Գազի ամանօրյա պայթյունների շարք՝ կենցաղային վթա՞ր, թե ահաբեկչություն

gazi-amanorya-paytyounneri-sarq-kencaxayin-vtar--te-ahabekcoutyoun

2018-ի վերջին ողջ աշխարհը ցնցվեց Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունից, որի հետևանքով ստվարաթղթե տնակի նման փլվեց քաղաքի կենտրոնում գտնվող բազմամուտքանի շենքի մի հատվածը: Արդյունքում՝ 39 զոհ, ինչպես նաև բազմաթիվ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած վիրավորներ: Տեղի քննչական մարմինները արդեն դեպքի հաջորդ օրը հայտարարեցին, իսկ հունվարի 2-ին վերահաստատեցին շրջակայքում պայթուցիկ նյութերի բացակայության մասին՝ բացառելով ահաբեկչությունը և որպես հիմնական վարկած առաջ քաշելով կենցաղային գազի պայթյունը:

Նոր տարին սկսվելուն պես նմանատիպ պայթյունների մի ամբողջ շարք հետևեց, որոնցից առաջինը ռուսական մեկ այլ՝ Շախտի քաղաքում, այնուհետև ֆրանսիական Լիոնի ուսանողական կամպուսում (այստեղ, փառք Աստծո, հնարավոր եղավ խուսափել զոհերից) և մեր անմիջական հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Այս բոլոր դեպքերում նույնպես տեղական իշխանությունները շտապեցին «մեղադրել» կենցաղային գազը:

Երկու շաբաթվա ընթացքում գրանցվեց չորս նման աղետ՝ ինչը շատերին փոքր-ինչ տարօրինակ թվաց, եթե չասենք՝ կասկածելի: Համացանցում անմիջապես հայտնվեցին տարբեր տեսակի գուշակներ, պայծառատեսներ և նման «մասնագետներ», որոնք սկսեցին առաջ քաշել ամենատարբեր վարկածներ, նույնիսկ՝ ֆանտաստիկայի ոլորտից:

Այսօր վաղ առավոտյան, սակայն հայտնի դարձավ, որ առնվազն Մագնիտոգորսկի պայթյունը կարող էր կազմակերպել տխրահռչակ Իսլամական Պետություն կազմակերպությունը: Համենայնդեպս, այսպիսի տեղեկատվություն իր պաշտոնական կայքում տեղադրեց SITE Intelligence Group կազմակերպությունը, հղում կատարելով իսլամական ահաբեկիչների Al Naba շաբաթաթերթի վրա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ի դեպ, հունվարի 1-ին Մագնիտոգորսկում ևս մեկ պայթյուն էր որոտացել, որի հետևանքով ամբողջությամբ այրվել էր նաև մեկ երթուղային տաքսի, ինչը դարձավ ևս երեք մարդու մահվան պատճառ: Այդ ահաբեկչությունը նույնպես իր վրա է վերցրել ԴԱԻՇ-ը:

Սկզբից ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հրաժարվել էր մեկնաբանել այս սենսացիոն լուրը, սակայն ժամեր անց ռուսական մամուլի հաղորդմամբ ԱԴԾ –ն հերքեց նշված վարկածը: Որոշ մասնագետների կարծիքով, ԴԱԻՇ-ը երբեմն միտումնավոր է նման լուրեր տարածում, նպատակ ունենալով վախի մթնոլորտ ձևավորել:

Մենք ոչ մի հիմք չունենք չհավատալու ռուսական, ֆրանսիական և վրացական պատկան մարմիններին, որոնք միաբերան պնդում են պայթյունների կենցաղային վարկածը: Ավելին, Ռուսաստանում նման իրադարձություններ, ցավոք, հաճախակի են տեղի ունենում՝ ինքնաշեն և չստուգված սարքերի օգտագործան պատճառով: Իհարկե, նման բաներից երաշխավորված չեն նաև այլ երկրները, մասնավորապես՝ Ֆրանսիան և Վրաստանը: Սակայն այստեղ կա մեկ ուշագրավ հանգամանք. և՛ առաջինում, և՛ երկրորդում վերջին շրջանում շատ անհանգիստ է իրավիճակը:

Ֆրանսիան արդեն ամիսներ շարունակ ցնցվում է «դեղին ժիլետների» չդադարող գործողություններից, որոնց հետզհետե միանում են ժողովրդական լայն զանգվածներ: Չնայած ցուցաբերած բոլոր ճիգերին՝ նախագահ Մակրոնին առայժմ չի հաջողվում կայունացնել իրավիճակը:

Խաղաղ չեն արշալույսները նաև Վրաստանում: Շաբաթներ առաջ այստեղ տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում հաղթող դարձավ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Նրա հակառակորդը՝ Գրիգոլ Վաշաձեն, որի անունը շատերը կապում են նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ, չընդունեց ընտրությունների արդյունքները և հայտարարեց, որ մինչև վերջ պայքարելու է հանուն արդարության վերականգնման:

Իհարկե, այս ամենը միայն ենթադրություններ են: Սակայն բացառել, որ երկու դեպքերում էլ նման ողբերգական իրադարձությունները կարող են ծառայել նշված երկրներում իրավիճակի ապակայունացմանը, ինչը, ի դեպ, չի կարելի բացառել նաև ՌԴ պարագայում, կարծում եմ, սխալ կլինի: Առավել ևս, որ բազմաթիվ ծայրահեղական կազմակերպություններ այդ երկրների սահմաններից դուրս նույնպես սիրով պատրաստ են խաղարկել սեփական խաղաքարտերը: Բայց սա արդեն մեկ այլ թեմա է, որին նույնպես կանդրադառնանք առաջիկայում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ