Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Եվրոպական ամենամեծ ավիաընկերությունը՝ Ryanair-ը մուտք գործեց ՀՀ ավիաշուկա

am ru
evropakan-amenamec-aviaenkeroutyoune-ryanair-e-moutq-gorcec-hh-aviasouka

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Մուտքն ազդարարեցին Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հոկտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսում: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից:

«Մեր ընկերությունն ամենամեծն է Եվրոպայում: Ունենք ամենամեծ ցանցը: Ոչ միայն մեգահանգույցներում ենք չվերթներ իրականացնում և մայրաքաղաքներում, այլ միավորում ենք շրջանները: Մեզ համար կոմերցիոն շահից բացի, կարևոր է նաև ինտեգրումը: Ունենք 86 բազավորման կետեր: Այն հնարավորություն է տալիս Հայաստանը կապել այդ կենտրոնների՝ քաղաքների հետ: Վերջերս բացել ենք բազավորման կետեր Մարսելում, Թուլուզում և Բորդոյում, որտեղ շատ հայեր են բնակվում: Հաջորդ տարի նոր ուղղություններից են լինելու Վրաստանը, Լիբանանը: Սպասարկում ենք 152 միլիոն հաճախորդի, հաջորդ տարիներին ցանկանում ենք այդ թիվը հասցնել 200 միլիոնի: Ryanair ընկերությունների խումբը բաղկացած է չորս ավիաընկերությունից՝ 500 ինքնաթիռով: Չվերթներն իրականացնում ենք 234 օդանավայականների միջոցով այնպիսի ցածր գներով, որոնց հետ ոչ ոք չի կարող մրցակցել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Դեյվիդ Օ՛Բրայանը: Հայաստանը դառնում է ավիաընկերության 40-րդ երկիրը: Ավիաընկերության տոմսի ամենացածր արժեքը 4.99 եվրո է, իսկ միջին գինը տարբեր ուղղություններով՝ 35 եվրո:

Երևանից շաբաթական երկու անգամ յուրաքանչյուր ուղղությամբ կիրականացվեն չվերթները, սակայն հետագայում դրանք կավելանան: Ընկերությունը չի բավարարվելու շաբաթական վեց չվերթով: Տոմսերը կսկսվեն վաճառվել այսօրվանից:

Լրահոս

Նմանատիպ նորություններ