Սահմանադրությունը հագուստ չէ, որ ամեն մեկն իր հագով կարի. այդ փաստաթուղթը պետք է սրբորեն ընդունել. ԱԺ պատգամավոր

am
georg-petrosyan---cxmbagrvac

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը։ 

-Մի քանի ամիս է՝ ակտիվ գործընթացներ են ընթանում սահմանադրական դատարանի և ողջ դատական համակարգի շուրջ։ Հնչում են կարծիքներ, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է. Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը։ 

-Սահմանադրական ճգնաժամ Հայաստանում գոյություն չունի։ Սահմանադրական դատարանը պետք է գործի բնականոն հունով, այլ է խնդիրը, որ առանձին մարդկանց ցանկությունն է ներկայացնել, թե կա սահմանադրական ճգնաժամ, որպեսզի իրենց անձնական հավակնությունները կարողանան բավարարել: Ես նկատի ունեմ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանին, ով իր կյանքը, հավանաբար, առանց սահմանադրական դատարանի նախագահի աթոռի չի պատկերացնում: Մի քանի անգամ ասել եմ՝ երևի վերջում, որպես գթասրտություն՝ իրեն զիջեն այդ պաշտոնը, որ այդ մարդը երկար ապրի:

Հայաստանում որևէ սահմանադրական ճգնաժամ գոյություն չունի: Սահմանադրության 213 հոդվածը հստակ տվել է իրավակարգավորումը, և երբ սկսում են շահարկել դա, սյուբեկտիվ կամ դոկտրինալ մեկնաբանություններ անել, ակնհայտ է դառնում, որ այստեղ կա ոչ թե իրավունքի մասին վեճ, այլ պարզապես քաղաքական շահերի համընկնման, քաղաքական դիրքերի ամրապնդման խնդիր: Ես չեմ ասում, որ մեր Սահմանադրությունը կատարյալ է, անխոցելի կամ բյուրեղյա, սակայն, համենայն դեպս այդ հարցում, Սահմանադրությունը հնարավորինս ամբողջականորեն կարգավորում է առկա իրավիճակը: Այստեղ նոր հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա:

-Հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժը եռ նախորդ տարի հայտարարում էր, որ սահմանադրության փոփոխությունների կարիք կա, սակայն այդպես էլ չնախաձեռնվեցին փոփոխություններ։ Այժմ այդ անհրաժեշտությունը վերացե՞լ է:

-Սահմանադրական փոփոխությունների կարիք միշտ էլ կա, որովհետև, թեև Սահմանադրությունը համարվում է հիմնական օրենք, սակայն հիմնական օրենքներն անգամ պետք է արձագանքեն կյանքի տարբեր մարտահրավերներին, մեծ ու փոքր խնդիրներին. Այսինքն, Սահմանադրությունը միշտ ունի փոփոխություների կարիք։ Սակայն ներկա պահին գործող Սահմանադրությունը կարողանում  է բավական լիարժեքորեն արտացոլել ներկա իրավիճակը, և այնպես չէ, որ Հայաստանի Սահմանադրությունը բացթողումներ ունի, և դրա համար պետք է փոփոխություններ անել:

Մեկ այլ հանգամանք ևս նշեմ: Գործող Սահմանադրությունն ընդունել է 2015 թվականի, դրա առանձին դրույթներ ուժի մեջ են մտել անմիջապես ընդունումից հետո, մյուս մասը՝ մեկ տարի առաջ: Ինչո՞ւ չէին այս հարցերը բարձրացնում մեկ կամ երկու տարի առաջ, այսինքն, անպայման պետք է քաղաքական կոնկրետ շահ լիներ, որ իերնք բարձրաձայնեի՞ն այդ խնդիրները: Այս ամենից ակնհատ է դառնում, որ այստեղ կա քաղաքական կոնկրետ շահագրգռվածություն, և ինքը՝ Վահե Գրիգորյանը, իրեն համարելով հանճարեղ մարդ, հայտարարում է, որ քաղաքական բնույթ ունի սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը: Եթե սահմանադրական դատարանի դատավորն այդ կառույցն ընկալում է որպես քաղաքական ընտրության արդյունքում ձևավորվող մարմին, սա խայտառակության գագաթնակետն է: Այլ բան պետք էլ չի ասել: Միայն այդ գնահատականը, որ ինքը, չեմ կարծում, թե անգիտակցաբար տվեց, բոլոր հարցերի պատասխանը տալիս է։

-Միշտ քննարկվել է այն հարցը, որ յուրաքանչյուր իշխանություն իր հագով է Սահմանադրութուն կարում, ու այդպես էլ մենք չունենք հանրային շահերից բխող հիմանակն փաստաթուղթ: Արդյո՞ք այսօր ևս ունենք այդ խնդիրը։ 

-Ըստ էության, ցանկացած իշխանություն միշտ փորձում է հավերժանալ, և դրա ամենահիմնավոր միջոցը Սահմանադրության մեջ ցանկալի դրույթներ ամրագրելն է: Բայց ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանի Սահմանադրությունն  այսօր գրվել է բացառապես երրորդ նախագահի համար, որովհետև ներկա վարչապետը շատ սիրահոժար օգտվունմ է այդ Սահմանադրության «բարեգթությունից»՝ սուպերվարչապետությունից: Դրա համար դժվար է ասել, որ Սահմանադրությունը հաստատ այս իշխանությունների վրայով չի: Սակայն պետք է միշտ հածվի առնել՝ Սահմանադրությունը շոր չի, որ իրենց վրայով կարեն, համենայն դեպս մի քիչ խիղճ է պետք և մի քիչ էլ հիշողություն, որ մարդ հայելու մեջ նայելիս հիշի՝ ինքն ով է և որտեղից է եկել: Սահմանադրությանը պետք չի վերաբերել որպես շորի, որ երբ քեզ պետք է փոխես, լվանաս, չորացնես ու կախես: Սահմանադրությունը պետք է սրբորեն ընդունել և չխաղալ դրա հետ:

-2015 թվականին՝ Սահմանադրության ընդունման ժամանակ, ասվում էր, որ երկրի նախագահը պետք է լինի սհամանադրության պահապանը: Արդյո՞ք այսօր երկրի նախագահը կատարում է այդ գործառույթը։ 

-Այդ դրույթն ամրագրված է Սահմանադրության մեջ, որ ՀՀ նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Բայց վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության նախագահի կեցվածքը սառը դիտորդական առաքելություն իրականացնող սյուբեկտի է հիշեցնում։ Տեսնելով նրա կեցվածքը մեր կյանքում բավականին աղմուկ հանած իրադարձությունների վերաբերյալ, ես կարող եմ հանգիստ ասել, որ Սահմանադրության այդ նորմն ընկալվում է հակառակ կերպով՝ նախագահը հետևում է Սահմանադրության խախտմանը, ոչ թե պահպանմանը:

-Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: Ո՞րն է ձեր ցանկությունը, մաղթանքը։

Ցանկանում եմ, որ Սահմանադրության առաջին հոդվածը գոնե 70 տոկոսով դառնա իրականություն, որովհետև, եթե դա լինի, մեր կյանքի շատ հարցեր կլուծվեն թե՛ պետական կառավարման ոլորտում, թե՛ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Սահմանդրության անկյունքաքարը առաջին հոդվածն է, և եթե դա 70 տոկոսով իրագործվի, չեմ ասում 100 տոկոսով, դա կլինի անհեռատեսություն, մեր կյանքի շատ հարցեր կլուծվեն: Իմ կոչը իշխանություններին այն է, որ հասկանալով, որ իշխանությունը լավ բան է, հարգեն երկրի օրենքները:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ