Գարեգին Ա Կաթողիկոս․ «Ո՞վ է կամ ի՞նչ է Աստված»

am
garegin-a-katoxikos-ov-e-kam-inc-e-astvac

Աստծո մասին պատկերացումները տարբեր կրոններում, իմաստասիրական տարատեսակ հոսանքներում ամենատարբեր կերպերով են արտահայտվում։ Անժխտելի է՝ յուրաքանչյուր կրոնի մեջ կարելի է գտնել աստվածային ճշմարտության և իմաստության սերմեր։ Ու թեև աթենական ազնիվ փիլիսոփաներն իրենց դերն ունեն Ճշմարտության ճանաչման համաշխարհային գործում, սակայն, ինչպես եղծում է հանճարեղ Կողբացին․ «Սիրում եմ նրա Աստված փնտրելու պատրաստակամությունը, բայց ամբարտավանությունը չեմ գովերգում» (Պլատոնի մասին), ապա թե՝ «նրանք ոչ թե պաշտում են Պատճառը, այլ հետևանքները»։

Երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի թողած բազմաժառանգ գիտական, գրական, քարոզչական ժառանգության մեջ յուրահատուկ ոգեկանությամբ, զգայականից վեր՝ զգացական լծակներով են ներկայացվում և բացատրվում քրիստոնեական աստվածաբանության խարիսխ կազմող գրեթե բոլոր հիմքերը։ Երանաշնորհ Հայրապետը նրբությամբ և մարդկային աստվածակնիք ոգեկան լեզվով դառնում է Աստծո «թարգմանը», բացահայտում Նրան Իր տարբեր կողմերով։

«Ո՞վ է կամ Ի՞նչ է Աստված», — հարցադրում է Հայրապետը։ Այս հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է գիտակցել Աստծո գոյությունը՝ որպես տիեզերքի և մարդու Արարչի․ մարդուն և նրան շրջապատող աշխարհի ճանաչումով է սկսվում գիտակցումն ու հավատն առ Աստված՝ որպես Արարչի, Սիրո, Ամենազորության և Պարզության կատարյալ դրսևորման։ Դրանց մասին գիտելիքը, սակայն, մեզ տրվում է աստվածային հայտնությամբ, գիտակցված շնորհով, Սուրբ Հոգու ներգործությամբ։

Բանիբուն Հայրապետն Աստծուն մարդկային սահմաններում՝ «Անժամանակը ժամանակի մեջ», բանաձևում է որպես Պատճառ տիեզերքի և մարդու, որի համար բանականությունը բնութենական հատկանիշ է, այլապես տիեզերքի կարգն ու կանոնը անբացատրելի պիտի լինեին։ Սակայն Աստծո մասին նման բացատրությունները թե՛ իմաստասիրական շրջանում, թե՛ այսօր անհրաժեշտ են լոկ խստասիրտ և գիտական բացատրություններ փնտրելու հիվանդագին մոլուցք ունեցող մտքերի համար:

Հոգեկիր Հայրապետը նշում է, որ թեև Աստված մշտապես անճանաչելի է և մարդկային ամենապերճախոս լեզուն չի կարող ներկայացնել Նրան և Նրա կատարած անքննելի գործերն ամենաչնչին չափով անգամ, սակայն, դրա հետ մեկտեղ այնքան մեծ է, որ Նրա առատ Սերը մշտապես հասանելի է մեր հոգիներին և մենք ամենուր և ամեն ժամ կարող ենք մեր կյանքում զգալ Անհասանելիի ներկայությունը։

«Մեր Աստված Իր մեծությանը նախանձախնդիր, փղոսկրե աշտարակում կամ յոթներորդ երկնքում ապրող աստված չէ, նա իր անսահման Մեծությունը դրսևորում է մարդկանց հանդեպ Սիրուց խաչ բարձրանալով», — ասում է Հայրապետը։ Ուրեմն Աստուած Սեր է. «Այն ատեն մենք, եթե մարդ ենք, չենք կըրնար չըլլալ Սիրո Ճառագայթ» (Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց):

 

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 5-րդ համարից

Պատրաստեց Նարեկ սրկ. Վարդանյանը

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ