանդակել այն պետություններին, որտեղից իրականանում է փախստականների հիմնական ներհոսքը Եվրոպա՝ դա համարելով այդ գործընթացը մեղմելու արդյունավետ միջոց:

Եվ, վերջապես, վերջին առանցքային կետը՝ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները: Նոր նախագահը համոզված է, որ Եվրոպան առաջիկայում էլ պետք է երկխոսի ռուսների հետ բացառապես ուժի դիրքերից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ