Եվրամիությունը «խեղդում է»

evramioutyoune-xexdoum-e

Բաքվում օրերս աշխատանքներն է ավարտել Եվրամիություն-Ադրբեջան տնտեսական համագործակցության հինգերորդ խորհրդաժողովը: Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շեշտը դնում է Եվրամիության հետ հարաբերությունների հատկապես տնտեսական բաղադրիչի վրա: Առանձնակի կարևորություն է տրվում այսպես կոչված՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործընթացում Ադրբեջանի դերակատարությանը, թեև իրավիճակն այս հարցում շարունակում է մնալ փակուղային: Բանն այն է, որ Թուրքմենստանը համառորեն չի արձագանքում Տրանսկասպյան խողովակաշար կառուցելու և իր գազը Եվրոպա առաքելու մասին Միացյալ Նահանգների հորդորներին:

Իսկ եթե թուրքմենական գազը չի մտնում «Հարավային գազային միջանցք»,  աշխարհաքաղաքական այդ նախագիծը կարելի է համարել ձախողված: Այս իրավիճակում Եվրամիություն-Ադրբեջան տնտեսական հարաբերությունների մասին խոսակցությունները ցանկության ոլորտից են: Ադրբեջանը չունի Եվրամիությանը որևէ գրավիչ առաջարկություն անելու ռեսուրս: Տնտեսության ավելի  քան 80 տոկոսը նավթագազային ասեղի վրա է նստած:

Ընդ որում, Եվրամիությունը համառորեն պնդում է, որ իրական առևտրատնտեսական հարաբերություններ չեն կարող լինել, եթե Ադրբեջանը չգնա բարեփոխումների, ազատականացման և քաղաքացիական իրավունքների երաշխավորման ճանապարհով: Այդ մասին բավական բաց տեքստով հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տայվո Կլաարը: Նա Բաքվում անդրադարձել է ԵՄ-Ադրբեջան համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին:

Ավելի վաղ ադրբեջանական կողմն անոնսավորել էր, թե համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին՝ Իլհամ Ալիևի Բրյուսել այցի ընթացքում: Այդ առթիվ ԵՄ պաշտոնատարները հանդես էին եկել հոռետեսական հայտարարություններով, ինչից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն ստիպված էր հերքել տարածված տեղեկությունը և արձանագրել, որ ԵՄ հետ բանակցությունները շարունակվում են: «Ճիշտ է, արդյո՞ք, որ Ադրբեջանն առաջնային է համարում ԵՄ հետ հարաբերությունների բաղադրիչը» հարցին Եվրամիության ներկայացուցիչ Կլաարը պատասխանել է, որ «բանակցությունները բարդ են» և հատուկ ընդգծել քաղաքական նախապայմանները՝ ապահովել խոսքի և ազատ արտահայտվելու իրավունքը, քաղաքական բազմակարծությունը:

Սա Եվրամիության հստակ պահանջն է Ադրբեջանին: Ալիևյան ռեժիմի համար ԵՄ նման մոտեցումը հավասարազոր է մղձավանջի: Եվրամիությունը փաստացի ասում է, որ Ադրբեջանի հետ չեն կարող լինել տնտեսական համագործակցության նախագծեր, եթե այնտեղ չկա խոսքի ազատություն, չի հարգվում ազատ արտահայտվելու իրավունքը, բացակայում է քաղաքական բազմակարծությունը: Գնալ նման բարեփոխումների՝ Ալիևի համար նշանակում է փորել իշխանության հիմքերի հիմքը, հող նախապատրաստել, որպեսզի ընդդիմությունը կազմակերպվի և անցնի քաղաքական գրոհի: Մյուս կողմից, ինչպես հասկացվում է Եվրամիության հատուկ ներկայացուցչի խոսքերից, Ադրբեջանը Եվրամիության հետ սկզբունքային տարակարծություններ ունի Լեռնային Ղարաբաղի հարցով: Բանն այն է, որ Բաքուն պնդում է, որպեսզի բանակցվող համաձայնագրի նախաբանում արձանագրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երաշխավորող դրույթԵվրամիությունն, ընդհակառակը, հակված է այնպիսի ձևակերպման, որտեղ շեշտը դրված կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման անհրաժեշտության վրա՝ համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների: Այս հարցում, երևում է, կողմերի դիրքորոշումները մնացել են անփոփոխ: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը դիվանագիտական հերթական պարտությունն է կրում:

Եվրամիությունն, այսպիսով, պարզապես «խեղդում է» Ադրբեջանին՝ մի նախապայմանից անցնելով մյուսին: Ալիևյան ռեժիմին չի հաջողվում աջակցություն ստանալ եվրոպական որևէ մայրաքաղաքից, թեև տարիներ շարունակ Բաքուն պնդում է, որ ԵՄ առանձին երկրների հետ հարաբերությունները «փայլուն են»: Իրավիճակը գրեթե փակուղային է: Եվրամիությունը հակված չէ զիջումների, քանի որ Ադրբեջանից առանձնակի ակնկալիքներ չունի: Փոփոխություն կարող էր տեղի ունենալ, եթե Թուրքմենստանն ընդառաջեր Տրանսկասպյան խողովակաշար կառուցելու առաջարկությանը: Դա շատ ծախսատար նախագիծ է, որի ֆինանսավորումը վեր է Ադրբեջանի հնարավորություններից: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը բանակցություններ է սկսել Ղազախստանի հետ: Ի՞նչ արդյունք կտան դրանք՝ ապագայի հարց է: Իսկ Եվրամիության հետ հարաբերությունները մնում են անորոշ: Տնտեսական համագործակցության հինգերորդ խորհրդաժողովը գործնական որևէ նախագիծ չի քննարկել:

Լրահոս

Նմանատիպ նորություններ