Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ֆենոմեն, որի հետ անհնար է համակերպվել

fenomen--ori-het-anhnar-e-hamakerpvel

Պարզապես կարելի է ապշել, թե ինչպես քաղաքականությունը պառակտեց մեր հասարակությանը: Մեր ասելով նկատի ունեմ և՛ Հայաստանը, և՛ Արցախը, և՛  Սփյուռքը: Այս ֆենոմենն, անկասկած, արժանի է ոչ միայն քաղաքագետների, այլև, առաջին հերթին, հոգեբանների և միգուցե հոգեբույժների ուսումնասիրությանը: Կարծում եմ, ոչ շատ հեռու ապագայում այդպիսի հետազոտություններ անպայման կարվեն: 

Միգուցե կոշտ հնչեց, ներողություն եմ խնդրում դրա համար, սակայն ինչպե՞ս հասկանալի ձևով բացատրել այն թշնամանքը, որը միմյանց նկատմամբ սերմանվեց ընդհուպ բարեկամական, նաև ընտանեկան մակարդակով, իսկ շատ հարազատների և դրկիցների դարձրեց հավերժ թշնամիներ: 

Հիմա տեսական-էմոցիոնալ ոլորտից անցնեմ գործնական հիմնավորումների: Պարբերաբար ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվում է տեղեկատվություն «հայհոյող կանանց» վերաբերյալ (տերմին, որը դարձավ, ըստ իս, Նոր Հայաստանի նեգատիվ հորհրդանիշներից ամենասարսափելին): Այսօր ազգը երջանկացավ և ստացավ ադրենալինի նոր չափաբաժին` ծանոթանալով « հայոց փափկասուն կանանց» հերթական ցանկին: Չեմ բացառում, որ դրա մեջ կան նաև այսպես կոչված ֆեյքեր, սակայն ցավոք, երբեմն հանդիպում եմ նաև ծանոթ տիկնանց, որոնց նման ուրույն լինգվիստական ընդունակությունների մասին գաղափար էլ չեմ ունեցել: Նրանցից ոմանց հետ նույնիսկ փորձել եմ ճշտել, արդյո՞ք ընթերցածս հայհոյանքն իրոք ինքն է գրել, և ստացել դրական պատասխան:

Ինձ համար, որպես նորմալ հայ տղամարդու, կինը միշտ եղել է, կա և կլինի մեծարանքի առարկա: Ուստի և պարզապես անընկալելի է, ինչպես է իգական սեռի հայազգի ներկայացուցիչը, ընդ որում մեծի մասամբ՝ բալզակյան + տարիքի, որը նկարված է ռեալ ամուսնու, զավակի կամ թոռնիկի հետ, ի լուր համայն մարդկության իրեն թույլ տալիս անցյալ դարասկզբի կառապանի բառապաշարին հարիր հայհոյանքներ: Իմ ուղեղում չի տեղավորվում, ինչպե՞ս են դա հանդուրժում նրա հարազատները՝ առաջին հերթին ուժեղ սեռին պատկանող: Ասենք, ի՞նչ զգացմունքներ է ապրում 20 տարեկան ուսանող տղան, երբ նրա կուրսեցիները աշխույժ քննարկում են իր մայրիկի հերթական «օպուսը», կամ բժիշկը, մանկավարժը, երթուղայինի վարորդը, որի ընկերները «հիանում են» իր նրբագեղ տիկնոջ հանճարեղ լեզվական ընդունակություններով՝ առաջարկելով հարստացնել նրա բառապաշառը: Եվ ամենակարևորը, որքանո՞վ է իրեն կին զգում այդ «քֆուրների մասնագետ»  անձնավորությունը, որին իրականում Աստված արարել է սիրվելու, փայփայվելու, պաշտպանվելու, զավակներին կյանք տալու և դաստիարակելու համար …

Կրկին հայցում եմ բոլորիդ ներողամտությունը: Նաև՝ չեմ ցանկանում խոսել այն մասին, թե իրար գոնե խոսքերով հոշոտել պատրաստ կողմերից ո՞րն է ավելի արհեստավարժ նման լեզվական էքսպերիմենտնրում, դա ինձ համար երկրորդական է: Ես հիմա մտահոգված եմ միայն մի բանով՝ ինչպե՞ս կանգնացնել այս վարակը: Ի՞նչ կարող ենք անել ես, դու, նա, մեր հասարակությունը: Արդյո՞ք արդեն ուշ չէ:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ