Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Գերմանիայի Գյոփինգեն քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցին դարձավ Հայ Համայնքի սեփականությունը

am
germaniayi-gyopingen-qaxaqi-sourb-xac-ekexecin-darcav-hay-hamaynqi-sepakanoutyoune

Հայ Եկեղեցու Գերմանիոյ Թեմը ուրախութեամբ տեղեկացնում է, որ Գերմանիայի Գէօփինգէն քաղաքի Բարթենբախ թաղամասի «Սուրբ Խաչ» եկեղեցին, որ շուրջ 35 տարի օգտագործւում էր Բադեն-Վիւրթեմբերգի Հայ Համայնքի կողմից, դարձաւ այլեւս Հայ Համայնքի սեփականութիւնը:

Տեղւոյն գերմանական աւետարանական եկեղեցին 1 եւրօ խորհրդանշական գումարով եկեղեցին սեփականութեան իրաւունքով փոխանցեց Գերմանիոյ Հայոց Առաջնորդարանին: Փոխանցման պայմանագիրը ստորագրուել էր դեռեւս անցեալ տարի դեկտեմբերի 12-ին: Եկեղեցու բանալիների խորհրդանշական յանձնման հանդիսութիւնը տեղի ունեցաւ 2019 թ. Յունիսի 6-ին: Նախ՝ տեղի ունեցաւ միջ-եկեղեցական արարողութիւն, որին հրաւիրուած էին եւ ներկայ գտնուեցին եկեղեցական ու քաղաքական բազմաթիւ պատւոյ հիւրեր, ինչպէս նաեւ երկու համայնքների ներկայացուցիչներ ու ծխականներ: Բացման եւ բարի գալստեան խօսքով ներկաներին դիմեց Բադէն-Վիւրթեմբերգի Հայ Համայնքի վարչութեան ատենապետ պրն. Պերճ Դաքէսեանը: Նա յանուն տեղի հայ համայնքի իր ուրախութիւնն արտայայտեց պատմական օրուայ առիթով եւ նշեց, որ երկրամասի բազում-բազում հայերի սեփական եկեղեցի ունենալու երկար տարիների երազանքն այսօր իրականութիւն է դառնում:

Միջ-եկեղեցական արարողութեան ընթացքում, որն ուղեկցւում էր աւետարանական եւ հայկական հոգեւոր երաժշտութեամբ, տեղի աւետարանական համայնքի ատենապետ Վոլֆգանգ Այխմիւլերը եկեղեցու խորհրդանշական բանալին յանձնեց համայնքի ամենահին անդամներից եւ Սուրբ Խորանի երկարամեայ սպասաւոր բարեշնորհ Արման սարկաւագ Փիլիպոսեանին: Արարողութեան աւարտին ողջոյնի խօսքեր արտասանեցին Գերմանիայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբէ Եպիսկոպոս Իսախանեանը, Վիւրթեմբերգի Աւետարանական Եկեղեցու Եպիսկոպոս Ֆրանկ Օտֆրիդ Եուլին եւ Գէօփինգէնի կառավարող քաղաքապետ Գվիդո Թիլը: Թեմիս Առաջնորդը իր խօսքում շնորհակալութիւն յայտնեց Աւետարանական Եկեղեցու ներկայացուցիչներին եւ Բադէն-Վիւրթեմբերգի երկրամասային կառավարութեանն ու տեղական իշխանութիւններին՝ վստահութեան եւ ինքնութեան պահպանումը ապահովելու հնարաւորութեան համար:

Նա նաեւ կոչ արեց տեղական քրիստոնեայ համայնքներին ներդաշնակ ու փոխշահաւետ համագործակցութեան՝ փոխադարձաբար յարգելով միմեանց հոգեւոր-մշակութային ինքնութիւնն ու առանձնայատկութիւնները: Այնուհետեւ պատուելի Գերհարդ Շթայնբախը (Բարթենբախի Ավետարանական եկեղեցի) եւ Տիրատուր Քհնյ․ Սարդարեանը (Բադէն-Վիւրթեմբերգի Հայ Համայնքի հոգեւոր հովիւ) խօսեցին եկեղեցու անցեալի եւ ապագայի մասին: Բարթենբախի «Հին Եկեղեցին», որ այժմ կոչւում է «Սուրբ Խաչ» եկեղեցի եւ այսուհետ պատկանելու է հայերին, գոյություն ունի աւելի քան 600 տարի: Առաջին անգամ այն յիշատակուել է 1404-ին Սուրբ Օթմարի եւ Մարիայի մատուռ անունով: Եկեղեցին քանդուել է Երեսնամեայ Պատերազմի (1618-1648) ընթացքում: Նոյն տեղում 1651 թուականին կառուցուել է ներկայիս եկեղեցին, որն էլ 1983 թուականին յանձնուել է Հայ Համայնքին եւ օծուել որպէս «Սուրբ Խաչ» Հայ Առաքելական Եկեղեցի։ Եկեղեցին այժմ վերանորոգութեան խիստ կարիք ունի, որպէսզի կարողանայ նաեւ այսուհետեւ ծառայել համայնքին որպէս Աստուծոյ Տուն ու աղօթատեղի: Այս նպատակով Բադէն-Վիւրթեմբերգի Հայ Համայնքը սկսում է դրամահաւաք:

Դրամահաւաքի առաջին նուիրատւութիւնը կատարեց Գերմանիայի Հայոց Առաջնորդարանը: Յունիսի 6-ի արարողութեան ընթացքում արտասանած իր խօսքից յետոյ Թեմիս Առաջնորդ Սերովբէ Սրբազանը ներկաների ծափողջոյնների ներքոյ Բադէն-Վիւրթեմբերգի Հայ Համայնքին փոխանցեց 10 հազար եւրօ նուիրատւութեան հաստատագիրը եւ տեղական իշխանութիւններին ու եկեղեցիներին, ինչպէս նաեւ հայ ու գերմանացի անհատներին հրաւիրեց իրենց նուիրատւութիւններով նպաստել Եկեղեցու վերանորոգութեան նուիրական գործին: Թեմիս Առաջնորդը մաղթեց, որ Աստուծոյ օրհնութեամբ հնարաւորինս շուտ իրականութիւն դառնայ վերանորոգութիւնը, որպէսզի Եկեղեցին կրկին լցուի աղօթքով ու շարականով եւ նոր գեղեցկութեամբ ու հմայքով ծառայի իր նուիրական նպատակին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ