Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Գեորգի Գախարիայի հետ քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը. Փաշինյան

am es
georgi-gaxariayi-het-qnnarkecinq-erkkoxm-orakargayin-harceri-grete-oxj-srjanake-pasinyan

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առանձնազրույցից և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:

 

Ստորև ներկայացվում է հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Մեծարգո պարոն վարչապետ,

Զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք,

 

նախ ուզում եմ մեկ անգամ ևս ողջունել եղբայրական Վրաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը։

 

Մեծարգո պարոն վարչապետ, բարով եք եկել Հայաստան:  Օգտվելով այս պատեհ առիթից՝ թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ, պարոն Գախարիա, Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցու­թյամբ:

 

Վստահ եմ՝ Վրաստանում նկատել են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ ընտրվելու առաջին իսկ օրվանից հայ-վրացական բարեկամական հարաբերություններն սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ, ակտիվ և անկեղծ շփումներով, մեզ հուզող հարցերի շուրջ անմիջական և վստահելի երկխոսությամբ:

 

Այս ամենն արտահայտումն է իմ այն համոզմունքի, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնա­հատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար:

 

Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնում իմ առաջին արտագնա այցը կատարեցի հենց Վրաստան: Եվ ես ուրախ եմ, որ մեր շփումների դինամիկան, փոխվստահության մակարդակը, ինչպես նաև Ձեր ներկայիս այցը, պարոն վարչապետ, խոսում են այն մասին, որ Վրաստանը ևս առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ իր հարաբերություններին:

 

Կարևոր և արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցու­թյուն­ները, որոնք ևս մեկ անգամ փաստեցին հարաբերությունների առկա բարձր մակարդակը և դրանց հետագա զարգացումը խթանելու երկուստեք ցուցաբերած պատրաստա­կամությունը։

 

Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը: Պետք է նշեմ, որ մեր երկկողմ օրակարգն այնքան լայն և հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը:

 

Երկուստեք բարձր գնահատեցինք երկարատև ընդմիջումից հետո հայ-վրացական միջկառավարական հանձնա­­ժողովի աշխատանքների վեր­սկսումը: Վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում իրագործել հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները:

 

Շատ կարևոր էր, որ նիստի շրջանակներում անցկացվեց նաև հայ-վրացական գործարար համաժողով, ինչն իր հերթին կարող է լայն հնարավորություններ բացել մեր երկրների առևտրատնտեսական համագործակցության համար։

 

Կարևորեցինք տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի իրականացման նշանակությունը՝ ինչպես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից։

 

Միակարծիք էինք երկկողմ հումանիտար կապերի խորացման հարցում: Այս առումով կարևոր է պահպանել երկկողմ շփումների ակտիվությունը։ Ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը՝ բարձր գնահատելով այս ուղղությամբ ներդրվող ջանքերը։

 

Տիկնայք և պարոնայք,

 

Հայաստանի արտաքին քաղաքա­կանության կարևորագույն խնդիր­ներից է տարածաշրջանային խաղաղու­թյան և անվտանգության մթնոլորտի ձևավորումը։ Այս առումով համոզված ենք, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից։ Այս համատեքստում անդրադարձ կատարեցինք տարածաշրջանային հակամարտություններին։

 

Համակարծիք էինք, որ դրանց համապարփակ և տևական կարգա­վորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համա­պատասխան։ Ես վերստին հայտնեցի մեր այն դիրքորոշումը, որ յուրաքան­չյուր հակամարտություն ուրույն է, և, հետևաբար, լուծումներն էլ պետք է բխեն դրանց էությունից: 

 

Այս առումով կարևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը։

 

Մեծարգո պարոն վարչապետ, հավատացած եմ, որ Ձեր այցն իր նպաստը կբերի հայ-վրացական բազմաոլորտ համագործակցության հետագա խորացմանը, և մենք համատեղ ջանքերով կպահպանենք այն դրական դինամիկան Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների շարունակական զարգացման համար, որը մենք արդեն իսկ ունենք»։

 

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա - «Հարգելի վարչապետ,

ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,

 

   Ուրախ եմ, որ առաջին այցը Հայաստան իմ այս նոր կարգավիճակով իրականացվեց:

 

Իհարկե, մենք այսօր շատ թեմաներ ենք շոշափել:

 

Նախ, անդրադարձել ենք երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին, որոնք դարավոր պատմություն ունեն, և այս բարեկամությունն էլ ավելի կխորացնենք ու կընդլայնենք:

 

Իհարկե, մեր երկու երկրների միջև ամենանշանակալի չափումը տնտեսությունն է. այստեղ մենք լավ առաջընթաց ունենք: Խոսել ենք տրանսպորտի մասին, էներգակիրների հարցում համագործակցության հարցեր ենք քննարկել, մշակութային բնագավառում ևս համագործակցելու շարունակական ուղի ենք նախանշել:

 

Անդրադարձել ենք նաև  տարածաշրջանային հարցերին և համակարծիք ենք, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում ամենակարևոր բանն է, որպեսզի տնտեսությունը զարգանալու հնարավորություն ունենա, իսկ մեր ժողովուրդները կարողանան լավ ապրել:

 

Հայաստանն աջակցում է մեզ տարածքային ամբողջականության հարցում, ինչը շատ կարևոր է մեզ համար և շնորհակալ ենք: Կարծում եմ պիտի այս դրական դինամիկան պահպանենք և հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում:

 

Համոզված եմ, որ այսօրվա մեր հանդիպումը ևս մեկ առաջընթաց քայլ կլինի մեր երկու երկրների համագործակցության խորացման համար»

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ